ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ

0

hraparak.am — ՀՀ բնապահպանության նախարարության համակարգի հարգարժան աշխատակիցներ, նախարարին կից խորհուրդների անդամներ, միջազգային կառույցների, ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բնապահպանական խնդիրներով մտահոգ հարգելի քաղաքացիներ.

Շնորհակալություն եմ հայտնում բնապահպանության ոլորտում ավելի քան մեկ ու կես տարվա արդյունավետ աշխատանքի և համագործակցության համար: Այս ժամանակահատվածում, ինչ ղեկավարել եմ ոլորտը, համատեղ ուժերով զգալի աշխատանքներ ենք կատարել շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված լայնածավալ, համակարգային բարեփոխումների իրականացման ուղղությամբ, ինչը միտված էր բնապահպանության ոլորտում տասնամյակների ընթացքում կուտակված խնդիրների լուծմանը։ Շնորհակալ եմ , որ բազմահայաց մեր պատկերացումների ու մոտեցումների, հաճախ բուռն բախումների արդյունքում կարողացանք ձևավորել միասնական մեր տեսլականը՝ խնդիրների սոցիալական, տնտեսական և բնապահպանական բաղադրիչների համատեղ լավագույն լուծումների կիրառմամբ։ Իմ շնորհակալությունն եմ հայտնում ՀՅԴ կուսակցությանն ու ՀՀ ղեկավարությանը՝ պատասխանատու այս ոլորտի ղեկավարումն ինձ վստահելու համար, ինչպես նաև կառավարության և պետական կառավարման համակարգի բոլոր գործընկերներին՝ համատեղ աշխատանքի համար։ Իմ աշխատանքի ընթացքում միշտ առաջնորդվել եմ երեք կարևորագույն սկզբունքներով՝ պրոֆեսիոնալիզմ, պատասխանատվություն և հայրենասիրություն:

 Վստահ եմ, որ այս սկզբունքների կիրառումը Ձեզ համար նույնպես առաջնային են, և բոլորիս ջանքերը, անկախ նրանից, թե մեզանից յուրաքանչյուրը որ բնագավառում գործունեություն կծավալի, հետայսու նույնպես ուղղված են լինելու հայաստանյան անկրկնելի, հրաշք բնության պահպանությանը, որը մեր երկրի բարօրության և ժողովրդի բարեկեցության ու հարատևության գրավականն է: Իմ նախկին գործունեության ոլորտներն այնպիսին են եղել, որ բնապահպանությանը խորությամբ չեմ առնչվել։ Գալով այս ոլորտ՝ խնդիրներին ծանոթացա ամբողջության մեջ և եկա համոզմանը, որ շրջակա միջավայրի պահպանությունն ընկած է բոլոր ոլորտների հիմքում՝ հանդիսանալով ամենակարևորը։ Այս գիտակցումն արդեն ուղեկից կլինի ինձ իմ հետագա ողջ գործունեության ընթացքում։ Բոլորիս մաղթում եմ հաջողություն և նոր ձեռքբերումներ շրջակա միջավայրի պահպանության ազգանվեր գործում։

Հարգանքներով՝ Արծվիկ Մինասյան



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache