Լրահոս

Արփինե Հովհաննիսյանը կդառնա՞ առաջինը

 

Հաց բերող Արթուր Սարգսյանի ողբերգական մահից հետո հանրային տարաբնույթ արձագանքներում իր տեղն ունեցավ նաեւ արդարադատության երիտասարդ նախարար Արփինե Հովհաննիսյանը, որը ՀՀԿ «ծագող» կամ արդեն «ծագած» քաղաքական աստղերից է, ընդ որում ՀՀԿ չափանիշներով կամ «ներկուսակցական փրայմերիզի» տրամաբանությամբ` բավական մրցունակ:

Միայն համակրելի արտաքինի համար չէ, որ Հովհաննիսյանը երրորդն է կուսակցության համամասնական ցուցակում:Թեեւ, իհարկե դժար է ասել, թե Հովհաննիսյանի մրցունակությունն ու կենսունակությունն ինչպիսի ՕԳԳ կարձանագրեր, եթե չլիներ Հովիկ Աբրահամյանի հանգամանքը, համենայն դեպս ըստ մամուլի հրապարակումների ու նաեւ ըստ այն ընդգծված պաշտպանական վերաբերմունքի, որ Հովհաննիսյանն արժանանում էր Աբրահամյանի մոտ:Այժմ էլ Արփինե Հովհաննիսյանն արժանանում է պաշտպանության՝ հանրային քննադատությունից, թեեւ ամեն ինչ ավելի համարժեք է կիսապաշտպանությանը:

Արթուր Սարգսյանի մահից հետո Արփինե Հովհաննիսյանի հասցեին հնչում են մեղադրանքներ, որ նա պատասխանատու է նրան մահվան հասցված բանտային շրջանի համար: Եթե կան մեղադրանքներ, բնականաբար կա նաեւ պաշտպանություն, կամ, ինչպես նշեցի՝ կիսապաշտպանություն:Ինչու՞ կիսա, ինչպես կասեր վարչապետը: Որովհետեւ պաշտպանների փաստարկն այն է, որ Արփինե Հովհաննիսյանն ի պաշտոնե իրավասություն չուներ ազդել դատախազության կամ քննչական կոմիտեի գործողությունների վրա, մինչդեռ հենց նրանք են կալանավորել Արթուր Սարգսյանին, որի հետեւանքով նա հայտարարեց հացադուլ՝ իր հանդեպ անիրավության համար, ու դրա հետեւանքով էլ հայտնվեց ծանր առողջական վիճակում:

Պաշտպաններն ասում են, որ Արփինե Հովհաննիսյանը չուներ Հաց բերողին ազատ արձակելու լիազորություն:Ճիշտ են ասում, բայց դա կիսատ փաստարկ է, այն պարզ պատճառով, որ կալանքի վերաբերյալ միջնորդությունը հաստատում է դատարանը, այսինքն օղակ, որը Արփինե Հովհաննիսյանի պատասխանատվության դաշտում է:

Իհարկե, այդ դաշտում չէ անմիջապես դատավորը, բայց Հովհաննիսյանն արդարադատության նախարարն է՝ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ, որի նպատակն է ազդել քաղաքականության վրա, ազդել արդարադատության որակի վրա, օրինականության վրա:Իսկ ազդեցությունը՝ քաղաքական գործչի դեպքում, միայն դե յուրե լծակով կամ լիազորությամբ չէ, այլ նաեւ քաղաքական հայտարարություններով, դիրքորոշումներով: Համենայն դեպս` ազդեցության փորձը:Այլապես պաշտոնը չի համարվի քաղաքական, այլ նախարարը կլինի սովորական մի չինովնիկ, որը չի կարող դուրս գալ իր գծած շրջանակից: Մինչդեռ Հովհաննիսյանն ուներ նաեւ ի պաշտոնե լիազորություններ, երբ Արթուր Սարգսյանը քրեակատարողական հիմնարկում էր, որոնք կարող էր գործի դնել նրա խնդրում առնվազն անաչառության եւ թափանցիկության, իրավականության հնարավորինս բարձր աստիճան ապահովելու քաղաքական ներգործության համար:

Քաղաքական գործչի խնդիրը կամ գործառույթը առկա հանրային եւ պետական խնդիրների վրա քաղաքական ներգործության հասնելն է, հանրային եւ պետական շահի գերակայությունն ապահովելու համար:Այստեղ է հարցն, ու այստեղ է, որ Հովհաննիսյանի պաշտպանությունը դառնում է կիսապաշտպանություն:Միեւնույն ժամանակ, առանցքային հարցն ամենեւին էլ Արթուր Սարգսյանի մահվան պատասխանատվությունը, մեղքը, հանցանքը ինչ որ մեկի վրա բարդելը, առավել եւս դրանով ինչ որ քաղաքական շահ քամելը չէ, հատկապես նախընտրական շրջանում. դրա փորձերին հանրությունն առատորեն ականատես է եղել թե Հաց բերողի կենդանության օրերին, թե անգամ նրա մահից հետո շատ կարճ ժամանակահատվածում:

Առանցքային հարցը պաասխանատվության խնդիրն է, որը պետք է լինի իրավական, բայց ոչ միայն՝ պատասխանատվությունը պետք է լինի նաեւ քաղաքական: Ու ոչ միայն Հաց բերողի մահվան դեպքում, այլ ընդհանրապես ցանկացած հանրային հնչեղության եւ հետաքրքրության հարցի պարագայում, եթե անգամ չկա մահվան ելք:

Տվյալ պարագայում պարզ է, որ պատասխանատվության շեշտադրումները պետք է լինեին առավել կոշտ, կտրուկ եւ հատու, որովհետեւ «սեղանին» դրված էր մարդու՝ այն էլ վատառողջ, ֆիզիկապես թույլ մարդու կյանքը, որի հանդեպ իշխանությունը դրսեւորել է մեղմ ասած անպատասխանատու վերաբերմունք:Այդպիսի իրավիճակում պատասխանատվության մասին հարցադրումներն ամենամեղն ու քաղաքակիրթն է, որ անում է հանրությունը: Հատկապես այն միջադեպերի ֆոնին, որոնց մենք ականատես ենք լինում տեղեկատվական դարի հնարավորությունների շնորհիվ, թե հանրությունն ինչ է անում, երբ այդօրինակ դեպք է տեղի ունենում արեւմտյան ժողովրդավարության կայացած համակարգերում:

Ընդ որում, հանրությունը պատասխանատվության մասին իր հարցադրումներով Արփինե Հովհաննիսյանին ընձեռում է իրավիճակից դուրս գալու հնարավորություն, եթե իհարկե նա համարում է, որ կա ինչ որ վիճակից դուրս գալու խնդիր եւ անհրաժեշտություն: Նրան ընձեռվում է երրորդի փոխարեն լինել առաջինը: Ոչ թե ցուցակում, այլ Հայաստանի 25-ամյա պատմության մեջ առաջինը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing