Լրահոս

Աշոտյանն ակնարկում է՝ տնօրեններին ձայնագրած ՀԿ-ն կարող է պատժվել

 

ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ նախընտրական քարոզչության պատասխանատու Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դպրոցների տնօրենների եւ մանկապարտեզների վարիչների մասնակցությամբ սկանդալային ձայնագրություններին՝ ասաց, որ բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներն էլ նման բան անում են.

«Այդ կառույցը, որ գրանցված է որպես անկախ դիտորդական կազմակերպություն, 1400 դպրոցների տնօրեններից, որոնց շարքերում կան տասնյակ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ (ԲՀԿ-ից կան, ՀՅԴ-ից, ՀՎԿ-ից), իրենց հետազոտության համար թիրախավորել էին բացառապես ՀՀԿ-ականներին: Սա ակնհայտ հակաքարոզչություն է եւ միտումնավոր հակաքարոզչություն է քաղաքական մեկ ուժի դեմ: Եթե խնդիրը դրվեր կոնկրետ բոլոր քաղաքական ուժերին ներկայացնող տնօրեններին խոսեցնելու մեջ, ապա կարող էի հասկանալ, որ դա ավելի օբյեկտիվ է: Այս պահին օբյեկտիվության մասին խոսք գնալ չի կարող: Դուր է գալիս մեզ, դուր չի գալիս, ՀՀ քաղաքացիներն ունեն իրենց իրավունքները:

Եթե տնօրեններն իրենց աշխատանքը իրականացնել են ոչ իրենց պաշտոնական լիազորությունների իրականացման շրջանակներում, ոչ աշխատանքային ժամին, այստեղ խախտման մասին խոսք գնալ չի կարող: Ընտրողների ցուցակներ հավաքում են բոլոր քաղաքական կուսակցությունները: Եթե չեն հավաքում՝ ավելի վատ»,- ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ ձայնագրությունների ուսումնասիրությամբ զբաղվում են տարբեր պետական մարմիններ, ուստի պետք է սպասել իրավական ատյանների գնահատականներին:

Այնուհետեւ, խոսելով ՀՀԿ-ին ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկելու մասին ԿԸՀ ներկայացված դիմումների մասին՝ Աշոտյանն ակնարկեց, որ եթե պարզվի՝ տնօրենները օրենք չեն խախտել, ապա պետք է պատժվի ՀՀԿ-ի համար աշխատող տնօրեններին ձայնագրած «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը:

«Եթե իրավական լուրջ գնահատականի արժանացնենք տեղի ունեցածը, ապա շատ ավելի լուրջ հիմքեր կան «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին դիտորդական հավատարմագրից զրկելու, քան ՀՀԿ-ին քարոզարշավից զրկելու»,- նկատեց նա:

Ավելին, ըստ ՀՀԿ փոխնախագահի՝ պետք է իրականացվի ձայնագրության գործընթացում ընդգրկված տնօրենների բարոյական վնասի փոխհատուցում:

«Եթե մեղավոր չեն, ապա եկեք հասկանանք, ո՞վ է վերականգնելու այդ մարդկանց բարի համբավը, ո՞վ է այդ մարդկանց մաքրելու զրպարտությունից, ով է այդ մարդկանց իրավունքները պաշտպանելու, ո՞վ: Տասնյակ դեպքեր կան, որ օրենքի խախտում չկա, մարդկանց վարկաբեկել են, պատկերները քաղաքով մեկ բռնած շրջել են, ամոթանք են տվել, զրպարտել են, եւ ես ուզում եմ հասկանալ, արդյո՞ք մեր երկրում քաղաքացին պետք է պաշտպանված լինի իր քաղաքական իրավունքները իրականացնելիս, թե՞ ոչ, թե պաշտպանված պետք է լինի բացառապես ընդդիմադիր քաղաքացին, իշխանամետ քաղաքացին չպե՞տք է պաշտպանվի ագրեսիայից: …Պետք է փոխհատուցվի բարոյական վնասը, պետք է վերականգնվի բարի համբավը: Սա ակնհայտ է»,- եզրափակեց նա:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

armtimes.com

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara