Արփինե Հովհաննիսյանի անհարմար առաջարկը Եվրոպային

87

lragir.am — ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հարցը արտահերթ կքննարկվի ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովում: Հովհաննիսյանը հայտնել է, որ ներկայացրել է Հայաստանում ազատությունների սահմանափակման, քաղաքական հետապնդման նյութեր, փաստարկներ, նաեւ գաղտնասլված ձայնագրությունը, որ տարածվել էր նախօրեին:

Արփինե Հովհաննիսյանն աշխատել է փաստորեն բավական օպերատիվ: Ընդ որում, հատկանշական է, որ նրան ոչ ոք դեռեւս չի մեղադրել «սպիտակեղենը դուրս տանելու» համար: Ոչ ոք այն մարդկանցից, որոնք իշխող նախորդ համակարգի մասնակից էին եւ սովորաբար այդ մեղադրանքը հնչեցնում էին, երբ նախորդ իշխանության ժամանակ ընդդիմությունը Եվրոպայում փորձում էր քննարկման առարկա դարձնել Հայաստանի ներքին քաղաքական, իրավական հարցերը:

Իրականում Արփինե Հովհաննիսյանն անշուշտ իրավացի է, եւ ոչ թե տեղին կլիներ նրան մեղադրելը, այլ տեղին է մեղադրանքը այն մարդկանց հասցեին, որոնք նախկինում ընդդիմությանն էին մեղադրում «սպիտակեղենը դուրս տանելու» համար:

Հայաստանը եվրոպական կառույցների անդամ է, այդ անդամությունն ունի որոշակի պարտավորությունների եւ նշաձողերի համակարգ, որն էլ առաջին հերթին անհրաժեշտ է հենց հայկական պետականությունն արդիական չափանիշի բերելու համար, ոչ թե պարզապես իբրեւ պարտավորություն կատարելու:

Արփինե Հովհաննիսյանը արել է այն, ինչ դասական իմաստով կարող էր անել որեւէ ընդդիմադիր ուժ: Ամբողջ հարցն այն է, որ ներկայում իրավիճակը դասական չէ, այլ հեղափոխական: Ըստ այդմ, Հովհաննիսյանի փութաջանությունը կարող է անհարմար վիճակի մեջ դնել ոչ թե Հայաստանի նոր իշխանությանը, առավել եւս գաղտնասլումից հետո, այլ Եվրոպային:

Հովհաննիսյանը փաստերին զուգահեռ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի հետ քննարկել է նաեւ գաղտնալսման բովանդակությունը: Այսինքն, դե ֆակտո նա այդ բովանդակությունն էլ դարձնում է փաստարկ եւ ներկայացնում ԵԽԽՎ-ին: Խնդիրը այն չէ, որ դա գաղտնիք էր, իսկ Հովհաննիսյանը բացում է այն: Իհարկե, եվրոպացիները կարող էին լսել ու կարդալ համացանցում: Բայց ԱԺ փոխնախագահը նրանց փաստորեն պաշտոնապես առաջարկում է դիտարկել մի բան, որը ինքնին Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ կատարված հանցագործություն է: Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ հետ քննարկումներում փաստարկ է փորձում դարձնել Հայաստանի դեմ կատարված հանցագործությունն ու փաստորեն ԵԽԽՎ-ին բերում մի դաշտ, որտեղ այդ եվրոպական կառույցը առնվազն ինչ որ մասով պետք է հենվի Հայաստանի անվտանգության դեմ կատարված ոտնձգության, անօրինականության վրա:

Հայաստանի որեւէ գործիչ իհարկե ազատ է եվրոպական կառույցներ ներկայացնել ցանկացած փաստարկ ու քննարկել ցանկացած բովանդակություն, որը չի պարունակում պետական գաղտնիք: Բայց քննարկել ԵԽԽՎ հետ Հայաստանի դեմ կատարված հանցագործության բովանդակությու՞նը, երբ կարող է լինել ընդամենը հանցագործության միարժեք դատապարտում եւ վերջ: Մինչդեռ դատապարտման մասին չկա ոչ մի խոսք:

Այդպիսով, ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահը ԵԽԽՎ-ն ներքաշում է բավական նուրբ եւ անհարմար քաղաքական իրավիճակի մեջ:

Մյուս հետաքրքիր հանգամանքն այն է, որ Հայաստանում ժողովրդավարության, իրավականության ոտնահարման հարցը ԵԽԽՎ-ում բարձրացնում է Հայաստանի ԱԺ փոխնախագահը, խորհրդարանական կառավարմամբ հանրապետության թիվ մեկ մանդատ պարունակող կառույցի ղեկավար կազմի ներկայացուցիչ:

Սա իհարկե մի քիչ նման է հայտնի անեկդոտի տրամաբանությանը, երբ հարեւանը դժգոհում է մյուսին, թե նրա կատուն կերել է միսը: Կատվի տերը հարցնում է, թե քանի կիլոգրամ միս էր: 2 կիլոգրամ, պատասխանում է դժգոհող հարեւանը: Տերը կշռում է կատվին, կշեռքը ցույց է տալիս 2 կիլոգրամ: Ահա քո միսը, բա իմ կատուն ուր է, հարցնում է կատվի տերը դժգոհող հարեւանին:

Ինչ ժողովրդավարության, քաղաքական հետապնդումների, իրավական ոտնահարումների մասին կարող է լինել խոսքը, այն էլ ԵԽԽՎ հարթակում քննարկելու, եթե այդ այսպես ասած հայցը նոր իշխանության դեմ ներկայացվում է այդ ամենից դժգոհող նախկին իշխանության ներկայացուցիչը, որը շարունակում է լինել ԱԺ նախագահի տեղակալ, որի կուսակիցը շարունակում է լինել ԱԺ նախագահ, իսկ մյուս կուսակիցն էլ ԱԺ նախագահի մյուս տեղակալ:

Իսկ ու՞ր է հետապնդումը, թերես պետք է տրամաբանական հարց առաջանա ԵԽԽՎ-ում: Կամ, այդ հարցը չունենալու դեպքում ԵԽԽՎ-ն ակամա պետք է հարցեր առաջացնի Հայաստանի նոր իշխանության մոտ, իսկ հանրության շրջանում էլ ամրապնդի նոր իրավիճակում Եվրոպայի քաղաքականության մասին Նիկոլ Փաշինյանի Բրյուսել այցի ավարտին հնչեցրած գնահատականը, ցույց տալով, որ Նիկոլը ճիշտ էր:

Մյուս կողմից, Եվրոպան էլ այդուհանդերձ ունի չսխալվելու հնարավորություն:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache