Լրահոս

Արծվիկ Մինասյանի սենսացիոն հայտարարությունը. ի՞նչ է տրամադրել ԱՄՆ-ն

 

 

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նախօրեին խորհրդարանում Խոսրովի արգելոցի հրդեհի կապակցությամբ հայտարարություն է արել, որը թերեւս հնարավոր է համարել սենսացիոն:
«Այո, աննախադեպ էր այս տարվա հրդեհները, եւ բնականաբար չի կարող մարդկային գործոն չլինել: Հիմա իսկապես, մի քանի քրեական գործեր են հարուցված եւ գնում են: Ավելին ասեմ, երբ մենք ամերիկացի մեր գործընկերներից ստացանք տիեզերական պատկերները, ակներեւ երեւում էր այնտեղ, որ նույն Խոսրովում միաժամանակ դիտարկվում էր երեք տարբեր օջախ, որոնք իրարից բավական հեռու էին եւ չէին կարող պարզապես կենսաբանական երեւույթի հետեւանք լինել, այսինքն ամպրոպի կամ որեւէ այլ դրսեւորման», հայտարարել է Արծվիկ Մինասյանը:
Բնապահպանության նախարարի հայտարարությունը գործնականում «ամպրոպ» է խաղաղ երկնքում:
Խոսրովի արգելոցի հրդեհը Հայաստանում աննախադեպ արտակարգ իրավիճակ էր, որը ծավալվեց մի քանի շերտով: Ակնհայտ էր, որ աղետի դեմ պայքարին զուգահեռ, ծավալվում էր որոշակի ներքաղաքական եւ գուցե նույնիսկ արտաքին քաղաքական շերտ: Տեղի էր ունենում բավական նկատելի գրոհ արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանի ուղղությամբ, ընդ որում դրանում խաղարկելով այն, որ նա այսպես ասած արեւմտյան վեկտորի գործիչ է: Ակնառու էր, որ արտակարգ իրավիճակը ծառայել էր առիթ Տոնոյանին այդ համատեքստում թիրախավորելու համար: Ներքի՞ն օգտագործման էր դա, թե՞ ուներ արտաքին «ընձյուղներ», իհարկե բավական բարդ է ասել, սակայն ընդհանուր առմամբ արտակարգ իրավիճակի ծավալմանը եւ դրա դեմ ուղիղ մասնագիտական գործողությունների իրականացմանը զուգահեռ տեղի էին ունենում նաեւ ուշագրավ քաղաքական խմորումներ, որոնք արտահայտվում էին տեղեկատվական տարբեր հոսքերում:
Դրանցում շոշափվում էին նաեւ Դաշնակցությանը, մասնավորապես դաշնակցական բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին թիրախավորող սլաքներ: Առավել եւս այն պայմաններում, երբ վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումից հետո հենց սկզբից ակնհայտ էր նրա եւ Արծվիկ Մինասյանի միջեւ առկա «չհասկացվածությունը»:
Դրան զուգահեռ, իրադրությունն առավել ուշագրավ էր դարձնում այն, որ աննախադեպ արտակարգ իրավիճակի պայմաններում, երբ կառավարության երկու անդամ անձնապես Խոսրովի արգելոցում պայքարում էին հրդեհի տարածման դեմ, կառավարության ղեկավար վարչապետը նախ Մոսկվայում նշում էր ծննդյան տարեդարձը, իսկ հետո արձակուրդի էր մեկնել Արցախ: Կարեն Կարապետյանը հրդեհին անդրադարձավ վերջում, երբ այն մարել էր արդեն, եւ այն էլ տպավորություն էր, որ անդրադարձը ավելի շուտ ՌԴ վարչապետ Մեդվեդեւին շնորհակալություն հայտնելու համար էր, որ տրամադրել է վերեւից ջուր ցանող օդանավը:
Այդ ամենը վկայում էր, որ հրդեհը մարելուց հետո «ծուխը» շարունակվելու է, բայց արդեն այսպես ասած քաղաքական կուլիսներում:
Հայաստան ժամանեցին նաեւ ամերիկացի մասնագետներ, հայտնելով հրդեհի պատճառների քննության եւ հետագայում այդօրինակ աղետների կանխարգելման գործում աջակցության պատրաստակիամության մասին:
Եվ ահա, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը գործնականում ներկայացնում է աջակցության մի բավական կոնկրետ եւ անակնկալ դրվագ՝ ամերիկացիները տրամադրել են հրդեհի առաջացման առնչությամբ տիեզերեկան լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, որ միաժամանակ առկա է միմյանցից շատ հեռու երեք տարբեր օջախ: Այլ կերպ ասած, յուրօրինակ «բերմուդյան եռանկյունի» Խոսրովում: Իհարկե, ոչ միայն դժվար է մտածել, որ դա կենսաբանական երեւույթի հետեւանք է, այլ նույնիսկ մտածել, որ միաժամանակ երեք իրարից հեռու տարբեր օջախների գոյությունը պարզապես մարդկային անփութության հետեւանք է: Ավելին, նույնիսկ մանր խուլիգանության հանգամանքը խիստ կասկածելի է, քանի որ հազիվ թե խուլիգանները ցուցաբերեին այդպիսի «երկրաչափական էնտուզիազմ»:
Այդպիսով, բնապահպանության նախարարը անում է հայտարարություն, որը կարող է հնչել նույնիսկ որպես որոշակի նախազգուշացում այն դեպքի համար, երբ փորձ արվի հետհրդեհային «քաղաքական ծուխը» փչել սխալ ուղղությամբ:
Որովհետեւ, եթե կա երեք միաժամանակյա օջախների տիեզերական լուսանկարը, ապա լիովին հավանական է, որ կան նաեւ լուսանկարներ, որոնք այդ օջախների մոտ պատկերում են որոշակի «օջախի տղերքի»: Հետաքրքիր է, տրամադրե՞լ է ամերիկյան կողմն այդպիսի լուսանկարներ էլ, թե՞ հայտնել անհրաժեշտության դեպքում դրանք էլ տրամադրելու պատրաստակամություն:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing