Ասում են՝ բան ա փոխվել, ձեր նմաններին պիտի փոխեին, ա՛յ սրիկաներ. քրեական հեղինակություն Չարբախցի Գեղամը՝ դատախազին

217

armtimes.com — Դատախազությունը 1.5-ից 14 տարի ազատազրկում է պահանջում «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով ամբաստանյալների համար:

Մասնավորպես սույն գործով այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանը հանդես եկավ մեղադրական ճառով՝ միջնորդելով ամբաստանյալներից քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկ Բանդուրյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման, Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանին՝ 14 տարվա, իսկ Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանին՝ 1.5 տարվա ազատազրկման:

Մինչ մեղադրական ճառին անդրադառանալը նշենք, որ դատախազի ճառից առաջ գործով ամբաստանյալ Չարբախցի Գեղամի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդություն ներկայացրեց՝ նշելով, որ այն ենթակա է անհապաղ քննարկման: Միջնորդությունը վերաբերում էր իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելուն:

Միհրան Պողոսյանը նշեց, որ այս գործով դատական քննությունը մոտ մեկուկես տարի է՝ ընթանում է, եւ իր պաշտպանյալի խափանման միջոցի հարցին դատարանը մեկ անգամ է անդրադարձել՝ որպես Պետրոս Իսրայելյանին կալանքի տակ պահելու հիմք նշելով ընդամենը մեկ բան՝ որ նա կարող է թաքնվել քննությունից այն դեպքում, երբ մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործության համար ու այդ հանցագործությունը օրենքով պատժվում է երկարատեւ ազատազրկումով:

Նա ասաց, որ առկա չէ որեւէ փաստական հանգամանք, որը կփաստի, որ իր պաշտպանյալը, ազատություն դուրս գալով, կարող է փախուստի դիմել կամ թաքնվել քննությունից: Պաշտպանը նշեց, որ Պետրոս Իսրայելյանն ինքնակամ է ներկայացել վարույթն իրականացնող մարմնին: Հիշեցնենք, սակայն, Պետրոս Իսրայելյանը վարույթն իրականացնող մարմնին ինքնակամ ներկայացել է եւ ձերբակալվել այն ժամանակ, երբ ձերբակալվել էր նրա կինը: Նա «Լիա» գեղեցկության սրահի սեփականատերն է, որի նկուղային տարածքում էլ տեղի է ունեցել արյունալի «ռազբորկան»: Այնուհետեւ Պողոսյանն ասաց, որ Պետրոս Իսրայելյանը 2018 թվականի օգոստոսին տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ նրան պատրաստվում էին վիրահատել՝ քթի միջնապատի դեֆորմացիայի հետ կապված: Սակայն մինչ վիրահատական հետազոտությունների ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է լուրջ հիվանդություն, ինչի պատճառով վիրահատությունը տեղի չի ունեցել, Պետրոս Իսրայելյանին երկարատեւ բուժում է նշանակվել: Դրանից հետո նա նորից տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ ո՛չ պայմաններ կան, ո՛չ համապատասխան նեղ մասնագետներ, որպեսզի Իսրայելյանը շարունակի բուժումը: «Պետրոս Իսրյալյանը պետք է հնարավորինս շուտ սկսեր համապատասխան բուժումը: Ըստ պաշտպանի՝ նման պայմաններում Պետրոս Իսրայելյանին կալանքի տակ պահելը կարող է նշանակել նրան խոշտանգման ենթարկել: Միհրան Պողոսյանը նկատեց, որ վերջին շրջանում, երբ հանրապետությունում իրավիճակ է փոխվել, կալանքից ազատ են արձակվել նաեւ առանձնապես ծանր հանցագործությունների համար որոշ մեղադրվողներ, այնպես որ՝ այս գործով իր ներկայացրած միջնորդությունը եւս կարող է բավարարվել: Նա միջնորդեց փոխել իր պաշտպանյալի փախանման միջոց կալանավորումը, նրա նկատմամբ ընտրել անազատության հետ չկապված խափանման միջոց կամ կիրառել այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ՝ դատարանի սահմանած գրավի չափով:

Մեղադրող Գեւորգ Գեւորգյանն առարկեց պաշտպանի միջնորդության դեմ եւ խնդրեց այն ամբողջությամբ մերժել: Դատախազն ասաց, որ Պետրոս Իսրայելյանին կալանքի տակ պահելու որոշումներում ոչ թե մեկ, այլ երկու հիմք է ամրագրված՝ ոչ միայն քննությունից թաքնվելու, այլեւ՝ այլ անձանց վրա ազդելու, քննությանը խոչընդոտելու հավանականությունը: Եթե գրավը կարող է երաշխիք լինել քննությունից չթաքնվելու համար, ապա այն չի կարող երաշխիք լինել՝ ուրիշների վրա ազդեցություն չգործելու առումով: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, ապա վերադառնալով՝ մերժեց պաշտպանի միջնորդությունը:

Այնուհետեւ մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանը հանդես եկավ մեղադրական ճառով: Այս ճառին, հիշեցնենք, դատախազը պատրաստ էր դեռեւս օգոստոս ամսին, սակայն նիստերը պարբերաբար տարբեր պատճառներով հետաձգվում էին: Մեղադրողն իր ճառում նշեց, որ Պետրոս Իսրայելյանի, Գեւորգ Ավետիսյանի եւ քննությամբ չպարզված անձանց կողմից կիրառված բռնությունից խուսափելու նպատակով տուժող Մուշեղ Մուշեղյանը փորձել է դիմել փախուստի, սակայն վերջինիս փախուստը հանցավոր խմբի անդամների կողմից կանխվել է եւ շարունակվել է տուժողի նկատմամբ ոտնձգությունը, ինչի պատճառով տուժող Մուշեղ Մուշեղյանն անհրաժեշտ պաշտպանության վիճակում ատրճանակից կրակոցներ է արձակել, որի հետեւանքով դեպքի վայրում գտնվող անձանց առողջությանը պատճառվել է վնաս, իսկ Գեւորգ Ավետիսյանին՝ մահ: Ինչ վերաբերում է տուժող Մուշեղ Մուշեղյանի կողմից Գեւորգ Ավետիսյանի կյանքի եւ դեպքին մասնակից մյուս անձանց առողջության նկատմամբ ոտնձգություն կատարելուն, ապա ըստ դատախազի՝ ակնհայտ է, որ տուժողը տվյալ դեպքում գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում: Բացի այդ, մեղադրողի խոսքով՝ քրեական գործով մեղադրյալների եւ ականատես վկաների ցուցմունքների արժանահավատությունը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքների ուսումնասիրությամբ պարզվել է, որ ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանն ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանին հորդորել է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար իրավապահ մարմիններին հայտնել իրականությանը չհամապատասխանող տվյալներ, մասնավորապես՝ Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու եւ վերջինիս կողմից ատրճանակից կրակոցներ արձակելու հերթականության եւ այլ հանգամանքների վերաբերյալ: Դատախազը նշեց, որ Ալիկ Բանդուրյանը Պետրոս Իսրայելյանին հայտնել է, որ «չգրված օրենքներով» մահացած անձի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալն արգելված չէ:

Այունհետեւ մեղադրող դատախազն իր ճառում անդրադարձավ ամբաստանյալների անձը բնութագրող, նրանց պատիժը, պատասխանատվությունը մեղմացնող եւ ծանրացնող հանգամանքներին: Ըստ այդմ՝ դատախազը նշեց, որ ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանի եւ Ալիկ Բանդուրյանի պատիժը եւ պատասխանատվությունը ծանրացնող ու մեղմացնող հանգամանքներ չկան:

Ամբաստանյալ Արմեն Գասպարյանի պատիժը եւ պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք է դատախազը դիտել նրա խնամքի տակ մինչեւ տասնչորս տարեկան մեկ երեխայի առկայությունը: Որպես ծանրացնող հանգամանք մեղադրողը նշեց այն, որ նախապատրաստվող ծանր հանցագործության մասին վերջինիս կողմից իրավապահ մարմիններին չհայտնելու հետեւանքով առաջացել են ծանր հետեւանքներ, այն է՝ տուժող Մուշեղ Մուշեղյանի եւ Գեւորգ Ավետիսյանի մահը:

Ճառի ավարտին Պետրոս Իսրայելյանը դիմելով դատախազին ասաց, թե Ալիկ Բանդուրյանի խնամքի տակ գտնվող անչափահաս երեխաների՞ն ինչու չնշեց դատախազը, մեկի երեխան երեխա է, մյուսի երեխան երեխա չէ՞: Ապա Իսրայելյանը սկսեց վիրավորական արտահայտություններ հնչեցնել մեղադրող դատախազի հասցեին. «Ասում են՝ բան ա փոխվել, ձեր նմաններին պիտի փոխեին, ա՛յ սրիկաներ»: Մեղադրող դատախազն էլ Իսրայեյանին կոռեկտության կոչ արեց՝ հորդորելով «ավել-պակաս» չխոսել: Ուղեկցող ոստիկանները Իսրայելյանին դուրս բերեցին նիստերի դահլիճից:

Հաջորդ նիստին՝ հոկտեմբերի 30-ին, պաշտպաները հանդես կգան իրենց ճառով:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache