Արմեն Սարգսյանի հրաժեշտը երրորդ հանրապետությանը եւ երեք նախագահներին

0

Ընտրված նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակի ղեկավար Հասմիկ Պողոսյանն Ազատությանը հայտնել է, որ Սարգսյանը ցանկություն ունի իր երդմնակալության արարողությանը տեսնել Հայաստանի առաջին եu երկրորդ նախագահներին՝ բնականաբար երրորդի հետ միասին: Ըստ Պողոսյանի, Արմեն Սարգսյանը համարում է, որ Հայաստանում պետք է ի վերջո հաստատվի այդ քաղաքական մշակույթը:«Նախընտրական» շրջանում ունեցած ելույթների, շեշտադրումների շարքում Արմեն Սարգսյանն արել է թերեւս ամենաառանցքայինը՝ Հայաստանի չորրորդ հանրապետություն, ասելով, որ ինքը ոչ թե երրորդ հանրապետության չորրորդ նախագահն է, այլ չորրորդ հանրապետության առաջին նախագահը:Սարգսյանի այդ հայտարարությունը բազմաթիվ եւ բազմազան գնահատականների տեղիք տվեց:

Նա հետո պարզաբանեց, որ իր հայտարարությունն այլաբանություն է, պետք չէ այն ընկալել ուղիղ իմաստով: Բայց հայտարարությունն ըստ էության արժեքավոր ու նշանակալից է հենց որպես այլաբանություն, հենց տողատակով է այն հետաքրքիր, ոչ թե ուղիղ իրավա-քաղաքական իմաստ պարունակելու պարագայում:Որովհետեւ, երրորդ եւ պայմանական չորրորդ հանրապետությունների խնդիրը Հայաստանում իրավակարգային, կառուցակարգային չէ, այլ արժեհամակարգային, մտածողության խնդիր է: Ընդ որում, հենց այդ համատեքստով էր նաեւ, որ հայտարարությունը դժգոհություն էր առաջացրել ՀՀԿ-ում, որովհետեւ իշխանությունն առավել ամբողջական էր ըմբռնել տողատակը: Չորրորդ հանրապետությունը այլ արժեհամակարգով եւ մշակույթով, այլ մտածողության վրա կառուցված համակարգն է, որտեղ ներկայիս ՀՀԿ-ն պարզապես չի կարող լինել իշխանություն:

Միեւնույն ժամանակ, Հրապարակ օրաթերթը ներկայացրել էր Արմեն Սարգսյանի հրապարակային եւ ոչ հրապարակային հանդիպումների մի ամբողջ շարք, այդ թվում ծրագրվող: Դրանցում նշված էր հանդիպումը նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ, ծրագրվող հանդիպումը նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Խոշոր հաշվով, հանդիպումների այդ շարքը ամբողջացնելով հնարավոր է ստանալ Հայաստանի երրորդ հանրապետության «սահմանը», եւ եթե Արմեն Սարգսյանն ինքը պատասխանատու է մոտենում «չորրորդ հանրապետություն» այլաբանությանը, այդ երրորդ հանրապետության հետ հանդիպումների շարքը թերեւս պետք է լինի պարզապես հրաժեշտի հանդիպումների շարք, որովհետեւ հնարավոր չէ այդ մարդկանց հետ կառուցել «չորրորդ հանրապետություն»:

Այդ մարդկանց հետ առավելագույնը կստացվի 3-ի Ա, 3-ի Բ, Գ, ու այդպես շարունակ:Հետեւաբար, խորքային առումով առաջանում է հարց, թե սկզբունքորեն ի՞նչ նշանակություն ունի երդման արարողությանը նախագահների շարքի ամբողջականությունը: Հայաստանում ընդհանրապես հնարավոր է շատ հաճախ հանդիպել արտահայտության, թե տեսնես երբ կլինի, որ այս կամ այն պետական միջոցառմանը մասնակցեն բոլոր երեք նախագահները, կանգնեն միմյանց կողքի եւ այլն:Տեսականում այդօրինակ դիտարկումները հասկանալի են, դրանք պետական, քաղաքական մշակույթի եւ ավանդույթի ինդիկատորներ են: Բայց պետական մշակույթ եւ ավանդույթ հասկացությունները տեսական, վերացական երեւույթներ չեն, ցուցանակ կամ տրաֆարետներ չեն: Եվ դրանք նաեւ արարողակարգով չէ, որ ձեւավորվում են ու ստանում բովանդակություն:

Խոշոր հաշվով, դրանք քրտինքով ու արյունով ձեւավորվող երեւույթներ են, գործնականում բոլոր պետականությունների դեպքում, որոնք անցնում են զարգացման մի շարք էական փուլեր թե քաղաքական, թե տնտեսական, հաճախ ռազմական իմաստով, սեփականության ձեւավորման եւ անձեռնամխելիության ապահովման իմաստով:Հետո արդեն պետական էլիտաների նախկին եւ ներկա մասնիկները կողք-կողքի կանգնում են արդեն պատմության այդ պրակտիկ ուժի թելադրանքով, ոչ թե բարի կամքի, ցանկության կամ անձնական այլ հատկանիշների:

Ըստ այդմ ժամանակն է դուրս գալ նախկին երեք նախագահների հետ կապված այդօրինակ զգայական սպասումների վերացական հարթությունից եւ իրավիճակը պատկերացնել առավել պրակտիկ, խնդիրները ախտորոշելու եւ լուծելու համար, որպեսզի «արյան ու քրտինքի» փուլը անցնի հնարավորինս արագ եւ արդյունավետ, ու նոր միայն պարզ լինի, թե ի վերջո ինչպիսի քաղաքական մշակույթ, պետական ավանդույթ եւ ընդհանրապես արժեհամակարգային ու գաղափարական դաշտեր են ձեւավորվում Հայաստանի հանրապետությունում՝ պայմանական չորրորդ, ֆորմալ առումով երրորդ, իսկ խորքային առումով նոր միայն առաջին:Չկա զգայական սեթեւեթանքի ժամանակ: Հայաստանը կորցրել ու կորցնում է ոչ թե երեք նախագահների մեկտեղ չկանգնելու, այլ նրանցից դուրս տեսադաշտի բացակայության պատճառով:



Загрузка...