Արմեն Սարգսյանի վերջնական որոշումը

1

Նախագահի պաշտոնը շրջանակ է, որն ունի բովանդակությամբ լցնելու կարիք, Շանթ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է չորրորդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը, չհամաձայնելով տեսակետին, թե խորհրդարանական կառավարման մոդելի պարագայում նախագահի պաշտոնը չունի որեւէ էական լիազորություն:

Արմեն Սարգսյանն ասել է, որ այդ պաշտոնը շատ ավելի ուժեղ է, ավելի լիազորված, քան խորհրդարանական մոդելով եվրոպական մի շարք պետություններում:Արմեն Սարգսյանն անկասկած լավ է պատկերացնում, թե ինչ մոդելի հետ գործ ունի, եւ թե ինչ համակարգում է ներդրվել ու ադապտացվելու այդ մոդելը: Դրանում Արմեն Սարգսյանն ունենալու է առանցքային նշանակություն: Այդ կապակցությամբ հնչող հարցադրումները, թե նա Հայաստանում չունի քաղաքական հենարան կամ թիմ, հռետորական են կամ տեսական, այսպես ասած դասական քաղաքագիտության շարքից:Արմեն Սարգսյանը հայաստանյան իրականության ու ավանդույթների համար անհրաժեշտ հենարանն ունի՝ կապիտալ եւ միջազգային կապեր: Ամբողջ հարցն այն է, թե ինչպես է օգտագործելու այդ հենարանը:

Նաեւ դա է պատճառը, որ նրա նախագահության հարցում խիստ սկզբունքային է Սերժ Սարգսյանի վարչապետ չլինելու հանգամանքը, քանի որ Սերժ Սարգսյանի վարչապետ մնալու պարագայում Արմեն Սարգսյանի էֆեկտիվությունը՝ Հայաստանում խորհրդարանական կառավարման մոդելի ադապտացման իմաստով, կարձանագրի կտրուկ նվազում կամ անկում:Սարգսյանը ՀՅԴ հետ հանդիպմանը բավական դիպուկ է բնորոշել իրավիճակն ու խնդիրը՝ սեղանին ոչ թե չորրորդ նախագահի, այլ չորրորդ հանրապետության հարցն է: Ըստ այդմ, խնդրի լուծումը պահանջում է հաշվի առնել երրորդ հանրապետության լրջագույն բացը: Այստեղ հնարավոր է առաջինը կմատնանշվեն համակարգային եւ մարդկային արատները, «էլիտայի» ցածր որակները, անօրինականությունը, կոռուպցիան, պետական մտածողության ու ավանդույթների բացակայությունը, եւ այլն:Դրանք անկասկած լրջագույն խնդիրներ են հայկական պետականության զարգացման համար, առանց որոնց լուծման չորրորդ հանրապետությունն իր ընթացիկ արդյունքով որեւէ կերպ չի տարբերվելու երրորդից, եւ հետո կարող է խոսք գնալ արդեն հինգերորդի մասին, գուցե նույնիսկ ավելի շուտ, քան կավարտվի չորրորդ նախագահի պաշտոնավարման ժամկետը:Հայաստանի երրորդ հանրապետության սկզբունքային խնդիրը եղել է արդիական, կենսունակ, հանրայնորեն լեգիտիմ գաղափարների ու տեսլականների, կամ այլ կերպ ասած «հայկական երազանքի» բացակայությունը: Դա այն բովանդակությունն է, որի մասով հայկական պետականության շրջանակը գործնականում դատարկ է արդեն քառորդ դար:

Ըստ այդմ, չորրորդ հանրապետությունը կայանալու, զարգանալու հնարավորություն ու հեռանկար կարող է ունենալ հենց այդ բացը լրացնելու, շրջանակն այդ բովանդակությամբ ապահովելու դեպքում:Ընդ որում, հաճախ այդ բովանդակության ներքո փորձ է արվել մատուցել գեղեցիկ, սակայն իրականության հետ քիչ աղերս ունեցող, խորքային մի շարք նրբերանգներ անտեսող մտքեր, որոնք իրավիճակը ի վերջո հանգեցնում են զավեշտի կամ տրագիկոմիկ մի իրականության: Կամ, լավագույն դեպքում, ամեն ինչ ավարտվում է կենացով:Ունի՞ Արմեն Սարգսյանը բովանդակությունը լրացնելու պատկերացում, գաղափարներ, որոնց պետք է ծառայի նրա «հենարան-ռեսուրսը», աստիճանաբար ձեւավորելով արդեն իրական հասարակական-քաղաքական հենարաններ:Նա հայտարարել է, որ ներկայում անցկացվող հանդիպումները՝ վերջնական որոշման համար, ձեւական չեն:

Շատերին դժվար է թերեւս հավատալ, որ Արմեն Սարգսյանը կարող է հասնել այս փուլին եւ հանկարծ հայտարարել, թե համաձայն չէ Սերժ Սարգսյանի առաջարկին:Տվյալ պարագայում սակայն վերջնական որոշումը գուցե առնչվում է այլ բանի՝ հենց այն բովանդակությանը, որի անհրաժեշտության մասին խոսում էր Սարգսյանը: Իսկ դրա համար հանդիպումներն անկասկած ձեւական չեն, քանի որ Արմեն Սարգսյանը հենց դրանց միջոցով պետք է հասկանա բովանդակային վակուումի մասշտաբներն ու խորությունը, պատկերացնելու համար, թե ինչ ծավալ է պահանջվում այն գոնե նախնական տարբերակում ռազմավարական ապահովության չափով լցնելու համար: Իսկ ռազմավարական ապահովությունը նշանակում է ոչ միայն ծավալ, այլ նաեւ այդ բովանդակության հանրային լեգիտիմություն:Սարգսյանը նույն հարցազրույցում պատասխանելով հարցին, թե ունի՞ քաղաքակրթական հակասություն հայաստանյան համակարգի հետ, պատասխանել է՝ «ոչ»:

Առաջին հայացքից փոքր ինչ տարօրինակ վիճակ է, որովետեւ հայաստանյան համակարգի ապակառուցողականության խնդիրը նաեւ հենց քաղաքակրթական հետադիմությունն է:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache