Այդ դեպքում նրանց կայցելեն ավելի ջղային մարդիկ ու արդեն ավտոմատներով

0

  lragir.am — Մեր զրուցակիցն է տնտեսագետ Սուրեն Սահակյանը

Սուրեն, նախորդ մեր զրույցում նշում էիք, որ ժամանակն է մտածել, թե մերժելուց հետո ի՞նչ ընդհանուր կանոններով ենք ուզում ապրել։ Հիմա հրապարակը արդյոք նման լայն օրակարգ դնո՞ւմ է, թե դեռ ժամանակը չէ։

Իրականում դեռ նման օրակարգ հանրությունը առաջ չի քաշում։ Հրապարակում առերևույթ գոյություն ունի միայն մեր 5 կետանոց օրակարգը, որը, սակայն, կարծես մեծ արձագանք չի գտնում։ Ցավոք կամ բարեբախտաբար մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ հայերը՝ թե՛ արտերկրի, թե՛ ՀՀ-ում բնակվող, նոր-նոր են ձևավորվում որպես քաղաքական ազգ, պայմանադրությամբ միավորված քաղաքացիներ։ Սա շատ հետաքրքիր պրոցես է, ինչին մեզ բախտ է վիճակվել ականատես լինել։ Ներկայացուցչական ժողովրդավարության պայմաններում քաղաքականության, մեր միասնական կյանքի մասին պատկերացումների վերաբերյալ հնարավոր կլիներ դատել, եթե նման պահանջներ դրվեին քաղաքական խավի առջև։ Եթե դրանք չկան, ապա կարելի է արձանագրել երկու բան․ա/ մենք միասնական տեսլական չունենք մեր ընդհանուր ապագայի մասինբ/  դեռևս անհասկանալի է, թե հրապարակում հավաքված քաղաքացիները, բացի ՀՀԿ ու նրա առաջնորդի նկատմամբ խորն ու համապարփակ զզվանքից, ինչի են դուրս գալիս հրապարակ։Իհարկե, հրապարակում խոսում են սոցիալական անարդարությունից, ցածր աշխատավարձերից, արտագաղթից։ Ես հասկանում եմ նման մտահոգություններն, ու իմ պատկերացրած ապագա Հայաստանում այդ հարցերը պետք է լուծված լինեն։ Բայց մարդկանց մոտ ընդհանուր պատկերացում չկա, թե ինչպես պետք է լուծել։ Ես առաջարկում եմ վերահսկողության տակ առնել քաղաքական խավը, պահանջներ ներկայացնել և այս կամ այն կերպ նրան պարտադրել իրականացնել այդ պահանջները։ Եվ այս ամբողջ գործընթացի երաշխավորված ու շարունակական լինելու համար համապատասխան իրավական կարգավորումներ պետք է մշակել և ներդնել։

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ թավշյա հեղափոխությունը մեկնարկել է։ Կարծես ամեն օր օրակարգ է փոխվում։ Սա որքանո՞վ կարող է արդյունավետ լինել։

Իրականում օրակարգը չի փոխվել։ Դա երևում է հենց կարգախոսից՝ «քայլ արա, մերժիր սերժին»։ Նիկոլի հայտարարած թավշյա հեղափոխությունը շատ քիչ առնչություն ունի հեղափոխության հետ։ Դա իշխանափոխության պլան է, որը կար ի սկզբանե։ Իշխանափոխությունը կարող է ենթադրել համակարգային փոփոխություններ, կարող է և չենթադրել։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ նպատակներ ունեն ասողներն ու անողները։ Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ կուսակցությունը հայտարարում են, որ իրականացնելու են համակարգային փոփոխություններ։ Սակայն եթե հանրությունից համապատասխան ազդակները չգնան ու համառորեն չպնդվեն, ես այդ հարցում թերահավատ եմ։ Թերահավատ եմ ոչ թե այն պատճառով, որ կասկածում եմ նրանց անկեղծությանը կամ պոտենցիալ չեմ տեսնում, այլ գտնում եմ, որ եթե հանրությունը նման պահանջ չի դնում, ապա իրականացնողների մոտ մոտիվացիան բախվում է դա կատարելու ահավոր դժվարության հետ ու այդ դեպքում ավելի մեծ է գայթակղությունը ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա։

Ըստ Ձեզ՝ արդյոք այսօր քաղաքացին պատրաստ է երկարատև պայքարի, թե սկսվածը երկարատև գործընթաց չէ։

Նայած, թե ինչ նկատի ունեք գործընթաց ասելով։ Եթե գործընթացը իշխանափոխությունն է, ապա հիմա ավելի դժվար է երկարացնել այդ պրոցեսը, քան քիչ սխալվել և սեղմ ժամկետներում իրականացնել այն։ Միևնույն ժամանակ երկարատև ասվածն էլ հարաբերական է։ Այնուամենայնիվ, կարծում եմ, պետք է զինվել համբերությամբ։ Նման պրոցեսում համբերությունը միակ զենքն է, որով անհրաժեշտ է զինվել։ Պետք է հաշվի առնել, որ հակառակ ճամբարի մոտ են կուտակված հսկայական ֆինանսական, ինտելեկտուալ, ուժային ռեսուրսներ, և միայն քանակով անհնար է հաջողության հասնել։ Սա յուրօրինակ պատերազմ է, որտեղ ֆորմալ թույլը միշտ բարակ պարանի վրա քայլելով է առաջ գնում և ամեն քայլ պետք է կշռադատված լինի, հավասարակշռված։ Եթե քաղաքացին սա գիտակցում է, ապա պատրաստ է ձեր նշած երկարատևությանը։

Ի՞նչ սպասել առաջիկայում։ Իշխանությունը շարունակում է սա կեղծ օրակարգ համարել։ Սերժ Սարգսյանն էլ արձագանքել է ցույցերին, և ըստ էության առաջիկայում ներդրումների բացակայության համար կմեղադրվեն ցուցարարները։

Ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ շեշտեմ, որ իշխանությունը ժողովուրդն է։ Դա ամրագրված է մեր Սահմանադրության կետով, որը փոխելն արգելվում է։ Իշխանություն ասելով դուք նկատի ունեք անձանց խումբ, որն ուժ կիրառելով, կեղծիքների դիմելով իշխանությունից զավթել է պետական կառավարման համակարգը։Ինձ քիչ է հետաքրքրում, թե ինչպես են նրանք գնահատում այս պրոցեսը։ Անկեղծ ասած, ժամանակ էլ չի լինում ծանոթանալ։ Կարճ անդրադառնամ, որ նման բան ասելով նրանք իրենց մեղքը փորձում են բարդել մարդկանց վրա, ում հանդեպ իրականացրել են քրեական բազմաթիվ տարրեր պարունակող հանցավոր գործողությունները։ Վարչախումբը, ի դեմս Սերժ Սարգսյանի ու նրան սպասարկող ՀՀԿ-ի և, մասնավորապես, այն 76 հոգու, որոնք կողմ են քվեարկել նրա թեկնածությանը, դրանով չափազանց մեծ պատասխանատվություն են ստանձնել և անտանելի բեռ են վերցրել իրենց բարալիկ վզերին։ Չի՛ կարելի կատակ անել 2-3 մլն մարդու հետ։ Եթե ժամանակին չսթափվեն, ժողովուրդը ձևը գտնելու է նրանց քաղաքականությունից մեկուսացնելու համար։ Այդ դեպքում նրանք գուցե ժամանակ չգտնեն նույնիսկ երկրից հեռանալու համար։ Ընդ որում, եթե փողոցներից հեռացնեն այսօրվա պայծառ երիտասարդությանը, նրանց կայցելեն ավելի ջղային մարդիկ ու արդեն ավտոմատներով։ Սա սպառնալիք չէ, այլ իրականությունից բխող օբյեկտիվ գնահատական։ Մենք արդեն տեսել ենք տարբեր զինված խմբեր։ Հաջորդները հաշվի են առնելու նախորդների սխալները։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache