Լրահոս

Ավելի վատ, քան կարելի էր պատկերացնել

 

Թեհրանում տեղի է ունեցել նախագահ Հասան Ռոհանիի նախագահական երդմնակալության արարողությունը, որին տարբեր երկրների թվում մասնակցել է նաեւ Հայաստանի պատվիրակությունը: Մասնակցել է նաեւ ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը, ով հանդիպել է Իրանի առաջին փոխնախագահի հետ եւ հույս հայտնել, որ մոտ ապագայում կստորագրվի ԵՏՄ-ի ու Իրանի միջեւ ազատ առեւտրի պայմանագիրը:
ԵՏՄ-ն նմանվում է աներես ճանճի, որը նստում է տարբեր երկրների ու կազմակերպությունների վրա՝ համոզելով համագործակցել իր հետ: Այդ ճանճին անընդհատ քշում են, տարբեր ձեւերով, բայց այն չի նահանջում: Իրանի օրինակը հատկապես ցցուն է՝ իր ստեղծման օրից ԵՏՄ-ն ձանձրացնում է այդ երկրին ազատ առեւտրի մասին առաջարկներով:
ԵՏՄ-ն խցկվում է նաեւ այնտեղ, որտեղ Հայաստանը կարող է ինչ որ «սեպարատ» համաձայնությունների գալ: Այդպես էր անցյալ տարի ԱՄՆ-ում Հայաստանի համար անցկացվող դոնորների համաժողովում, երբ Տիգրան Սարգսյանը հայտնվեց այնտեղ ու հայտարարեց, որ միայն ԵՏՄ-ի միջոցով պետք է ներդրողներն առնչվեն Հայաստանի հետ:
Ըստ ամենայնի, հիմա ԵՏՄ հույսը մեծացել է, քանի որ Ռուսաստանի հետ միասին Իրանն էլ է հայտնվել մի քանի օր առաջ ընդունված ԱՄՆ պատժամիջոցների օրենքի տակ, եւ հույս կա, որ Թեհրանն արդեն ստիպված կլինի ստորագրել այդ համաձայնագիրը:
Իրավիճակը սակայն ավելի վատ է, քան բուն պատժամիջոցները, որոնք Կրեմլը անվանել է «անպատկառ»: Բանն այն է, որ պատժամիջոցներն ուղղված չեն միայն Ռուսաստանի դեմ, այլ բոլոր այն երկրների ու ընկերությունների, որոնք կհամագործակցեն Ռուսաստանի հետ տնտեսական եւ այլ բնույթի նախագծերում:
Դա երկրներին ու կազմակերպություններին ստիպում է հեռու մնալ Ռուսաստանից, ինչպես ժանտախտից, եթե իհարկե չեն ցանկանում հայտնվել ԱՄՆ-ի թիրախում:
Չի բացառվում, որ ԵՏՄ-ն ինքը հայտնվի պատժամիջոցի տակ, եթե համարվի, որ դրա անդամները բռնակցվել են սպառնալիքների ու շանտաժի տակ, այդպիսով համարվելով ագրեսիայի զոհեր:
Փաստացի, պատժամիջոցների արդյունքում կարող է ձեւավորվել «իզգոյների» ճամբար, որտեղ Ռուսաստանին հատկացված է երաշխավորված տեղ, իսկ մյուսներն ընտրելու հնարավորություն ունեն: Ավելորդ է ասել, թե ինչ տնտեսական ու քաղաքական իրավիճակ է սպասվում այս «ճամբարին» եւ ինչ հետեւանքներ են լինելու:
Ռուսաստանի ու նրա «գործընկերների» համար սա ավելի վատ օրենք է, քան եթե պարզապես լինեին ուղիղ պատժամիջոցներ: Հարվածը հնարավոր չէ կանխատեսել, թե որ կողմից է լինելու, եւ հնարավոր չէ պլանավորել հակաքայլեր:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing