Արտահերթ ընտրություններին՝ ավելի մեծ արդյունք .Ահա թե ինչպես կհաջողվի․․․

144

«Մարզերի և Երևան քաղաքի ընտրողների տրամադրությունները շատ հաճախ իրար հակադիր են և այնպես չի, որ Երևանում ավագանու ընտրությունների ժամանակ գրանցած արդյունքը կկրկնվի նաև արտահերթ ընտրությունների ժամանակ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե Փաշինյանին կհաջողվի՞ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլ գրանցել նույն արդյունքը։

Նրա խոսքերով՝ գյուղաբնակ ընտրողները միշտ չէ, որ նույն քաղաքական ակտիվությունն են դրսևորում, ինչը Երևանի ընտրողը։ «Սրանք երկուսը, միանշանակ, տարբերվող քվեարկություններ են լինելու։ Գյուղերում, մարզերում չեն նայում, թե տվյալ թեկնածուն, որ կուսակցությունից է։ Այնտեղ դեռևս ավանդական, ծանոթ-բարեկամ կապերն են գործում։ Եթե բարեկամը ինչ-որ կուսակցությունից է, ապա քվեարկում են այդ կուսակցությանը։ Լրիվ ուրիշ սկզբունքներ են գործում»,- ասաց Բադալյանը՝ հավելելով, որ ցուցիչ չէ նաև Փաշինյանի մարզային հավաքների ժամանակ արձանագրված բազմամարդությունը, քանի որ շատ հնարավոր է՝ մարդը գա, մասնակցի հանրահավաքին, բայց քվեարկի այլ ուժի օգտին։ «Իհարկե, վարչապետի անձի գործոնը մեծ նշանակություն ունի, բայց այն ավելի մեծ նշանակություն ունի Երևանում և հարակից քաղաքներում, քան մարզերում և գյուղաբնակ վայրերում»,- ասաց քաղաքագետը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ վարչապետը ուզում է մինչև տարեվերջ գնալ արտահերթի, քանի որ ակնկալում է ստանալ նույն արդյունքը։

«Այս կոնտեքստում, ես ուզում եմ ասել, որ շատ հավանական է, որ արտահերթ ընտրությունների ժամանակ էլ կպարտվեն այն ուժերը մարզերում, որոնք պարտվեցին նաև Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, քանի որ այդ պարտությունից քաղաքական ուժերը դասեր չեն քաղում և գնում են նույն ճանապարհով, ինչը նշանակում է հերթական պարտություն։ Մենք տեսնում ենք, որ այսօր քաղաքական ուժը, որը ստացել է կես տոկոս ձայն, արդեն խոսում է խորհրդարանական ընտրություններին ինքնուրույն մասնակցելու մասին։ Այս ամենը խոսում է հոգուտ վարչապետի»,- ասաց Բադալյանը՝ հավելելով, որ այս ամենից զատ մի գործոն էլ կա՝ նոր Ընտրական օրենսգիրքը։

Եթե արտահերթ ընտրություններն անցկացվեն նոր Ընտրական օրենսգրքով, դա ուրիշ արդյունք կապահովի, իսկ եթե ընտրությունները անցկացվեն գործող օրենսգրքով, դա արդեն այլ արդյունք կապահովի։ «Եթե օրենսգիրքը փոխվի, և ընտրությունները լինեն մաքուր համամասնական, ապա այդ ընտրությունները նորից կվերածվեն վարչապետի՝ փաստացի նախագահական ընտրության և դա կապահովի լրիվ ուրիշ արդյունք։ Ամեն դեպքում խոսել նրա մասին, թե կհաջողվի վարչապետին գրանցել նույն արդյունքը, թե ոչ, կախված է մի շարք գործոններից։ Իմ՝ արդեն թվարկվածներից, և նրանց, թե կփոփոխվի Ընտրական օրենսգիրքը, թե ոչ։ Կան հարցեր, որոնց պատասխանները չկան։ Երբ կլինեն այդ հարցերի պատասխանները, հնարավոր կլինի կռահել նաև արտահերթ ընտրությունների արդյունքները»,- ընդգծեց Արմեն Բադալյանը։

Մեկ այլ քաղաքագետ Էդգար Վարդանյանը, սակայն, տրամագծորեն հակառակ կարծիքին է։ Նրա խոսքերով՝ արտահերթ ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի գրանցել ավելի մեծ արդյունք, քան Երևանի ավագանու ընտրություններին։ «Ոչ միայն կհաջողվի նույն բանն անել, այլ ավելին, քանի որ արտահերթի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիրը» հանդես կգա Նիկոլ Փաշինյանի դեմքով, ամենայն հավանականությամբ, հենց նա էլ կգլխավորի ցուցակը, և դա էլ ավելի կոգևորի ընտրողներին և կնպաստի գրանցել ավելի մեծ արդյունք, քան ավագանու ընտրություններին»,- ասաց Վարդանյանը։ Քաղաքագետի խոսքերով՝ վարչապետի բացարձակ հաղթանակի մասին է վկայում նաև այն փաստը, որ արտահերթ ընտրությունները, որոնք բնույթով համապետական են, ավելի են կարևորվում, քան ավագանու ընտրությունները, և ենթադրվում է, որ ավելի մեծ մասնակցություն կլինի, ավելի մեծ ակտիվություն, հետևաբար նաև ավելի բարձր ցուցանիշ։ «Բացի դրանից՝ նախկին ընտրությունների վիճակագրությունը ցույց է տվել, որ Երևանի ընտրությունները շատ մոտ են Հայաստանի մասշտաբով ընտրությունների միջին ցուցանիշին։ Այս առումով, կարծում եմ, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ արդյունքը ոչ միայն նույնը կլինի, ապա շատ ավելին»,- ընդգծեց Վարդանյանը։

Քաղաքագետի խոսքերով՝ թյուր են նաև այն պնդումները, թե արտահերթի ժամանակ ընտրակաշառքը կարող է հատկապես մարզերում էական նշանակություն ունենալ, քանի որ նոր իշխանությունները ընտրակաշառք տալու և վերցնելու պրոցեսը այնպիսի մի կարգավիճակում են դրել, պետության կողմից գործընթացն այնպիսի խիստ կերպով վերահսկվում է, որ դա գրեթե բացառված է։ Եվ բնավ կապ չունի՝ Երևանը կամ մարզերը։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache