Լրահոս

Ասեք մեկ բառ, եւ ես ձեզ կձերբակալեմ

 

Ինչ խոսք, վարչապետ Կարեն Կարապետյանի զգեստապահարանը թույլ կտա մինչեւ ապրիլի 2-ը (եւ դրանից հետո էլ) հետաքրքիր համադրություններով զարմացնել գյուղական ակումբների մոտ հավաքված չսափրված, վատ հագնված, բացակա ատամներով տղամարդկանց ու կանանց: Վարչապետ Կարեն Կարապետյանն է ընտրված իբրեւ ՀՀԿ-ի դեմք: Այդպես ժամանակին (2007թ., 2012թ.) Սերժ Սարգսյանը եւս միայնակ էր իրականացնում ՀՀԿ-ի քարոզչությունը: Եվ, ըստ այդմ էլ, երկրում ամեն բան տեղի էր (եւ է՜) ունենում բացառապես նրա գիտությամբ:

Կարեն Կարապետյանն էլ իր այս դեգերումները գյուղերով պիտի ինչ-որ կերպ փոխհատուցի՞ ընտրություններից հետո: Հե՞շտ է ամեն գյուղում տեսնել շողոմ գյուղապետին, շարք կանգնած դպրոցականներին՝ դրոշներով ու ձանձրացող հայացքներով, ծամել աղի մեջ թաթախած հացը, սրամտել, խոստումներ տալ, այդքան էներգիա ծախսել ժպտալու վրա…

Խոստումներն ապառնիով են: Իսկ ի՞նչ կա այսօր. ակնհայտ է, որ երկրում մթնոլորտը չի փոխվել: Շատ տիպիկ է գործարար Արարատ Թումանյանի օրինակը: Դեռ անցած տարվանից մաքսային ծառայությունը անհարկի բարդություններ էր ստեղծում նրա համար՝ Իրանից վառելիք ներկրելիս: Գործարարը փորձել է իր իրավունքները պաշտպանել. բարձրաձայնել է իր հետ կատարված ապօրինությունները: Ընդ որում, փետրվարին ներկրած խմբաքանակի մի մասը՝ 13 բեռնատար, մաքսայինում 38 օր պահելուց հետո, ետ է ուղարկել Իրան՝ կրելով 56 000 դոլարի վնաս:

Եվ ո՞րն է ՊԵԿ-ի արձագանքը: Մարտի 20-ին ՊԵԿ-ը հաղորդագրություն է տարածում, թե քրեական գործ է հարուցվել՝ սպառողներին խոշոր չափերով խաբելու դեպքի առթիվ ու արգելել է մաքսազերծել գործարար Արարատ Թումանյանին պատկանող «Արագգ» ընկերության ներմուծած վառելիքը:

Ինչ-որ բան կրկնվում է: 2003 թ. «Ռոյալ Արմենիա» ՍՊԸ սեփականատերն ու փոխտնօրենը հրապարակային հայտարարեցին, թե այն ժամանակ դեռեւս Մաքսային պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Գագիկ Խաչատրյանը «Ռոյալ-Արմենիայի» համասեփականատիրոջից խոշոր կաշառք էր պահանջել՝ ներմուծվող ապրանքը «հարմար» գներով ձեւակերպելու համար: Համասեփականատերը մերժել էր: Եվ ընկերության դեմ անմիջապես քրեական գործ էր հարուցվել՝ արդեն մաքսանենգ ճանապարհով ապրանք ներմուծելու մեղադրանքով:

Ի՞նչ կատարվեց. Գագիկ Խաչատրյանին ձերբակալեցի՞ն, ցուցադրեցի՞ն «02» հաղորդաշարով՝ ԱԱԾ միջանցքում գլխիկոր կանգնած՝ ձեռնաշղթաներով: Նրան մեղադրա՞նք առաջադրվեց գործարարներից կաշառք պահանջելու, այսինքն՝ մեր երկրի տնտեսությանը մեծ վնաս հասցնելու համար: Իսկ Հայաստանը շրջափակման ու պատերազմական իրավիճակում գտնվող երկիր է. նման երկրի համար տնտեսությունը ռազմավարական նշանակություն ունի: Հետեւաբար՝ գործարարների համար նման խոչընդոտներ ստեղծող պաշտոնյան մեղադրվում է Հայաստանի Հանրապետության հիմքերը սասանելու մեջ: Հետեւաբար, մեղադրվում է հայրենիքի դավաճանության մեջ: Իսկ օրենքը չափազանց խիստ է հայրենիքի դավաճանների հանդեպ:

Գագիկ Խաչատրյանին մեղադրող գործարարի հանդեպ վարվեցին այնպես, ինչպես ՊԵԿ-ը՝ 2017-ի մարտի 20-ին՝ գործարար Արարատ Թումանյանի նկատմամբ: Քրեական գործ հարուցվեց «Ռոյալ Արմենիա» ՍՊԸ-ի տնօրենի դեմ: Վերջինիս ձերբակալեցին:

Գագիկ Խաչատրյանին սպասվում էր պաշտոնի բարձրացում: Նա դարձավ ՊԵԿ ղեկավար՝ գրեթե անսահմանափակ լիազորություններով: Մամուլը նրա մասին գրում էր՝ իբրեւ ամենակոռումպացված չինովնիկի: Նրա օրոք Դիլիջանում վեր խոյացավ ՊԵԿ ուսումնական կենտրոնը՝ բյուջեից տանելով 16 միլիարդ դրամ:

Ինչպես այն ժամանակ, այսօր էլ, գործարար Արարատ Թումանյանի հետ կատարված ապօրինություններից հետո, գործարարները երկար կմտածեն՝ հրաժարվե՞լ կաշառք տալուց, բողոքե՞լ մաքսային ու հարկային մարմինների ռեկետից, թե՞ դադարել Հայաստանում բիզնեսով զբաղվել: Բայց ՀՀԿ վարչապետն այլ բան էր խոստանում ԱԺ ամբիոնից, կառավարության նիստերին:

Անգամ ամենաբարձր մտավոր հնարավորությունները չեն կարող փոխարինել բարոյական արժանիքներին: Չկա ոչինչ ավելի վատ պետության համար, քան ամեն իրավիճակից չոր դուրս եկող պետական բարձր պաշտոնյան:

Երբ որեւէ նոր կադրի աշխատանքի են ընդունում` որպես մաքուր կենսագրություն ունեցող «տղա», այդ «տղան» իր նշանակման հրամանը տեսնելուն պես դառնում է մեկը` նրանցից: Հայաստանի ղեկավար պաշտոնում աշխատանքի նշանակվելու գլխավոր, սակայն չգրված պայմանն է` որեւէ քայլով չվնասել ընդհանուրի (խմբի, կլանի, օլիգարխիայի) շահերին: Հասկանալի է, որ այս իշխանությունը` ողջ կազմով, կազմված է մարդկանցից, որոնք անձնական պատասխանատվություն չեն ստանձնում` ձեւացնելով, թե նման հնարավորություն կցանկանային ունենալ, սակայն ինքներդ եք հասկանում, Սերժ Սարգսյանի ձեւավորած կանոններն են: Եվ ավելի լավ է այդ տոտալ անարդար համակարգում գոնե «պերեկուռ» անող բանվորներին կարգի հրավիրել, քան դա էլ չանել:

Հավաստիացումները, թե` ամեն ինչ հանուն ժողովրդի է, արժեք չունեն: Բավական է միայն անձնական օրինակը: Պետական բարձրաստիճան պաշտոնյաների շքեղ առանձնատները՝ Հաղթանակի զբոսայգու կտրված անտառի տարածքում, արդեն խոսում են նրանց համար ընդունելի արժեքների մասին: Բարեկիրթ, գիտակից մարդուն ամեն շքեղություն անհարմարություն է պատճառում:

Հավաստիացումները, թե ամեն բան կփոխվի, թե «մենք եկել ենք աշխատելու», նախընտրական այս շրջանում հասկանալի են, սակայն առավել հասկանալի ու հանրամատչելի է պարկեշտ պաշտոնյաների վարքը պետական կայացած համակարգ ունեցող երկրներում: Առավել հասկանալի է անձնական օրինակը: Գուցե պեդանտություն որակվի, սակայն անարժանապատիվ կյանքով, վատ կենցաղով ապրող աղքատ, խեղճ, անատամ մարդկանց հետ հանդիպման գնալիս բարձրաստիճան պաշտոնյան պետք է ավելի պակաս հավակնոտ, զվարճախոս ու նորաձեւ լինի. իր կուսակցության՝ ՀՀԿ-ի իշխանությունը թույլ է տալիս պետական պաշտոնյաներին հարդարված, խնամված լինել, իսկ հազարավոր տղամարդիկ, որոնց կարելի է տեսնել վարչապետի կամ մյուս բոլոր քաղաքական ուժերի հետ նախընտրական հանդիպումներին, չեն կարող թույլ տալ իրենց շենշող ժպիտ, քանի որ ատամներ չունեն: Կոնտրաստը շատ սուր է: Շատ…

Հ.Գ. Վերնագիրը Ժոզեֆ Ֆուշեի հայտնի միտքն է. «Ասեք մեկ բառ, եւ ես Ձեզ կձերբակալեմ՝ որպես հայրենիքի դավաճանի»:

Լիլիթ Ավագյան

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

armtimes.com

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing