Արտահերթ ընտրությունները սեպտեմբերին

103

1in.am — Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է խորհրդարանական արտահերթ ընտրությունները կազմակերպել սեպտեմբերի վերջին: Ընտրական օրենսգրքի փոփոխությունները խորհրդարան կբերեն առաջիկա օրերին, այն հաշվարկով, որ մինչև խորհրդարանի պաշտոնական արձակուրդի մեկնարկը՝ հուլիսի 15-ը, խորհրդարանը ընդունի այն:

Օրենսգրքի ընդունումից անմիջապես հետո Փաշինյանը հրաժարական կտա՝ նախաձեռնելով խորհրդարանի լուծարման գործընթացը: Իսկ որպեսզի որևէ այլ խորհրդարանական խմբակցություն չհամարձակվի սեփական թեկնածուն առաջադրել, Փաշինյանը կոչով կդիմի ժողովրդին՝ պաշտպանելու հեղափոխության նվաճումները: Նման շտապողականությունը պայմանավորված է գիտակցությամբ, որ հեղափոխական էյֆորիան անցնում է, իսկ խնդիրները մնում են չլուծված:

Արտահերթ ընտրություններ հնարավորինս կարճ ժամանակում կազմակերպելու հարցում Փաշինյանը կարող է հանդիպել ոչ միայն ՀՀԿ- ականների, այլ նաև իր իշխանության ներկա դաշնակիցների՝ ՀՅԴ-ի և «Ծառուկյան» դաշինքի դիմադրությանը: Խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման նման կարճ ժամկետներում անցկացնելուն դեմ է նաև Վենետիկի հանձնաժողովը:

Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններով՝ ընտրությունները կարող են անցկացվել Ընտրական օրենսգրքի փոփոխություններից մեկ տարի հետո, որպեսզի դրանց մասնակից կուսակցությունները կարողանան պատրաստվել նոր պահանջներին, սակայն վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ իրեն չի հետաքրքրում որևէ մեկի կարծիքը, և թավշյա հեղափոխության արդյունքները պետք է արտացոլվեն խորհրդարանում: Գլխավոր հարցը մնում է այն, թե արդյոք կարող են արտահերթ ընտրությունները նման կարճ ժամկետում անցկացնելուն հակառակորդները դիմադրել Փաշինյանին, թե նրան կհաջողվի հեղափոխության նվաճումները պաշտպանելու կարգախոսներով կրկին փողոց հանել տասնյակ հազարավոր մարդկանց:

Այն տեսակետը, թե հանրությանը այնքան էլ չի հետաքրքրում արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների հարցը, այնքան էլ հիմնավոր չէ: Հակահեղափոխության դեմ պայքարի գաղափարը և հեղափոխության ձեռքբերումների պաշտպանության գաղափարը կարող է կրկին համախմբել հասարակությանը և ապահովել աննախադեպ հաջողություն: Ւսկ մյուս քաղաքական ուժերի դիմադրությունը արտահերթ ընտրությունների անցկացմանը ավելի է հերոսականացնելու Փաշինյանի և նոր իշխանության պայքարը ընդդեմ հնի: Փաշինյանը կարող է այնպիսի մեծ աջակցություն ստանալ ընտրություններում և այնքան թույլ ընդդիմություն ունենալ խորհրդարանում, որ հեղափոխական բռնապետության հաստատումը ուղղակի մեղք կլինի:

Հ.Գ. Հոկտեմբերի 5-ին Հայաստանում անցկացվելու է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը և տարածված այն տեսակետը, որ գագաթնաժողովի անցկացումը խոչընդոտ է ընտրությունների անցկացման համար, այնքան էլ տեղին չէ: Ընտրությունները ավարտված կլինեն սեպտեմբերի վերջին, իսկ հոկտեմբերին հանգիստ կկազմակերպվի գագաթնաժողովը:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache