Աշխարհի վերջից րոպեներ առաջ. ինչպես ճիշտ կողմնորոշվելը թույլ տվեց խուսափել միջուկային պատերազմից

2

77 տարեկանում մահացել է խորհրդային բանակի փոխգնդապետ Ստանիսլավ Պետրովը, ով 1983 թվականին կանխել է հնարավոր միջուկային պատերազմը ԽՍՀՄ և ԱՄՆ միջև:
Սառը պատերազմի տարիներին Պետրովը ծառայում էր հրթիռային հարձակման նախազգուշացման կենտրոնում, երբ համակարգը սխալմամբ հաղորդեց ԱՄՆ-ից արձակված հրթիռի մասին: Պետրովը կարողացել էր ճիշտ կողմնորոշվել և ահազանգը կեղծ էր գնահատել և չէր հայտնել հրամանատարությանը: Միջադեպի մասին լայն հանրությանը հայտնի դարձավ մի քանի տարի անց, որից հետո Պետրովին սկսեցին անվանել մարդ, ով կանխել է միջուկային պատերազմը:
2013 թվականին BBC-ին տված հարցազրույցում Պետրովը պատմել է, որ եթե տվյալները ստանալուց հետո ուղարկեր հրամանատարությանը, ոչ ոք դեմ չէր արտահայտվի: «Ընդամենը պետք էր վերցնել հեռախոսը, ուղիղ գծով զանգել մեր հրամանատարությանը, սակայն չէի կարողանում շարժվել: Ինձ թվում էր՝ նստած եմ տաք թավայում: 23 րոպե անց գիտակցեցի, որ ոչ մի բան տեղի չի ունեցել: Եթե իրական հարված լիներ, կիմանայի այդ մասին: Այնպիսի թեթևություն զգացի», — պատմել է Պետրովը:
Հետաքննությունը պարզել է, որ խորհրդային արբանյակները սխալ են ընկալել ամպերից արտացոլված լույսը և տեղեկատվություն են փոխանցել ԱՄՆ-ից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների արձակման մասին:
Միջուկային դիմակայության տարիների վերաբերյալ հետաքրքիր դրվագ կա լրագրող Դևիդ Իգնատիուսի գրքում, որում հարցազրույցներ են ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդականներ Զբիգնև Բժեզինսկիի և Բրենտ Սկոուկրոֆտի հետ:
Սպիտակ տան նախկին պաշտոնյաները պատմում են, թե ինչպես էին աշխատում «միջուկային ոչնչացման մեծ վախի պայմաններում»: Սկոուկրոֆտը նշում է՝ կողմերից յուրաքանչյուրի սխալը կարող էր աղետ դառնալ ողջ մարդկության համար: Անգամ քնած ժամանակ այդ միտքը հանգիստ չէր թողնում:
Բժեզինսկին պատմում է, որ իր պարտականությունների մեջ էր մտնում նախագահական բոլոր ծառայությունների աշխտանքի համակարգումն ատոմային հարվածի դեպքում: Գործողությունների ծրագիրը, նրա խոսքով, հետևյալն էր. «Խորհրդային հրթիռների արձակումից հետո առաջին նախազգուշացումը պետք է ստանայինք մեկ րոպեի ըթնացքում: Երկրորդ րոպեին հստակ պատկերացում ունեինք հարվածի մասշտաբի և հնարավոր թիրախների մասին: Երրորդ րոպեին հստակ գիտեինք պայթյունի ժամանակն ու այլ տվյալներ: Երրորդ րոպեին տեղեկությունը պետք է փոխանցեի նախագահին: Երրորդ և յոթերորդ րոպեների ընթացքում նա պետք է որոշում կայացներ պատասխան հարվածի մասին… Յոթերորդ րոպեին պետք է ձևակերպեինք մարտական հրամանը և կատարեինք: Մի անգամ գիշերն արթնացրին ինձ և տեղեկացրին, որ ռազմավարական ուժերը մարտական պատրաստվածության են բերվել: Պարզվեց, որ տագնապն ուսումնական է, սակայն չգիտես ինչու իրական հարձակման տեղ էին ընդունել: Բարեբախտաբար, հասցրեցինք ժամանակին պարզել», — պատմում է Բժեզինսկին:
Ահա այսպիսի իրականությունում էինք ապրում, հիշում է ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդականը:
Զբիգնև Բժեզինսկին մահացել է 2017 թվականի մայիսի 26-ին:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache