Լրահոս

Ասում եք պատերա՞զմ, ահա պատերազմը

 

Օգոստոսի 2-ի առավոտյան Շկոդա մակնիշի մեքենան վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկա, որը տեղում մահացել է: Շամշյանը հայտնում է, որ աղջիկն անցել է երթեւեկության համար չթույլատրված հատվածով: Բայց դա կապ չունի, դա ինքնաբերաբար չի արդարացնում մահացու վրաերթը, եթե խոսքը արագընթաց ճանապարհի մասին չէ, որտեղ մեքենան ընթանում է այնպիսի արագությամբ, որ անգամ սահմանվածի դեպքում էլ մարդուն հարվածելիս մահացու ելքը գործնականում անխուսափելի է:
Նախօրեին Հայաստանը ցնցել էր Արագածոտնում սգո արարողությանը կատարված սահմռկեցուցիչ դեպքը, որին զոհ է դարձել չորս մարդ:
Դրանից առաջ, Լոռիում կինը պառկել է երկաթգծի վրա եւ հայտնվել գնացքի տակ:
Դա ընդամենը մահացու դեպքերի մասին լրահոսի ընդամենը համառոտ հիշեցում է:
Լրահոսում տեղ էր գտել նաեւ տեղեկություն, որ երկրորդ հարկի պատշգամիբից ընկած երկամյա փոքրիկի առողջական վիճակում կա դրական փոփոխություն, բարեբախտաբար:
Բայց, ինչպե՞ս է երկամյա փոքրիկն ընկել պատշգամբից: Օրերս առաջ տեղեկություն էր հրապարակվել 4 տարեկան երեխայի վայր ընկնելու մասին:
Հայաստանի լրահոսում այդօրինակ՝ ինքնասպանությունների, ինքնադատաստանների, ողբերգական ելքով վթարների ու վրաերթերի, անզգուշության հետեւանքով ողբերգական պատահարների մասին տեղեկությունները ոչ միայն անվերջ են, այլ ունեն սարսափելի ինտենսիվություն: Հետո դրանք կլանում են հանրության ուշադրությունն ամենասարսափելի մանրամասներով: Համացանցում այդ ամենի դիտարժանության ցուցիչները վկայում են, որ Հայաստանի հանրությունն աստիճանաբար վարակվում է սադոմազոխիզմի հակումներով:
Հանրային որեւէ խնդրի վերաբերյալ որեւէ հոդված, հաղորդում, ռեպորտաժ, որը հագեցած է մասնագիտական, բազմակողմանի դիտարկումներով ու վերլուծությամբ, խորքային գնահատականներով, չի արժանանում անգամ այն ուշադրության փոքր մասին, որին արժանանում են ողբերգական լրահոսի դետալները:
Մամուլը դրա շնորհիվ քամում է ընթերցելիություն եւ հաճախելիություն որքան հնարավոր է: Այդ տեսանկյունից միանգամայն հիմնավոր է դարձել տեսակետը, որ գուցե պետք է մտածել այդօրինակ տեղեկությունների տարածման որեւէ սահմանափակման մասին: Դա ոչ մի կապ չի կարող ունենալ խոսքի ազատության սահմանափակման հետ, որովհետեւ այդօրինակ լրահոսը հանրային կյանքը լցնում է ոչ թե բազմակարծությամբ, այլ պարզապես հոգեգարությամբ, հանրությանը հասցնում մտահոգեբանական վնասվածքներ, որոնք առաջին հայացքից գուցե ընդամենը սովորական ընթերցասիրություն են «հանդիսատեսը սիրում է դետեկտիվ ֆիլմեր» դասական ֆրազի համատեքստով, բայց իրականում հանրային օրգանիզմը դանդաղ քայքայող եւ հանրությանը դիմադրունակ ինքնագիտակցությունից զրկող բացիլներ են:
Մյուս կողմից, ինքնին այդ պատահարները, ողբերգական դեպքերը, հանցավորությունը կամ անզգուշությունները, որ հանգեցնում են մահվան ելքի կամ առողջությանը հասցվող ծանր վնասների, կրում են այնպիսի ինտենսիվություն եւ հաճախականություն, որ վկայում են՝ դրանք ինքնին հանրային հոգեբանության եւ գիտակցության հետ տեղի ունեցող դանդաղ աղետի հետեւանք են:
Հայաստանում թիվ մեկ խնդիր է հռչակվում ժողովրդագրական խնդիրը, մինչդեռ ուշադրությունից դուրս է մնում այն, թե ինչ է կատարվում Հայաստանում մնացողների հոգեվիճակի եւ մտավոր վիճակի հետ: Ժողովրդագրական խնդիրը հռչակելով թիվ մեկ խնդիր՝ ինչն անկասկած այդպես է, այդուհանդերձ կամա, թե ակամա հետին պլան է մղվում մյուսը՝ Հայաստանում մնացողների խնդիրը: Հայաստանում մնալը ինքնաբերաբար դառնում է գերնպատակ, իսկ թե ինչ գնով են մարդիկ մնում Հայաստանում եւ ինչ է կատարվում նրանց հետ, չի հետաքրքրում որեւէ մեկին, գոնե նրանց, ովքեր ունեն այդ վիճակի համար պատասխանատվություն՝ տարբեր աստիճանի պատասխանատվություն:
Որովհետեւ այստեղ պատասխանատվությունն անշուշտ միայն իշխանությանը չէ: Առաջնայինն ու անվերապահը իշխանությանն է, բայց պատասխանատու են նաեւ քաղաքական, քաղաքացիական խմբերը, մեդիադաշտը: Ընդ որում, այդ թվում մեդիադաշտի նաեւ այն սեգմենտը, որն իբրեւ թե լավատեսական եւ «կազդուրիչ» խմբագրական քաղաքականությամբ փորձում է հանրությանը հանել «դեպրեսիայից»: Որովհետեւ իրականության թեկուզ բարի մտքով նենգափոխումը չի կարող լինել բուժիչ, այն ընդամենը ծածկում է ներսում տեղի ունեցող քայքայումը:
Հայաստանում հատկապես ապրիլի պատերազմից հետո բավական «նորաձեւ» կամ թրենդային է դարձել ամեն պատեհ ու անպատեհ առիթով հիշել, որ Հայաստանը պատերազմի մեջ է: Դա իսկապես այդպես է, բայց թերեւս ավելի ճիշտ է ասել պատերազմների՝ արտաքին, եւ դրան զուգահեռ նաեւ ներքին, որը խլում է մեծ թվով կյանքեր: Ավելին, արտաքին պատերազմում Հայաստանի դիմադրունակության եւ պաշտպանունակության հարցը էապես պայմանավորված է նրանով, թե ի վերջո երբ վերջ կդրվի այդ ներքին պատերազմին, ե՞րբ հանրությունը դուրս կբերվի այն «մահաբեր նիրվանայից», որի մեջ հայտնված գնում է մահվան՝ մեքենա վարելիս, պատշգամբից նայելիս, փողոց անցնելիս, տանիք նորոգելի՞ս, թե՞ որեւէ մեկի հետ որեւէ տնտեսական կամ կենցաղային վեճ հարթելիս:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing