Լրահոս

Ավետիս Զարգարյան. Ապրելու համար արդեն 2,5 ամիս պայքարող զինծառայողը

 

144802

news.am — Քառօրյա պատերազմում ծանր վիրավորված 19-ամյա Ավետիս Զարգարյանը 2014թ. նոյեմբերին Հայաստան էր վերադարձել ծառայության մեկնելու համար: Բանակ պետք է զորակոչվեր 2015թ. հունվարի վերջին, սակայն 2 ամիս շուտ էր եկել, որ հանկարծ չուշանա:

«Ավետս շատ էր ուզում ծառայել: Շատերն ամեն ինչ անում են բանակից խուսափելու համար, իսկ մենք երկու ամիս շուտ եկել էինք, որ ժամանակին մեկներ ծառայության: Ավետս իր կամքով է Հայաստան վերադարձել»,- ասում է Ավետիսի մայրը՝ տիկին Սոնյան:

Զարգարյաններն Արցախի Շահումյանի շրջանի Գետաշեն գյուղից են: Արցախյան պատերազմի ընթացքում ստիպված են լինում հեռանալ Գետաշենից եւ բնակություն հաստատել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Այստեղից էլ է ընտանիքը պարտադրված հեռանում. ապրուստի միջոց վաստակելու համար մեկնում են Ռուսաստանի Դաշնություն:

«Երեք տարի առաջ էինք գնացել, էնտեղ էլ վարձով էինք ապրում: Ավետս որ վիրավորվեց, հետ եկանք: Արդեն 2 ամսից ավելի Երեւանում ենք»,- հավելում է տիկին Սոնյան:

Ավետիսը վիրավորվել է ապրիլի 4-ին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով. Թալիշում մարտերի ընթացքում գնդակը մտել էր նրա ծնոտը, թիկունքով ներքեւ էր իջել, վնասել էր մի քանի ող եւ ողնուղեղը: Երբ Ավետիսին Երեւան էին տեղափոխում, բժիշկները հույս չէին տալիս, սակայն 19-ամյա տղան կարողացավ բոլորին ապացուցել իր ուժը: Այսօր զինծառայողը դանդաղ ապաքինվում է: Ծնողներն անընդհատ բժիշկները հորդորում են սպասել:

«Ապրիլի 3-ին առաջնագծից զանգել էր ու ուրախ ձայնով հետս խոսում էր, ասում էր՝ մամ ջան, ամեն ինչ լավ ա: Հաջորդ օրն իմացանք, որ վիրավորվել է… 1 տարի 3 ամիս ծառայել է Արցախում, սակայն ոչ մի օր չի բողոքել ծառայությունից: Շատ գոհ էր, միշտ բարձր տրամադրությամբ էր մեզ հետ խոսում»,- նշում է տիկին Սոնյան:

Տիկին Սոնյան հպարտությամբ է ասում. ամուսինն Արցախյան առաջին հերոսամարտի մասնակից է, որդին՝ քառօրյա պատերազմի. «Միայն թե որդիս էլ առողջանա, ուրիշ բան չենք ուզում»:

Զարգարյանները կարդացել են, որ պետական կառույցները մտադրություն ունեն իրենց որդուն արտերկիր տեղափոխել՝ բուժման (NEWS.am-ին ավելի վաղ Երեւանի կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն ասել էր, որ այժմ քննարկվում է Ավետիս Զարգարյանի ու մյուս ծանր վիրավորին՝ Ռոլանդ Սահակյանին, արտասահման տեղափոխելու հարցը):

«Սակայն մեզ հետ այդ մասին ոչ ոք չի խոսել, մեզ ոչ ոք ոչինչ չի ասել»,- ասում է տիկին Սոնյան:

Զարգարյանները որեւէ հնարավորություն չունեն Ավետիսին արտասահման տեղափոխելու: Ընտանիքը Երեւանում արդեն 2 ամսից ավելի է՝ բնակվում է ծանոթի տանը, որ վարձ չվճարեն: Պետությունն էլ կարծես թե չի շտապում աջակցություն ցուցաբերել վիրավորի ընտանիքին:

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը ապրիլյան պատերազմից հետո որոշում է ընդունել, որ վիրավոր զինծառայողների բուժումն արտասահմանում կկազմակերպի, եթե անհնար լինի նրանց բուժումը կազմակերպել Հանրապետությունում: Սակայն այդ որոշումը մինչ օրս չի կիրառվել որեւէ զինվորականի նկատմամբ:

Այս ընթացքում երկու զինծառայող է արտասահման տեղափոխվել՝ Արման Լազգիյանն ու Ռուբեն Առաքելյանը, այն էլ՝ բարեգործությունների միջոցով:

Թե երբ Կառավարությունը կսկսի իրագործել ապրիլին կայացրած որոշումը, դեռեւս հայտնի չէ: Ի դեպ, Հայաստանում այս պահին կա ծանր վիճակում գտնվող երեք զինծառայող՝ Ավետիս Զարգարյանը, Ռոլանդ Սահակյանն ու Հովհաննես Պողոսյանը:

image (1)

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am