Այդ ազգանունները շուտով լսելու եք, սա ռումբ է պետականության համար. Ռոբերտ Քոչարյան

75

Պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, այս ի՞նչ ենք անում. սա ռումբ է պետականության համար։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 26-ին, «Երկիր Մեդիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության կողմից իրեն առաջադրված մեղադրանքին, տեղեկացնում է news.am-ը։

Նա հայտարարել է, որ գործն ամբողջությամբ հորինված, շինծու, քաղաքական ենթատեքստ ունեցող և իրականության հետ որևէ առնչություն չունեցող մեղադրանք է։

«Սա վտանգավոր պահ է հենց երկրի համար։ Ռումբ է՝ դրված մեր պետականության տակ։ Սահմանադրական դատարանի որոշման այս ձևով վերանայումը մի ռումբ է, որը հաստատ պայթելու է, հնարավոր չի, որ սա չպայթի։ Իրավական համակարգը շատ մեծ վտանգի տակ է», – ընդգծեց Քոչարյանը՝ հավելելով, որ ներկայիս իշխանությունը հավերժական չէ և ամեն նոր եկած իշխանություն իր հերթին վերանայելու է քրեական գործը։

«Սրանով ամբողջ բանակն է մեղադրվում։ Պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, էս ինչ ենք անում։ Այս կարգի բանակի պախարակումն ինչի՞ է բերելու։ Ղարաբաղի հարցը լուծվա՞ծ է, սահմաններում հանգի՞ստ է»,- հայտարարեց Քոչարյանը։

Հարցին, թե կա՞ն այլ զինվորականներ, որոնք այս գործով անցնում են որպես վկա կամ կասկածյալ, Քոչարյանը պատասխանեց. «Ես իրավունք չունեմ ասելու, բայց դուք այս երկու օրը լսելու եք այդ ազգանունները։ Ես եզրակացնում եմ, որ եթե բանակն է դա արել, ես էլ գերագույն գլխավոր հրամանատարն եմ ու դա իրականացրել եմ բանակի միջոցով, ուրեմն մեր ամբողջ բանակը հանցագործ է դառնում»։

Դիտարկմանը, որ մեղադրանքը պաշտպանողները վկայակոչում են 0038 գաղտնի հրամանը՝ համարելով, որ բանակը ներքաշվել է ներքաղաքական գործընթացներում, երկրորդ նախագահն ասաց. «Իրենք ասում են, որ այդ հրամանի միջոցով մտցվել է փաստացի ռազմական դրություն։ Կամ իրենք իրենք պատկերացում չունեն, թե ինչ է ռազմական դրությունը, կամ այն փաստերը չունեն, որ քիչ թե շատ խելքին մոտ բան լինի գրված։ Ես մի հարցազրույցում ասել եմ, որ փետրվարի 23-ին հանդիպում եմ ունեցել մեր զինվորական նախարարի հետ եւ այդ հանդիպումը կապված էր ԵԿՄ-ի հետ։ Հանդիպման իմաստը եղել է հետեւյալը, որ բանակն իրավունք չունի ներքաշվել քաղաքական գործընթացների մեջ։ Մեր մի քանի գեներալներ, այդ թվում Մանվել Գրիգորյանը լինելով բանակի գեներալ, 2-3 օր քննարկում էին, թե Երկրապահը պետք է միանա ցուցարարներին, թե ոչ։ Դա անթույլատրելի էր։ Ես ուղղակի պահանջել եմ պաշտպանության նախարարին՝ միջոցներ ձեռնարկել բանակը քաղաքական գործընթացներից հեռու պահելու համար։ Բանակի անմիջական կառավարումը բանակի ղեկավարությունն է իրականացնում»։

Քոչարյանը պնդեց, որ այդ գաղտնի հրամանը եղել է նախարարի հրամանը. «Երկու օր հետո ինքն ինձ ասաց, որ որոշել են սպայական կազմը զորանոցային վիճակի բերել մեկ նպատակով՝ հեռու պահել քաղաքական գործընթացներից։ Ընդդիմությունը բոլոր միջոցներով, ԵԿՄ-ի միջոցով փորձում էր բանակը ներքաշել քաղաքական գործընթացների մեջ։ Նա ինձ ասաց, որ որոշել են այդպես անել՝ բանակը հեռու պահելու համար»։ Նա հավելեց, որ այդ օրերին տագնապալից լուրեր էին ստանում շփման գծից։

Իմ իրավունքն է եղել արտակարգ դրություն մտցնել, ու երբ սպառնալիք կա սահմանադրական կարգին, առաջին հերթին բանակը պետք է վերահսկողության տակ վերցնի կառավարական շենքերը, ռազմավաայան օբյեկտները, ասել է նա:

«Տվյալ դեպքում ես չգիտեմ մանրամասնությունները, թե ինչ են արել, ուր են գնացել, որովհետեւ այս օպերատիվ հարցերն իմ գործը չեն։ Բանակն առաջին հերթին այդ նպատակների համար է օգտագործվում նման դեպքերում։ Ես տեղեկություն չունեմ, որ բանակն օգտագործվել է ցուցարարների դեմ։

Մենք վիրավոր զինծառայող չունենք։ Մենք ունենք երկու զոհ ներքին զորքերից եւ 8 քաղաքացիական մարդ ոստիկանության եւ ցուցարարների բախման արդյունքում, բայց ոչ մի վիրավոր զինծառայող չունենք։ Եվ նախարարը, եւ անվտանգության մեր պետը հաջորդ օրը զեկուցում էին, որ բանակը չի բախվել ցուցարարների հետ։ Ամեն ինչ ցույց է տվել, որ բանակը չի օգտագործվել»,-հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ իր համար զարմանալի էր, թե ինչու պետք է 10 զոհ լիներ։

«Շատ անսպասելի էր ինձ համար, ես ասում էի՝ ինչու պետք է այսպես լիներ»,-ասաց նա։

Քոչարյանը հիշեցրեց, որ «Մարտի 1»-ի հարցով խորհրդարանական հանձնաժողովը եզրակացրել էր, որ դեռ պետք է ավելի շուտ արտակարգ դրություն մտցվեր։

«Ես արտակարգ դրություն մտցրել եմ այն ժամանակ, երբ առաջին մարդը զոհվեց։ Դա եղել է ներքին զորքերի կապիտան։ Երբ ճեղքվեց ոստիկանական զորքերի շարքերը, երբ քաղաքացիականները  խառնվեցին զորքի հետ, ու Պռոշյանով սկսվեց թալան, այդ ժամանակ միայն ես ստորագրեցի հրամանը։ Միգուցե ուշ էր։ Բայց եթե ավելի շուտ ստորագրեի, կմեղադրեին, որ հիմքեր չկան արտակարգ դրություն մտցնելու»,-հայտարարեց երկրորդ նախագահը՝ հավելելով, որ իշխանության մեջ չի եղել մեկը, որ դեմ լիներ արտակարգ դրություն մտցնելուն.  «Չի եղել որեւէ մեկը, որ զանգեր ասեր՝ չարժե նման բան անել։ Բոլորի համար պարզ էր, որ իրավիճակը այլ կերպ հնարավոր չէր զսպել։ Եթե դա չլիներ, կարող է զոհերի քանակը կրկնակի, եռակի ավել լիներ»։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache