Լրահոս

Արտակարգ հավաք Մոսկվայում. Ասադի հարցը վճռվա՞ծ է

 

Ռուսաստանի մայրաքաղաքում ապրիլի 14-ին տեղի կունենա Ռուսաստանի, Սիրիայի եւ Իրանի արտաքին գործերի նախարարների հանդիպում: Հանդիպման առանցքային հետաքրքրությունն այն է, որ դա տեղի է ունենում ապրիլի 12-ին Մոսկվայում Սերգեյ Լավրովի եւ Պուտինի հետ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հանդիպումից հետո: Իսկ Թիլերսոնի այցը տեղի ունեցավ Սիրիայում նոր զարգացումների ֆոնին:ԱՄՆ քիմիական զենքի կիրառման համար մեղադրեց Ասադի վարչակազմին եւ հասցրեց առաջին ուղիղ հարվածը սիրիական կառավարական ուժերին:

Ռուսաստանը դա ընդունեց դժգոհությամբ, բավական կոշտ հռետորաբանությամբ եւ ակնհայտորեն նյարդային: Հենց այդ նյարդային մթնոլորտում Մոսկվան դիմավորեց Ռեքս Թիլերսոնին:Թիլերսոնի Մոսկվա կատարած այցը բավական բազմիմաստ էր եւ արդյունքի առումով հակասական ու մշուշոտ: Մի կողմից ակնհայտ էր դիրքորոշումների տարբերությունը, մյուս կողմից հայտարարվեց հարաբերության կարգավորման աշխատանքային խումբ ստեղծելու մտադրության մասին:

Թիլերսոնի Մոսկվա կատարած այցը բավական հաջող էր ԱՄՆ եւ նրա ՆԱՏՕ դաշնակիցների համար, հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հետ ասուլիսի ընթացքում: Դրանից առաջ, նաեւ Թիլերսոնի այցից առաջ, ՌԴ նախագահ Պուտինը ԱՄՆ-ի ՆԱՏՕ դաշնակիցներին որակել էր «չինական խաղալիքներ», որոնց նման նրանք գլխով են անում ԱՄՆ ցանկացած որոշման, մասնավորապես Սիրիայի հարցում Ասադին ուղղված մեղադրանքի մասով:Եթե Թիլերսոնի այցը հաջող էր ԱՄՆ ու ՆԱՏՕ դաշնակիցների համար, կնշանակի, որ այդ այցը անհաջող էր ՌԴ եւ նրա դաշնակիցների համար:

Գուցե այդ պատճառո՞վ է Մոսկվան հավաքում Սիրիայի եւ Իրանի արտգործնախարարներին, նրանց նոր վիճակի մասին հաղորդելու համար:Ըստ ամենայնի, ԱՄՆ վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին, որ եթե չի լինում Ասադի հեռացման վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություն եւ գործընթաց, ապա ԱՄՆ ձեռնամուխ է լինում հեռացման արդեն կոնկրետ ռազմական գործողությունների:

Թեւավոր հրթիռներով հարվածով Թրամփը գուցե ցույց է տվել այդ հարցում իր հաստատակամությունը:Թիլերսոնի Մոսկվա կատարած այցի ընթացքում ՌԴ արտգործնախարարը արել է ուշագրավ հայտարարություն, ասելով, թե «իրենք դեռեւս չգիտեն մի օրինակ, երբ բռնապետին հեռացնելուց հետո ամեն ինչ ունեցել է սահուն ընթացք»: Փաստացի, Լավրովը Ասադին անուղղակի որակել կամ ճանաչել է բռնապետ, պարզապես Ռուսաստանը խնդիր ունի նրա հեռացման ընթացքի կամ այսպես ասած ճանապարհային քարտեզի մասով:

Մյուս կողմից, Ռուսաստանն իհարկե բարդ վիճակում է, որովհետեւ Սիրիայում «վերցրեց» բավական բարձր նշաձող, որը պահելու ռազմա-քաղաքական եւ տնտեսական ռեսուրս սակայն չունի: Դրան զուգահեռ, ստեղծվել է մի վիճակ, երբ դժվար է ասել՝ Պուտինն է օգտագործում Ասադին, թե Ասադը Պուտինին:Դաշնակից հանձնելու հարցում Ռուսաստանն իհարկե երբեք բարդույթ չի ունեցել, սակայն խնդիրն այն է, որ Պուտինը Սիրիան Ռուսաստանի հանրությանը ներկայացրել է իբրեւ «հաղթական պատերազմ», եւ Պուտինին անգամ Ասադի հեռացման հարցում Արեւմուտքի հետ պայմանավորվելու համար ժամանակ է պահանջվում Ռուսաստանի հանրությանը համոզելու, որ հանձնել Ասադին՝ չի նշանակում «հաղթանակը» հանձնել:Թիլերսոնը Մոսկվա այցից հետո հայտարարել էր, որ Ասադի խնդրի լուծումն ընդամենը ժամանակ է պահանջում, բայց այն արդեն ընթացքի մեջ է:

Միեւնույն ժամանակ, հասկանալի է, որ բուն խնդիրն ամենեւին Ասադը չէ, այլ Սիրիայի հակամարտությունում կայուն ստատուս-քվոյի գալը: Գործնականում դա անհնար է, եթե չլինի որեւէ պարտվող կողմ: Ամենահարմար պարտվող կողմը տվյալ դեպքում Ասադն է, պարզապես Պուտինին ժամանակ են տալիս սեփական հանրությանը համոզելու, որ Ասադի պարտությունը չի նշանակում Ռուսաստանի պարտություն:Չի բացառվում սակայն, որ Պուտինն էլ ակնկալում է այդպիսով ժամանակ շահել եւ դիմանալ այսպես ասած հերթական աննպաստ վիճակին, ընդունել՝ պահել հարվածը: Սիրիայի խնդրում նա առաջին անգամ չէ, որ հայտնվում է այդ վիճակում:Պարզապես այս անգամ առաջին անգամ է, որ ԱՄՆ հարվածել է:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing