Լրահոս

Այդ ի՞նչ զենք է ստացել Հայաստանը ՌԴ-ից, եւ ինչո՞ւ է դա գաղտնի պահվում

 

Իսագուլյանը բացեց փակագծերը. Սերժ Սարգսյանի 2006 թվականի պնդումը
Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը, հուլիսի 25-ի իր ասուլիսում անդրադառնալով Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի հարցին, ասել է, թե շատերը վախենում են բացել փակագերը, բայց ինքը չի վախենում եւ կբացի:
Եվ բացելով փակագծերն, Իսագուլյանն ասել է, որ Ադրբեջանն ունենալով նավթադոլարներ, ի վիճակի էր տարբեր այլ երկրներից ձեռք բերել սպառազինություն, ընդ որում ավելի ժամանակակից: «Երբ Ռուսաստանից է գնում, դա մեզ համար ցավ է, որի մասին ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, բայց հասկանալի է, որ նախագահը չի կարող ամբողջ փակագծերը բացել: Մենք էլ հիմնականում զենք ենք ձեռք բերում Ռուսաստանից, և ես կարծում եմ, որ համարժեք է, և բալանսը ի օգուտ Ադրբեջանի չէ։ Այսինքն՝ երբ որ այդ հարցը շատ սուր չենք դնում Ռուսաստանի առաջ, ստացվում է, որ այդ գործարքից որոշակի արտոնություն ստանում ենք», հայտարարել է Գառնիկ Իսագուլյանը:
Բացելով փակագծերը, Իսագուլյանը շոշափում է երկու ուշագրավ ասպեկտ:
Փաստորեն, նա ակնարկում է, որ Ադրբեջանը կարող էր ձեռք բերել ավելի սարսափելի զենք, քան ռուսականը, եւ ուրեմն լավ է, որ ձեռք է բերում ռուսականը:
Ինչ խոսք, նա իրավացի է, որ համաշխարհային ռազմաարդյունաբերության ոլորտում Ռուսաստանը ներկայում ավելի շատ քանակական, քան որակական առաջատար է, իսկ ռուսական սպառազինության հպարտություն կամ այցեքարտ ավելի շատ կարող են համարվել հեռահար ռազմավարական զենքերը, քան լոկալ բախումների դեպքում կիրառելի սպառազինությունը:
Գառնիկ Իսագուլյանի այդ «բացահայտումը» ունի թերեւս հետեւյալ իմաստը՝ Հայաստանի սպառազինությունը գերազանցապես ռուսական է, որը կարող է կենսունակ լինել հենց ռուսական սպառազինության դեմ, իսկ ավելի ժամանակակից սպառազինության դեմ կդառնա անզոր: Հետեւաբար, եթե Ադրբեջանի զինանոցի հիմնական մասը ռուսականն է, դա հայկական զինանոցը դարձնում է ավելի մրցունակ, քան կարող էր լինել, եթե Ադրբեջանը գներ ոչ ռուսական՝ ավելի ժամանակակից սպառազինություն:
Այստեղ անկասկած կա ճշմարտության շոշափելի մաս, այն իմաստով, որ Բաքուն կարող է սպառազինության վրա ծախսել ավելին, քան Հայաստանը: Թեեւ, օրինակ, երբ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարար էր՝ 2005-06 թվականներին, հայտարարում էր ու վստահեցնում, որ Հայաստանը բանակի սպառազինության ապահովման վրա մի լումա պակաս չի ծախսի, քան Ադրբեջանը: Ինչպիսի՞ն է վիճակն այժմ: Սերժ Սարգսյանը կարո՞ղ է անել նույն պնդումը այժմ, իր նախագահության տասնամյակի ավարտին:
Ըստ այդմ առկա է նաեւ հարց՝ իսկ Հայաստանը կարո՞ղ է ձեռք բերել սպառազինություն այլ երկրներից՝ ավելի ժամանակակից, հետեւաբար ավելի մրցունակ:
Այդ հարցի պատասխանն օրերս տվել է ֆինանսների նախարարը, լրագրողներին ասելով, որ Հայաստանը Մոսկվայի հետ տեւական ժամանակ է բանակցում է սպառազինության նոր վարկի շուրջ: Այսինքն, Հայաստանը սպառազինություն ձեռք է բերում վարկով: Բայց դա իհարկե ամենեւին չի կարող նշանակել, որ այդ տարբերակով մեզ սպառազինություն կտա միայն Ռուսաստանը: Ավելին, իսկ գուցե գտնվի պետություն, որը մեզ կտա առավել հարմար տարբերակով կամ առավել էժան վարկով սպառազինություն:
Բաց է գլխավոր հարցը՝ իսկ Հայաստանը փորձե՞լ է, բանակցե՞լ է այլ երկրների, այլ սուբյեկտների հետ՝ այլ սպառազինություն գնալու հարցում:
Իսագուլյանի հայտարարության մյուս «բացահայտումն» այն է, որ Հայաստանը փաստորեն Ադրբեջանին Ռուսաստանի սպառազինության մատակարարման հանդեպ պահպանելով լռություն, դրա դիմաց Ռուսաստանից ստանում է ինչ որ բան: Բայց ի՞նչ: Միջուկային ռու՞մբ: Ինչու՞ է դա գաղտնի: Ինչու՞ է Ռուսաստանը Ադրբեջանի հետ բաց-ռազմատեխնիկական գործակցություն ծավալում, իսկ դաշնակից Հայաստանի հետ կան բաներ, որոնք բարձրաձայնելու ենթակա չեն: Այդ ի՞նչն է, որ ենթակա չէ բարձրաձայնելու, եթե խոսքը դաշնակիցների մասին է: Եվ արդյոք Ռուսաստանը բաց կթողներ առիթը բարձրաձայնելու, այդպիսով փակելով Հայաստանում իր հանդեպ հանրային շոշափելի դժգոհությունները:
Ըստ այդմ, ավելի հավանական է այն, որ Հայաստանի իշխանությունը, ու նաեւ Ռուսաստանը, փնտրում են Հայաստանի հանրության մոտ Ադրբեջանի հետ մահաբեր «բիզնեսի» արդարացումներ, «հիմնավորումներ»: Ու քանի որ դրանք չեն աշխատում եւ անգամ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանն է խոստովանում, որ այդ կապակցությամբ բերվող փաստարկները չեն դիմանում քննադատությանը, առաջանում է հայկական զինուժի եւ խաղաղ բնակչության համար ռուս-ադրբեջանական մահաբեր «բիզնեսի» արդարացման նոր փաստարկներ որոնելու անհրաժեշտություն:
Ի վերջո, այդ ամենով հանդերձ, առաջանում է պարզ հարց՝ իսկ ինչու՞ է Բաքուն ավելի ժամանակակից, հետեւաբար հայկական կողմի համար ավելի մեծ խնդիրներ առաջացնելու ունակ սպառազինությունը թողած, գնում ռուսականը: Որովհետեւ դրանով Բաքուն լուծում է ոչ միայն զինանոցի, այլ նաեւ դրա կիրառման քաղաքական լեգիտիմության խնդիրը: Գնելով սպառազինությունը Ռուսաստանից, Ադրբեջանը գնում է նաեւ դրա կիրառման իրավունքը՝ այս կամ այն ծավալով, ըստ պահի հնարավորության: Մի բան, որը նա չէր կարող ձեռք բերել այլ տեղից, ոչ միայն աշխարհքաղաքական կշռի, այլ նաեւ աշխարհքաղաքական մոտիվացիայի բացակայության պատճառով: Ադրբեջանն այդ մոտիվացիան հստակորեն տեսնում է Ռուսաստանում եւ այդ պատճառով զենքը ձեռք է բերում Ռուսաստանից:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing