Արմեն Սարգսյանի պատմական պահը. լինել, թե չլինել նոր Հայաստանում

44

Նախագահ Արմեն Սարգսյանն ԱՄՆ-ում արժանացել է Արեւելք-Արեւմուտք ինստիտուտի համահիմնադիր, ամերիկացի դիվանագետ Ջոն Էդվին Մրոզի անվան Համաշխարհային պետական գործիչ մրցանակին:

Արմեն Սարգսյանն այդ մրցանակին է արժանանում խորհրդանշական մի պահի, որն առկա է Հայաստանում եւ որում Արմեն Սարգսյանը հայտնվել է որոշակի պատասխանատվության տակ: Խոսքը ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ եռյակի հոկտեմբերի 2-ի հայտնի արարքի մասին է՝ աղմկոտ օրենքի ընդունման տեսքով, որին հաջորդեց Նիկոլ Փաշինյանի եւ հանրության կոշտ պատասխանը:

Դրանից հետո Փաշինյանը հայտարարեց, որ Ֆրանկոֆոնիայի Վեհաժողովից հետո, որը տեղի է ունենալու Հայաստանում, ինքը հրաժարական կտա եւ դրանից հետո երկշաբաթյա ժամկետում խորհրդարանը երկու անգամ վարչապետ չընտրելու դեպքում իրավունքի ուժով կինքնալուծարվի, ինչը կնշանակի խորհրդարանի արտահերթ ընտրություն նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի առաջին կեսին:

Այստեղ կա մի հանգամանք: ԱԺ ընդունած օրենքը առաջացնում է որոշակի ռիսկեր: Իհարկե, այն ճակատագրական խոչընդոտ չէ, բայց ռիսկերը առաջանում են: Արմեն Սարգսյանն ունի դրանք չեզոքացնելու հնարավորություն: Նա ունի օրենքը ստորագրելու 20 օր ժամանակ: Եթե չի ստորագրում, ապա օրենքը վերադառնում է ԱԺ եւ ուժի մեջ մտնում ԱԺ նախագահի ստորագրությամբ: Բայց, Արմեն Սարգսյանը կարող է երկարաձգել 20 օրը, չստորագրելուց բացի նաեւ այն ուղարկելով Սահմանադրական դատարան՝ դրա սահմանադրականությունը պարզելու: Այդ ժամանակը բավարար կլինի, որպեսզի հանրությունը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի միջոցով հասնի ԱԺ լուծարման:

Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստան վերադառնալով քննարկումներ է սկսելու քաղաքական ուժերի հետ: Այդ ընթացքում, Հրապարակ օրաթերթը գրել էր, որ Սարգսյանը չի պատրաստվում ստորագրել օրինագիծը:

Եթե Արմեն Սարգսյանը ստորագրի այդ օրինագիծը, ապա դրանով նա պարզապես ջուրը գցած կլինի ԱՄՆ-ում իր ստացած մրցանակը, որպես համաշխարհային պետական գործիչ: Բանն այն է, որ պետական գործիչը չի կարող ստորագրել հակապետական գործիչների առաջ քաշած եւ ընդունած օրենքը: Այդ դեպքում նախագահ Սարգսյանը նոր Հայաստանի առանցքային նշանակություն ունեցած մասնակցությամբ ճարտարապետի կարգավիճակից կվերածվի հին Հայաստանի պահապաններից մեկի:

Արմեն Սարգսյանը հազիվ թե գնա այդպիսի անխոհեմ քայլի, ինչը կխորացնի քաղաքական ճգնաժամն ու այդպիսով կշարունակի պետական կառավարման ու հանրային համերաշխության ականապատումը: Առավել եւս, որ դրանից կտուժի միայն Սարգսյանն ինքը, որովհետեւ հանրությունը իր ընտրած վարչապետի առաջնորդությամբ թերեւս կգտնի ելքը այդ ճգնաժամից, ստանալով արդեն «անցումային» ճանապահով գնալու լիակատար հիմք եւ իրավասություն:

Արմեն Սարգսյանը ըստ այդմ խորքային իմաստով վճռելու է ավելի շուտ իր, քան հանրության քաղաքական եւ պետական դերը, մասնակցությունն ու ճակատագիրը:

Փոխարենը նա ստացել է նոր Հայաստանում դերակատարման առավել ընդգրկուն ու նախագահի յոթնամյա ժամկետից էլ ավելի, ռազմավարական իմաստով երկարաժամկետ հեռանկարի հիմք դնելու հույժ կարեւոր հնարավորություն:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache