Լրահոս

Արյունալի վենդետայի թափանիվը գլորվեց

 

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել Շանիրամ եզդիաբնակ գյուղի գերեզմանատանը տեղի ունեցած արյունալի միջադեպի կապակցությամբ: Հոգեհացի ժամանակ անհայտ անձը մտել է գերեզմանատան տարածք եւ կրակոցներ արձակել հրացանից, որի հետեւանքով զոհվել է երեք, վիրավորվել 5 մարդ:
Արյունալի միջադեպերը գնալով դառնում են «կյանքի նորմ», ԶԼՄ-ները գրեթե ամեն օր հաղորդագրություններ են հրապարակում:
Նախորդ հոդվածներից մեկում կարծիք էինք հայտնել, որ սկսել է զենքով «արդարադատություն» հաստատելու ժամանակը, արդարադատության համակարգի հանդեպ վստահության ճգնաժամի, ամենաթողության ու անպատժելիության պայմաններում: Արմավիրի ողբերգությունը, Սեւանի կրկնակի սպանությունը, հիմա էլ Շամիրամի սպանդը՝ մի քանի օրվա ընթացքում:
Ոստիկանության հաղորդագրության մեջ մի գրեթե սակրալ արտահայտություն կա՝ «Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարվել է կենցաղային հողի վրա»: Իավապահները ջանք ու եռանդ չեն խնայում այս միջադեպերը կենցաղային հողի վրա կատարված հանցագործություններ ներկայացնելու համար, եւ դա հասկանալի է: Խնդիրն այն չէ, որ դրանք իսկապես կենցաղային հողի վրա կատարված հանցագործություններ են, այլ այն, որ փորձ է արվում դրանով քողարկել բուն խնդիրը՝ իշխանության մտահոգությունն ու պատասխանատվության հարցը, որի վարած քաղաքականությունը բռնության ու ինքնադատաստանի աղբյուրն է:
Բռնության ու ամենաթողության պայմաններում կուտակված էներգիան հնարավոր չէ «բաց թողնել» հնդկական սերիալների, ռաբիսի ու կենացների միջոցով, այն գտնում է դրսեւորման ձեւեր, ընդ որում՝ ավելի ու ավելի արյունալի: Եվ եթե այն ներկայում դրսեւորվում է «կենցաղային հողի վրա», առաջիկայում ունենալու է այլ «հողեր»: Ի վերջո, կա նաեւ ՊՊԾ գնդի գրավման նախադեպը, որը բերել է այն համոզման, որ զենքով կարելի է հարցեր լուծել:
Հայաստանում արյունալի վենդետայի թափանիվը գլորվել է, եւ այն բարդ է կանգնեցնելը: Հանրային գիտակցությունն ու մոտիվացիան մեկ օրում չէ, որ ձեւավորվում են՝ սնվելով բազմաթիվ հանգամանքներից ու պատկերացումներից: Եվ դրանք մեկ օրում չես փոխի, դա կարող է դառնալ երկարատեւ գործընթաց:
Ի՞նչը կարող է կանգնեցնել այն՝ առանձին խոսակցության նյութ է:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing