Արմեն Սարգսյանը կհանդիպի՞ Ալիեւին. ուշագրավ լուծում

7

Հայաստանի չորրորդ նախագահի թեկնածուի մասին հայտարարելու Սերժ Սարգսյանի քայլը զուգադիպեց Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը եւ այդ հանդիպման արդյունքով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եռյակի արած հայտարարությանը:Հանդիպումը հունվարի 18-ին տեղի էր ունեցել Կրակովում: Համանախագահների հայտարարությունը վկայեց, որ ներկայում կարգավորման գործընթաց կոչվածը ծավալվում է ստատուս-քվոյի քաղաքական մենեջմենթի երկարատեւ ու կայուն մեխանիզմ ձեւավորելու ուղղությամբ:

Այդ հանգամանքը պայմանավորված է թե բուն հակամարտության շրջանակում, թե դրանից դուրս աշխարհքաղաքական միջավայրով ու գործոններով, որոնք մի կողմից անհնար են դարձնում Ադրբեջանի համար ռազմական որեւէ տարբերակով խնդիր լուծելը, մյուս կողմից անթույլատրելի են դարձնում իրավիճակի ընդգրկուն լարումն ու տարածաշրջանային ապակայունացման ռիսկը:Կրակովում տեղի ունեցած հանդիպումը, դատելով համանախագահների հայտարարությունից, այդ տեսանկյունից եղել է արդյունավետ, եւ կողմերը պայմանավորվել են ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի մոնիտորինգային գրասենյակի հնարավորությունը, որը քայլ է հրադադարը պահպանելու ուղղությամբ առաջընթաց արձանագրելու համար:

Փետրվարին համանախագահները կայցելեն տարածաշրջան: Թե որն է լինելու օրակարգը, առայժմ չի նշվում: Կքննարկվի Նալբանդյան-Մամեդյարով նոր հանդիպման հա՞րց, թե՞ Սարգսյան-Ալիեւ: Առավել եւս, որ փետրվարից հետո Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնում կմնա երկու ամսից էլ քիչ ժամանակ, եւ եթե նա չդառնա վարչապետ, չառաջադրվի այդ պաշտոնին, ապա արդյոք կլինի Սարգսյան-Ալիեւ ձեւաչափով վերջին, այսպես ասած հրաժեշտի հանդիպում:Թե՞ Ժնեւի հանդիպումը կդառնա վերջինը, եւ Սերժ Սարգսյանն օրինակ այդպես էլ հնարավորություն չի ունենա նրան հարցնելու, թե ի՞նչն էր Ալիեւին այդպես վրդովեցրել Ժնեւից հետո:

Սարգսյանն այդ մասին հայտարարեց ի պատասխան Ադրբեջանի նախագահի շրջապատի մեղադրանքի, թե նա խախտել է Ժնեւի բանակցության պայմանավորվածությունն ու շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմանը բացահայտել է բանակցության բովանդակությունը:Սարգսյանը շվեյցարահայերի հետ հանդիպմանն ասել էր, թե կարգավորման որեւէ տարբերակ չեն քննարկել, խոսել են միայն շփման գծում լարվածությունը նվազեցնելու ջանքի մասին, եւ Ալիեւն էլ շահագրգռված է, որ զոհեր չլինեն:Սարգսյանն ասել էր, թե բանակցության բովանդակությունը չի բացել եւ անհամբեր սպասում է հաջորդ հանդիպմանը, որ Ալիեւին հարցնի, թե այդ ի՞նչն է այդպես վրդովեցրել նրան:Կլինի՞ այդ հաջորդ հանդիպումը, թե ոչ: Եվ ընդհանրապես, կլինի՞ 2018-ի ապրիլի 9-ից հետո Սարգսյան-Ալիեւ հանդիպումային ձեւաչափ, թե՞ ոչ: Այդ հարցը Հայաստանում տրվում է վաղուց, կապված թե կառավարման մոդելի փոփոխության հետ, երբ փաստացի Առաջին դեմք դառնում է վարչապետը, թե Սերժ Սարգսյանի՝ այդ պաշտոնին հնարավոր հավակնության հետ:Այդ տեսանկյունից ուշագրավ է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման ու փաստացի Հայաստանի չորրորդ նախագահի անվան հրապարակման գրեթե զուգահեռը:Այն հնարավոր է դարձնում Սարգսյան-Ալիեւ հանդիպում ապրիլից հետո էլ, եթե անգամ Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ:

Բանն այն է, որ Հայաստանի Սահմանադրության եւ կառավարման նոր մոդելով Առաջին դեմքը դե ֆակտո վարչապետն է, նա ունի ավելի մեծ գործադիր իշխանություն, բայց նաեւ Սահմանադրությունն ամրագրում է, որ պետության գլուխը նախագահն է:Միեւնույն ժամանակ, վարչապետի հարցը դիտարկելիս, Կարեն Կարապետյանի համատեքստում այսպես ասած «թերություն» էր դիտարկվում այն, թե արդյո՞ք նա ունի քաղաքական բավարար փորձառություն ղարաբաղյան գործընթացին մասնակցելու եւ Ալիեւի հետ բանակցելու համար: Այդ հարցն առավել սրում էր այն, որ Կարեն Կարապետյանն ինքը մեկ տարվա ընթացքում այդպես էլ չփորձեց մտնել այդ դաշտ եւ հայտնել կոնցեպտուալ տեսակետներ:Իրավիճակը նոր երանգ է ստանում Արմեն Սարգսյանի դեպքում:

Կարո՞ղ է արդյոք դե ֆակտո Առաջին դեմք վարչապետի փոխարեն արցախյան բանակցությունը վարել դե յուրե պետության գլուխ նախագահը, հատկապես որ նա կլինի դիվանագիտական մեծ փորձառությամբ նախագահ:Արտաքին քաղաքականության մասով Հայաստանի նոր Սահմանադրության մեջ գործնականում չկա կոնկրետություն: Նախագահը չունի արտաքին դիվանագիտություն վարելու կամ առավել եւս ղեկավարելու լիազորություն, բայց նա ունի կառավարության հանձնարարությամբ միջազգային փաստաթղթեր կնքելու լիազորություն, դեսպան նշանակելու լիազորություն՝ վարչապետի առաջարկով, դեսպանների հավատարմագրեր ընդունելու լիազորություն:Փաստացի այլ լիազորություն նա չունի:

Կառավարության մասով էլ արտաքին քաղաքականությունը բաց է, եւ այստեղ նշվում է, որ յուրաքանչյուր նախարար ինքնուրույն է ղեկավարում իր ոլորտը:Ըստ այդմ, Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրումը առաջացնում է հարց՝ արդյոք վարչապետը կհանձնարարի, որ Արցախի խնդրում Ալիեւի հետ բանակցի նախագահը, եթե վարչապետ չլինի Սերժ Սարգսյանը:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache