Արմեն Սարգսյանը չուզեց մնալ Հայաստանում

1

Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ընտրված նախագահ Արմեն Սարգսյանին Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանի պաշտոնից ազատելու մասին: Արմեն Սարգսյանը ապրիլի 9-ին կստանձնի իր նոր պաշտոնը: Մինչ այդ նա շարունակում է շրջագայությունը արտերկրում, բավական քիչ լինելով Հայաստանում: Այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը նրան առաջարկեց դառնալ նախագահ, Արմեն Սարգսյանը թերեւս ավելի շատ եղել է Հայաստանից դուրս, քան Հայաստանում՝ հանդիպելով տարբեր խմբերի եւ անհատների: Օրերս էլ Սարգսյանը Ղազախստանում էր:

Նույնիսկ տպավորություն է, որ ապրիլի 9-ին Մարզահամերգային համալիրում իր երդմնակալության արարողությանը նորընտիր նախագահ Սարգսյանը կարող է մասնակցել Սկայպով:Մյուս կողմից, իսկ ի՞նչ անի կամ ի՞նչ է անելու Հայաստանում Արմեն Սարգսյանը: Նա հայտարարել է, իհարկե հստակեցնելով, որ ասածն այլաբանություն է, թե կլինի չորրորդ հանրապետության առաջին նախագահը, ոչ թե երրորդ հանրապետության չորրորդը:Այդ այլաբանությունն Արմեն Սարգսյանի առանցքային քաղաքական մեսիջներից մեկն է, եւ Սարգսյանն ըստ երեւույթին պարզապես իր մեսիջին հավատարիմ փորձում է հնարավորինս քիչ գործ ունենալ, քիչ առնչություն ունենալ երրորդ հանրապետության հետ:

Այստեղ էլ պետք է իրավիճակը դիտարկել այլաբանորեն, քանի որ երրորդ հանրապետություն ասվածը տվյալ պարագայում միջազգային իրավունքի անկախ եւ ինքնիշխան սուբյեկտ հայկական պետականությունը չէ, այլ այն իշխող համակարգը, որը փաստացի իրեն նույնականացրել է երրորդ հանրապետության հետ:Արմեն Սարգսյանը մինչ պաշտոնն ստանձնելը կարծես թե «ինքնակամ աքսորի» տարբերակով փորձում է հնարավորինս հեռու մնալ այդ համակարգից, այլապես լավ պատկերացնելով, որ «չորրորդ հանրապետության» առաջին նախագահ լինելու իր շանսը էապես կնվազի: Նրա այդ շանսն ուղիղ համեմատական է լինելու իշխող համակարգից ունեցած հեռավորությունից:Բանն այն չէ, որ Սարգսյանի քաղաքական ուժը, բացի քաղաքական խոսքից, կազմված է լինելու նրա միջազգային կապերից, տնտեսա-քաղաքական հարաբերություններից, որ ունի տարբեր շրջանակների հետ արտերկրում:Հայաստանում մնալով, Սարգսյանը թերեւս ստիպված էր լինելու անընդհատ կամ լսել ինչ որ դիմումներ, կամ մերժել: Խոսքը այս կամ այն մանր ու մեծ շահի կրող խմբերի դիմումների մասին է, որոնք փորձելու են «դուրս գալ» Արմեն Սարգսյանի «վրա» եւ ձգտելու են նրա միջոցով լուծել իրենց հարցերը:

Նա չունի գործադիր ազդեցիկ իշխանություն, բայց անկասկած համակարգում բոլորն են հասկանում, որ խնդիրը բոլորովին այլ է, եւ Հայաստանի անցումային փուլում դե յուրե ու դե ֆակտո իշխանությունները ունեն տարբեր բաղադրիչներ եւ ոչ միարժեք հարաբերակցություն:Միեւնույն ժամանակ, պարզ է, որ Արմեն Սարգսյանը չի կարող երկար ժամանակ «փախած» մնալ եւ ի վերջո գալու է Հայաստան, եթե անգամ չհասցնի ապրիլի 9-ին: Արմեն Սարգսյանն ի վերջո պետք է ասի իր «ոչ»-ը ներկայիս համակարգին, առավել եւս, որ «այո»-ն արդեն ասել է: Ավելին, այդ «այո»-ն նրա համար ծուղակ կամ փոս չդառնալու համար պետք է հնարավորինս արագ եւ հնարավորինս շատ լցվի «ոչ»-երով:Արմեն Սարգսյանը նախագահ դառնալու այլ ճանապարհ չունի:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache