Ատելության ռեսուրսը սպառվում է

76

aravot.am — Եթե դուք այս օրերին ոտքով քայլում եք Երեւանի փողոցներով, ապա նկատած կլինեք, որ մարդիկ կրպակներում, այգիներում, սրճարաններում իրենց հեռախոսներով լսում են վարչապետի հանրահավաքային ելույթները: Նրանք սպասում են Նիկոլ Փաշինյանի խոսքը ոչ թե այն մասին, թե ինչպես են լուծվելու Երեւանի խնդիրները, կամ նրա բացատրությունները, թե ինչու են մթերքները թանկացել: Քաղաքացիները ցանկանում են լսել վարչապետի սուր ձեւակերպումները Քոչարյանի, Սարգսյանի եւ ՀՀԿ-ի հասցեին, քանի որ այդ ձեւակերպումները ռեզոնանսի մեջ են մտնում իրենց սեփական զգացմունքների եւ իղձերի հետ: Իհարկե, ՀՀԿ-ականներն ու Քոչարյանը դրա համար տեղեկատվական առիթներ են ստեղծում իրենց հաճախակի ելույթներով եւ հարցազրույցներով: Ցանկացած լրատվամիջոցի ցանկացած նյութ, որը ներկայացնում է նրանց տեսակետը, ուղեկցվում է մի քանի տասնյակ մեկնաբանություններով, որոնցից 90 տոկոսը հայհոյանքներ են: Ինչ արած, «նախկինները» դեռեւս չեն գիտակցել, թե ինչպես են ընկալվում իրենց խոսքերը (անկախ նրանից՝ դրանք ճիշտ են, թե սխալ), եւ շարունակում են խոսել:

Ոչ այնքան փորձառու քաղաքացիները կարծում են, որ դա հավերժ կամ, համենայնդեպս, երկար է տեւելու: Բայց նրանք, ովքեր այդ ամենը մի քանի անգամ տեսել են, գիտեն, որ այս իրավիճակը խիստ ժամանակավոր է: «Նախորդ հանցավոր ռեժիմը» քարկոծելու իշխանության ռեսուրսը գնալով սպառվում է: Արդեն հիմա ես հանդիպում եմ սովորական, ոչ քաղաքականացված մարդկանց, որոնք տարակուսում են՝ ինչքան կարելի է սեռական հայհոյանքներ գրել, ասենք, Էդուարդ Շարմազանովի հասցեին: Այդ մարդիկ որեւէ համակրանք չունեն նախորդ իշխող կուսակցության հանդեպ, պարզապես նրանց «վրեժխնդրության ծարավն» արդեն հագեցել է:

Իսկ վերջնականապես դա կավարտվի այն ժամանակ, երբ տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ, ՀՀԿ-ն եւ Քոչարյանի հետ կապվող ուժը չեն անցնի խորհրդարան, եւ նրանք կհայտնվեն մարգինալ քաղաքական ուժի կարգավիճակում: Ճիշտ այն վիճակում, որում հիմա Կոմկուսն ու ՀՀՇ-ն են: Դրա համար եմ ես կարծում, որ խորհրդարանի լուծարումը եւ նոր ընտրությունները պետք է կայանան որքան հնարավոր է շուտ: Դա, ի դեպ, բխում է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական շահերից:

Իսկ ատելությունը… Դրանով, բացի քեզնից, ոչ մեկին վնաս չես տալիս: Նացիստական համակենտրոնացման ճամբարի երկու կալանավոր հանդիպում են պատերազմից 20 տարի անց, եւ մեկը մյուսին հարցնում է. «Դու մինչեւ հիմա ատո՞ւմ ես քեզ չարչարողներին»: «Իհարկե»,- պատասխանում է մյուսը: «Դե, ուրեմն, դու մինչեւ հիմա բանտում ես»,- եզրակացնում է նրա ընկերը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache