Աշակերտներն անվճար կայցելեն մշակութային հաստատություններ

20

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մշակույթի նախարարության հետ համատեղ նոր ուսումնական տարվանից սկսում է նոր կրթամշակութային  ծրագիր: Ներդրվում է մշակութային հաստատություններ այցելության աբոնեմենտային համակարգ.  ՀՀ բոլոր դպրոցների 1-12-րդ դասարանների   յուրաքանչյուր աշակերտ հնարավորություն կունենա ուսումնական տարվա ընթացքում մեկ անգամ անվճար այցելել երեք մշակութային հաստատություն` թանգարան, համերգասրահ, թատրոն:

Այս մասին Ս. Փարաջանովի թանգարանում հրավիրված համատեղ ասուլիսում հայտարարել  են նախարարներ Արայիկ Հարությունյանն ու Լիլիթ Մակունցը:

ԿԳ նախարարի տեղեկացմամբ`նախագծի իրագործման համար պետական միջոցներից 400 մլն դրամ է նախատեսվել. «Ծրագրի մասին մտածել ենք այն ժամանակ, երբ դեռ ընդդիմություն էինք:  Շատ կարևոր է, որ երեխաները հաղորդակից լինեն մշակույթին, ուստի  պետությունը նման հնարավորություն է ստեղծում Հայաստանի շուրջ  350 հազար աշակերտի համար: Յուրաքանչյուր աշակերտ ուսումնական տարվա ընթացքում  մեկ անգամ  կկարողանա անվճար այցելել  երեք մշակութային հաստատություն: Նախնական պայմանավորվածություն ունենք նաև dasaran.am կայքի հետ, որտեղ մշակութային հաստատությունների միջոցառումների ամբողջ ցանկը ներկայացված կլինի և կայքի միջոցով աշակերտները կկարողանան տվյալ ներկայացման կամ համերգի համար ամրագրել իրենց տեղը:

Օրինակ, դպրոցում որևէ գրական  ստեղծագործություն անցնելու ժամանակ  գուցե թատրոնների խաղացանկում կգտնվի  համապատասխան ներկայացումը և աշակերտները  զուգահեռ կկարողանան դիտել նաև այդ գործի բեմականացումը»,- նշել է Արայիկ Հարությունյանը:  Նախարարի խոսքով`  ծրագիրն իրականացվելու է պիլոտային սկզբունքով. որպեսզի հասկանալի լինի, թե մեկ տարվա ընթացքում ինչ խնդիրներ  են առաջանում` հետագայում դրանք շտկելու և ծրագիրն ընդլայնելու ակնկալիքով:  Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ հոկտեմբերից սկսած` բոլոր դպրոցականները կարող են այցելել մշակութային հաստատություններ: Նա ներկայացրել է նաև  աբոնեմենտի նմուշը և հավելել, որ ծրագիրը քննարկվել և համաձայնեցվել է նաև տարածքային կառույցների հետ`  մարզպետարանները կաջակցեն իրականացնել   երեխաների տեղափոխումը  մշակութային հաստատություններ:

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ասուլիսի ընթացքում ներկայացրել է  «Քո արվեստը դպրոցում» խորագրով դրամաշնորհային  նոր ծրագիրը, որը ներառում է երեք ոլորտ` դասական երաժշտություն, կերպարվեստ և գրականություն: Դրամաշնորհային ծրագրով հայտարարվում է մրցույթ, որի շրջանակում նշված ոլորտների ներկայացուցիչները պետք է նախագիծ ներկայացնեն` մի քանի բաղադրիչներով: Մշակույթի նախարարի  տեղեկացմամբ` կընտրվեն 50 արվեստագետներ, որոնցից յուրաքանչյուրի ծրագրին կտրվի 1 մլն դրամ: Վիճակահանության տարբերակով  ՀՀ տարբեր մարզերից կընտրվեն դպրոցներ, որտեղ  դրամաշնորհ ստացած արվեստագետները կներկայացնեն իրենց ծրագրերը:

Բանախոսները նշել են, որ աբոնոմենտային  նման համակարգ գործել է   նաև նախկինում` խորհրդային տարիներին: Նպատակը` կրթության և մշակույթի ոլորտների զուգակցումն է,  հոգևոր արժեքներով  քաղաքացու, գրագետ հանդիստասի ձևավորումն ու դաստիրակությունը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache