Լրահոս

Այդ ի՞նչ պոռնկական հարցադրում է՝ զիջե՞լ հող, թե՞ չզիջել. զիջելու բան չկա՛. Նորատ Տեր-Գրիգորյանց

 

arm1395222225100

ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995), 1993թ. պաշտպանության նախարարի նախկին պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը «Առաջին լրատվական»–ի հետ զրույցում մեկնաբանեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը՝ նվիրված Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը:
– Պարոն Տեր-Գրիգորյանց, ի՞նչ կարծիք ունեք Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին ընդհանուր առմամբ:
– Ես լսել եմ Տեր-Պետրոսյանի ելույթը: Նրան շատ լավ ընդունեցին, ծափահարեցին, նա խելոք բաներ էր ասում, իհարկե, բայց նա 97 թվականից ի վեր նույն բանն է ասում, որ անհրաժեշտ է զիջումների գնալ և հանձնել այդ հողերը:
– Բայց խելամի՞տ է արդյոք ներկայիս իրավիճակում, հատկապես ապրիլյան պատերազմից հետո խոսել տարածքային զիջումների մասին:

– Գիտեք, օրինակ, ես դեմ եմ ինչ-որ բան վերադարձնելու այդ քաղաքականությանը, որովհետև գիտեմ, թե ինչ տարածքներ են դրանք: Ես ընթացքում փորձելու եմ ձեզ բացատրել իրադրությունը, որպեսզի լավ պատկերացնեք, թե ինչ եմ ասում:
Երբ հակառակորդը հարձակվեց, ինձ հրավիրեցին ստեղծելու բանակ: Ես այն ժամանակ գիտեի հակառակորդի մտադրությունը. ռազմագիտության մեջ կա այդպիսի հասկացություն՝ հակառակորդի մտադրությունը, թե ինչ նպատակ է նա հետապնդում, երբ հարձակվում է: Հակառակորդն ուզում էր ոչ միայն վերադարձնել անկախ Ղարաբաղը, ոչնչացնել և քշել հայերին, այլև ճանապարհին գրավել Զանգեզուրը, որը փրկել է Նժդեհը, և միավորվել Նախիջևանի հետ: Իսկ այնտեղ՝ Նախիջևանում, գտնվում է դիվիզիա, որը մենք ժամանակին փոխանցել ենք Պետական անվտանգության կոմիտեին (КГБ) Իրանի և Թուրքիայի հետ սահմանների պաշտպանությունը ամրապնդելու համար, բայց այն ԽՍՀՄ փլուզումից հետո հայտնվեց ադրբեջանցիների վերահսկողության տակ: Ադրբեջանը պիտի հարձակվեր այդ դիվիզիայով Երևանի վրա: Սա էր մտադրությունը, ուստի ես անմիջապես ասացի Տեր-Պետրոսյանին (ընդհանրապես կարծում եմ՝ նրա պատվին արձան պիտի կանգնեցնեն՝ Վազգեն Սարգսյանի արձանի հետ միասին)՝ խնդրում եմ, զանգահարեք Ելցինին, որ չհանեն Լենինականում գտնվող 127-րդ դիվիզիան: Ինչո՞ւ. որովհետև մենք ո՛չ ՆԱՏՕ-ում ենք, ո՛չ էլ Վարշավայի պայմանագրում, ուստի թուրքերը կարող են հիմա անցնել փշալարերը և բոլորին մորթել: Այդ բազան կպաշտպանի սահմանը: Ստեղծվեց բազա, և նա ինձ նշանակեց նախագահ: Կառավարությունից ինձ հետ էր նաև Գագիկ Հարությունյանը, որն այսօր Սահմանադրական դատարանի նախագահն է: Հետո ես ասում եմ՝ մենք կվերցնենք Նախիջևանի բարձունքները, հետո Նոյեմբերյանի բարձունքները, որ իմանանք, թե ինչ է կատարվում այդ թևում, իսկ բանակը, որը ստեղծում ենք, ամբողջությամբ կմիացնենք Ղարաբաղի հետ և կգնանք Ղարաբաղն ազատագրելու: Սա էր մեր ծրագիրը: Մենք ստեղծեցինք բանակ, կազմակերպեցինք, օրուգիշեր պատրաստում էինք, բայց ես 15 օր հայեցակարգ էի գրում, որը հաստատվեց անվտանգության խորհրդի նիստում, և անցանք բանակի կազմավորման գործին: 8 ամսում մենք ստեղծեցինք մոտ 70-80 հազարանոց բանակ և գնացինք ազատագրելու Ղարաբաղը, թեև Ղարաբաղում արդեն կային ֆիդայիներ: Մենք թեքվեցինք 200 կմ՝ Մեղրիից մինչև Վարդենիս ու Քելբաջար, հետո իրականացրինք հարձակողական օպերացիա, անցանք 150 կմ, ջախջախեցինք այդ հակառակորդին և դուրս եկանք այն սահմանները, որ այսօր կան:

Հիմա վերադառնում եմ ձեր հարցին: Եղել է Հայրենական մեծ պատերազմ: Գերմանացիներին ջախջախեցին, ոչնչացրին հակառակորդին, իսկ Կալինինգրադը՝ Քյոնիգսբերգը, մնաց Խորհրդային Միությանը: Դա գերմանական տարածք է: Բայց պատերազմի օրենքով այն մնում է ԽՍՀՄ-ին: Կուրիլյան կղզիները նույնպես մնացին Խորհրդային Միությանը:

– Ուզում եք ասել, որ Արցախի այդ տարածքները պատերազմի օրենքով այլևս ենթակա չեն վերադարձի:
– Պատերազմի օրենքո՛վ, վե՛րջ: Հետո մերոնք գնացին ստորագրելու փաստաթուղթ Ադրբեջանի հետ: Ինձ չտարան իրենց հետ. ես մնացի հրամանատարական կետում: Գնացին ստորագրելու սարսափելի, գարշելի փաստաթուղթ, նույնիսկ չմտածեցին, թե ինչպես է այն կոչվում ռուսերենով: Եվ գրեցին համաձայնագիր կրակի դադարեցման մասին: Ի՞նչ է նշանակում՝ «կրակի դադարեցում»: Մենք պատերազմող երկրներ ենք, մեր կողմը հաղթել է, և հանկարծ ես գրում եմ՝ եկեք դադարեցնենք կրակը: Դա նույնն է, որ հաղթեին Հիտլերին և ասեին՝ ընկե՛ր Հիտլեր, եկեք դադարեցնենք կրակը: Պիտի ասեին՝ կապիտուլյացիա և Լեռնային Ղարաբաղի անկախություն: Վե՛րջ: Ցտեսություն: Ես գնացի:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing