Արմեն Սարգսյանը պետք է հրաժարական տա՝ հանուն նոր Հայաստանի

106

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի քաղաքացիության խնդիրը դուրս էր եկել քաղաքական օրակարգից, քանի որ ապրիլի 27-ին նախագահի հետ հանդիպումից հետո Նիոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ներկայացվել է քաղաքացիության մասին անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք վկայում են, որ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվել է 2011 թվականին:

Արմեն Սարգսյանի քաղաքացիության խնդրի շուրջ կասկածները սկսեցին  թարմանալ նորից, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված Politik.am հարցմանն ի պատասխան վարչապետի մամուլի քարտուղարը տեղեկացրել էր, որ նախագահ Սարգսյանը ապրիլի 27-ի հանդիպմանը ներկայացրել է մասնավոր կազմակերպությունից տեղեկանք այն մասին, որ ինքը 2011-ին հրաժարվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից.«ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նախապես ձեռքբերված պայմանավորվածության համաձայն Երևանի «Մարիոթ» հյուրանոցում ապրիլին տեղի ունեցած հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել Անգլիական մասնավոր իրավաբանական ընկերեության կողմից տրված մի տեղեկանք, որում հավաստվել է որ Արմեն Սարգսյանը 2011թ.-ի դեկտեմբերին հրաժարվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից և որ նախադեպային իրավունքի ուժով նա այդ պահից համարվում է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրած:

Պարոն Փաշինյանի հարցին , թե ինչու՞ է տեղեկանքը վերցված ոչ թե պետական կառույցից այլ մասնավոր ընկերությունից, պարոն Սարգսյանը պարզաբանել է, որ Մեծ Բրիտանիայում դա ընդունված պրակտիկա է, երբ քաղաքացին իրեն վերաբերող որևէ տեղեկություն ստանալու խնդրով դիմում է ոչ թե ուղղակիորեն պատկան մարմնին , այլ մասնավոր իրավաբանական գրասենյակների ծառայությանը և այդ տեղեկությունը համարվում է նույնքան հավաստի»,-ասվում է Politik.am-ի հարցմանն ի պատասխան ուղարկված նամակում:
Փաստորեն Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցը նորից պետք է քննարկման առարկա դառնա: Առնվազն կասկածելի է, թե Մեծ Բրիտանիայում լայն կապեր ունեցող Արմեն Սարգսյանն ինչպես չի կարողացել տեղեկանք ստանալ պաշտոնական մարմիններից ու ինչու՞ համառորեն չի ցանկանում հրապարակել այդ փաստաթուղթը:
Նախագահ Արմեն Սարգսյանի նման պահվածքը կարող էր ներելի լինել ՀՀԿ-ական Հայաստանում, իսկ համաժողովրդական շարժման հաղթանակից հետո նա չի կարող իրեն այդպիսի շռայլություն թույլ տալ: Նախագահը պարտավոր է ՀՀ քաղաքացիներին ապացուցել, որ ինքը լեգիտիմ նախագահ է ու չունի խնդիրներ ՀՀ Սահմանադրության պահանջների հետ:
Արմեն Սարգսյանի նման պահվածքը պետք է նաև անընդունելի լինի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար, քանի որ նա բազմիցս հայտարարել է, որ հեղափոխությունից հետո մենք ապրում ենք օրենքի գերակայության Հայաստանում, իսկ օրենքի գերակայության երկրում չի կարող Սահմանադրությամբ երկրի գլուխը լեգիտիմ չլինել:  Ոչ լեգիտիմ նախագահ ունենալու պայամաններում պետք է մոռանալ օրինականության հաստատման մասին:
Ու եթե նախագահ Արմեն Սարգսյանը չի կարողանում ՀՀ քաղաքացիներին ապացուցել, որ ինքը լեգիտիմ նախագահ է, ապա նա պետք է հրաժարական տա: Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը այս դեպքում դառնում է նոր Հայաստանի կառուցման առանցքային պահանջներից մեկը:


Загрузка...