Արսեն Վենգերի «ուղերձը» Սերժ Սարգսյանին. Չի կարելի

0

lragir.am -Լոնդոնի Արսենալի ավագ մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ կայացրել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը թողնելու որոշում: Վենգերը Արսենալի մարզիչն է 1996 թվականից: 22 տարի նա գլխավորում է ակումբը, որն այդ ընթացքում նվաճել է մի քանի տիտղոսներ՝ թե Անգլիայում, թե Եվրոպայում, լինելով հեղինակավոր ակումբներից մեկը:

 Վերջին տարիներին Արսենալը խորացող ճգնաժամի մեջ էր, եւ ներկայում հնարավոր է ասել, որ երբեմնի հզոր ակումբից մնացել է միայն անունը, իսկ խաղի եւ արդյունքի մասով Արսենալը հասել է գրեթե միջակության:
Տեւական ժամանակ երկպրագուները, փորձագետները խոսում էին, որ ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է, որպեսզի Վենգերը հեռանա թիմից, քանի որ անձամբ հաղթահարելու նրա փորձը չի ունենում արդյունք:
Վենգերը մի քանի անգամ, ընդհուպ բոլորովին վերջերս հայտարարել է, որ չի հեռանա ակումբից, չի վհատվում եւ պատրաստ է հաղթահարել ճգնաժամը, դուրս բերել թիմը փոսից եւ տանել առաջ:
Ի վերջո, Վենգերը փաստորեն կայացնում է հեռանալու որոշում:
Այն խիստ խորհրդանշական է երեւում Հայաստանից: Ոչ այն պատճառով, որ Արսենալում է խաղում Հենրիկ Մխիթարյանը: Պարզապես, Արսենալում ստեղծված վիճակը բավական մոտ է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին:
Վենգերն էլ փաստորեն նախընտրում էր չլսել վատ աշխատանքի մասին քննադատությունները, բերում էր տարբեր պատճառներ, ցուցաբերում էր ինքնավստահություն, համառություն, գործնականում ազդակներ էր հղում, որ իրենից լավ միեւնույն է չի անի ոչ ոք: Գրեթե այնպես, ինչպես հյուսվեց Սերժ Սարգսյանի «անփոխարինելիության» սարդոստայնը: Սերժ Սարգսյանն էլ քննադատություններին հակադարձում է, որ միեւնույն է ոչ ոք իրենից ավելին չէր անի, որ իհարկե վատ է, կան խնդիրներ, բայց միեւնույն է ինքն ապահովել է նաեւ զգալի ձեռքբերումներ:
Խոշոր հաշվով, Վենգերն էլ, Սերժ Սարգսյանն էլ իրավացի էին յուրովի, ամեն մեկն ի տեղում: Բայց ակնհայտ էր մի բան՝ նոր ժամանակում նրանք երկուսն էլ ակնհայտորեն իրենց տեղում չեն արդեն, չեն տեղավորվում նոր ժամանակի մեջ: Վենգերը դա հասկացավ, եւ այդ իմաստով, նրա հայտարարությունը ինչ որ առումով նաեւ ուղերձ է Սերժ Սարգսյանին, որ ի վերջո չի կարելի համառորեն տեղավորվել մի ժամանակի մեջ, որը քոնը չէ: Չի կարելի խցանել ժամանակի ընթացքը, որովհետեւ ժամանակը միեւնույն է վաղ թե ուշ դուրս է նետում խցանները:


Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache