Լրահոս

Արտաշատը կվերածվի ռազմաճակատի՞, թե կլինեն հերթական ընտրություններ

 

Երեւանից ոչ պակաս ուշադրության կենտրոնում է հայտնվելու Արտաշատի քաղաքապետի ընտրությունները, որոնք տեղի կունենան առաջիկայում։ Գործող քաղաքապետ Արգամ Աբրահամյանը առաջիկայում հրաժարականի դիմում կներկայացնի, քանի որ խորհրդարանական ընտրություններին Ծառուկյան դաշինքի ռեյտինգային ցուցակով պատգամավոր է դարձել՝ Արարատի մարզում հավաքելով ամենաշատ թվով ձայներ՝ 33 հազարից ավելի։

Հրաժարականից հետո քաղաքում նոր ընտրություններ են նշանակվելու, որի ժամանակ ևս մրցակցությունը շատ թեժ է լինելու, քանի որ պայքարն ընթանալու է Արարատի ազդեցիկ ընտանիքների միջեւ, ավելի կոնկրետ Հովիկ Աբրահամյանն ամեն ինչ անելու է Արտաշատը չկորցնելու, կամ ՀՀԿ-ին չհանձնելու համար։ Տարիներ շարունակ ոչ միայն Արտաշատում, այլեւ ողջ մարզում Աբրահամյանների ու Գրիգորյանների միջեւ ազդեցության քողարկված պայքար է ընթացել, քաղաքական կոնյուկտուրայից ելնելով «գահին» մեկ Աբրահամյաններն են հայտնվել, մեկ Գրիգորյանները։

Խոսքը Ավշարի գինու գործարանի սեփականատեր Արայիկ եւ Արամայիս Գրիգորյանների մասին է։ Վերջինս ներկայում մարզպետն է, իսկ Արայիկ Գրիգորյանը ՀՀԿ-ի վարկանշային ցուցակով ընտրվել է պատգամավոր։

Ըստ էության Աբրահամյանների ու ՀՀԿ-ի համար Արտաշատը ստրատեգիական նշանակություն  ունի։ Մի կողմը չի ուզում մարզը ամբողջովին «հանձնել» Գրիգորյաններին, մյուս կողմը հակառակը։ Արդեն տեղեկություններ կան, որ Աբրահամյանների թեկնածուն լինելու է ներկայումս Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը: Ավելին, ԲՀԿ-ն ընտրությունների ժամանակ սատարել է հենց Գագիկ Պողոսյանին:

Վերջինս «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ դեռ վաղ է խոսել իր առաջադրման մասին: «Մեր քաղաքապետի լիազորությունները դեռ չի ավարտվել: Երբ ավարտվեն, կհայտարարվի նոր ընտրության մասին, այդ ժամանակ կխոսենք: Հիմա ոչ մի բան չեմ կարող ասել»,- ասել է Պողոսյանը, ով Հովիկ Աբրահամյանի բարեկամն է։

ՀՀԿ-ն նույնպես քննարկումների մեջ է և դեռ հստակ թեկնածու չունի: Նախորդ ընտրություններին առաջադրվել է Հովհաննես Ղազարյանը՝ Գազի Հովոն, որը Աբրահամյանների հետ մշտապես լարված հարաբերություններ է ունեցել, մի պահ հարաբերությունները հարթվել էին, երբ Հովիկ Աբրահամյանը վարչապետ էր ու նրան հաջողվեց Գազի Հովոյին դուրս մղել ընտրապայքարից, Ղազարյանը ինքնաբացարկ ներկայացրեց՝ Արգամ Աբրահամյանին միայնակ թողնելով։

Մամուլում գրվեց, որ հենց այնպես Գազի Հովոն մեծահոգություն չի արել ու նրան պաշտոն են խոստացել։ Դրանից հետո նրա որդին նշանակվեց Արտաշատի գազի գրասենյակի ղեկավար, բոլորովին վերջերս մամուլում հրապարակումներ եղան, որ Գրիգորյանների հետ Գազի Հովոն քավորսանիկական կապեր է ձեւավորել։ Մեծ է հավանականությունը, որ նա առաջադրվի ՀՀԿ-ի թեկնածու։ Արարատի մարզից ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, որն ընդգրկված չէր ոչ կուսակցության համամասնական ցուցակում, ոչ ռեյտինգային, շարունակելու է ակտիվ կուսակցական գործունեություն ծավալել հարազատ մարզում:

Խոսելով Արտաշատի քաղաքապետի ընտրությունների մասին նա մեզ հետ զրույցում ասաց․«Բնականաբար մենք մեր թեկնածուն կունենանք, կպայքարենք, սակայն այս պահին դեռ չենք քննարկել, թե ով է լինելու թեկնածուն»։

Պատգամավորի համոզմամբ համայնքապետն այն պաշտոնը չէ, որ «ստրատեգիական» նշանակություն ունենա կուսակցության համար, այդ պատճառով էլ «թեժ մարտեր» չեն լինի, կլինեն սովորական ընտրություններ․«Բնականաբար, մեծ քաղաք է, բայց չեմ կարծում եսիմ ինչ պայքար գնա»։

Ալեքսանյանը, խոսլելով իր չառաջադրվելու մասին, չցանկացավ պատճառներ հայտնել․«Որոշակի հարցեր կային, այդ պատճառով էլ նպատակահարմար չհամարեցի»։

Ռեյտինգային ընտրակարգը նա դրական գնահատեց կարեւորելով ներթիմային մրցակցությունը։

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

hayeli.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara