Լրահոս

Ատոմ Էգոյան. այն, ինչ տեղի ունեցավ հուլիս ամսին Երեւանում, ահազանգ էր

 

98753

armtimes.com– «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության մասնակից, կանադահայ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանը կարծում է, որ Հայաստանում քաղաքացիների իրավունքները ոտնահարվում են: Ըստ նրա՝ դրա վառ ապացույցն են «Սասնա ծռերի» օրերին տեղի ունեցած դեպքերը: Այսօր՝ նոյեմբերի 5-ին, տեսազանգի միջոցով տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում նա նշեց, որ Հայաստանի քաղաքացիները պետք է սովորեն պաշտպանել իրենց իրավունքները:

«Պետք է սովորենք՝ ինչ է դեմոկրատիան, անենք հնարավորը հասկանալու համար, որ Հայաստանում մարդիկ պետք է կրթվեն քվեարկելու, իրենց ձայնին տեր կանգնելու համար: Մենք դրսից պետք է օգտագործենք բոլոր ռեսուրսները դա հնարավոր դարձնելու համար, գյուղերում ապրող մարդիկ պետք է սովորեն իրենց պարտականությունները: Այն, ինչ տեղի ունեցավ այս ամառ, ահազանգ էր, այն, ինչ տեղի ունեցավ Արսինեի հետ (խմբ. նկատի ունի իր կնոջը բերման ենթարկելը), շատերի հետ է եղել: Առաջին անգամ մենք դրսից հասկացանք, որ չենք կարող թույլ տալ, որ սա շարունակվի»,- ասաց նա:

Ատոմ Էգոյանը նշեց, որ «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության միջոցով իրենք պետք է ցույց տան Հայաստանի հայերին, որ սփյուռքը նրանց կողքին է:

«Արդարություն Հայաստանում» նախաձեռնությանն իրենց մասնակցություն ունեն նաեւ System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանի կինը՝ կանադահայ դերասանուհի եւ պրոդյուսեր Արսինե Խանջյանը, ամերիկահայ կինոռեժիսոր եւ սցենարիստ Էրիկ Նազարյանը, սփյուռքահայ երգիծաբան եւ արվեստագետ Վահե Բերբերյանը: 2017 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ նրանք Հայաստան են գալու ընտրություններին հետեւելու համար: Հայաստանից նախաձեռնությանը միացողների թվում է դերասան Հրանտ Թոխատյանը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing