Լրահոս

Այդքան պրիմիտիվ մի նայեք ընտրություններից հետո Սերժ Սարգսյանի պաշտոնավարման հարցին. Է. Շարմազանովի հորդորը

 

f5819cdbf0d6b7_5819cdbf0d6f6-thumb

tert.am — Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կոռեկտ չի համարում անդրադառնալ հարցին, թե 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններից հետո Նախագահ Սերժ Սարգսյանն ինչ պաշտոն կզբաղեցնի, քանի դեռ ընտրություններում հաջողության չեն հասել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը երեկ հայտարարել էր, որ հնարավոր է համարում ընտրությունների հանդեպ վստահության պարագայում Սերժ Սարգսյանի՝ նախագահի պաշտոնից հետո վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հեռանկարը: Արմեն Ռուստամյանն այսպիսով պատասխանել էր Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարությանը «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության հետ զրույցում, ով չէր բացառել, որ ընտրություններից հետո կարող է զբաղեցնել վարչապետի պաշտոնը:

Հարցին, թե ՀՀԿ-ն նման զարգացման հնարավորություն տեսնո՞ւմ է, Շարմազանովը պատասխանեց. «Քանի դեռ ՀՀԿ-ն ընտրություններում հաջողության չի հասել, կոռեկտ չեմ համարում խոսել ՀՀԿ նախագահի ապագա պաշտոնի մասին, մանավանդ, երբ նա անձամբ էլ այդ մասին չի խոսել»:

Դիտարկմանը, թե ՀՅԴ-ն արդեն խոսում է այս մասին, կուսակցության խոսնակն այսպես արձագանքեց. «Դաշնակցությունը 125-ամյա կուսակցություն է, իրենք ունեն իրենց կարծիքը, որին մենք հարգանքով ենք վերաբերում»:

Ճշտող հարցին, թե նկատի ունի, որ սա ՀՅԴ-ի անձնակա՞ն ցանկությունն է ու պետք չէ՞ այն դիտարկել որպես իշխանության մաս կազմած կուսակցության հայտարարություն, Էդուարդ Շարմազանովը չհամաձայնեց. նա ասաց, որ Դաշնակցության ներկայացուցիչն այլ բան է նկատի ունեցել:

«ՀՅԴ-ն խորքային հայտարարություն է արել, ասել է, որ Սահմանադրական փոփոխություններից հետո չպետք է կենտրոնանաք անձերի, նրանց ճակատագրի հեռանկարների վրա, այլ՝ ընտրությունների ժողովրդավար ու վստահելի լինելու վրա: Նույն Ճապոնիայում մի քանի տասնամյակ է՝ հաղթում են նույն քաղաքական ուժերը, նույն Գերմանիայում արդեն երկար տարի է տիկին կանցլերն է ղեկավարում կառավարությունը: Այստեղ որևէ խնդիր չկա… Դեռ ալֆան չասած՝ միանգամից օմեգան եք ասում: Մեր խնդիրը 2017թ.-ին ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելն ու վստահության քվե ստանալն է: Դրանից հետո, եթե հաղթի ՀՀԿ-ն, կոալիցիայով, թե առանց, Սերժ Սարգսյանը կանդրադառնա դրան, կուսակցությունը կորոշի նոր կառավարության կազմը, ծրագիրը: Այդքան պրիմիտիվ մի նայեք այս հարցին»,- մանրամասնեց Էդուարդ Շարմազանովը:

Էդուարդ Շարմազանովը հորդորեց հետևել կուսակցության առաջիկա համագումարում սպասվելիք՝ Նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթին: Ապա ՀՀԿ խոսնակն ասաց, որ հանրապետության համար գերխնդիր է, որ 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններն անցնեն բարձր մակարդակով, լինեն լավագույնը նորագույն պատմության մեջ, իսկ դրանց արդյունքները վստահություն ներշնչեն հանրությանը:

«Մեզ համար ավելի լավ է լինի 5 տոկոս պակաս ձայն, բայց որևէ մեկը չկասկածի արդյունքներին»,- նշեց Շարմազանովը:

Վերջինս նաև շեշտեց, որ ընտրություններում ՀՀԿ-ն լինելու է քաղաքական դաշտի ամենակարևոր խաղացողներից մեկը, որի առաջնորդը Սերժ Սարգսյանն է լինելու:

«Իսկ թե դրանից հետո ինչ կլինի, ոնց կլինի, կոռեկտ չեմ համարում այդ մասին խոսել»,- ավելացրեց Շարմազանովը:

Իսկ հարցին՝ ուժի մե՞ջ է իր հայտարարությունը, որ հաջորդ իշխանությունը ևս գալու է Մելիք Ադամյանով, որտեղ գտնվում է ՀՀԿ գրասենյակը, ապա Շարմազանովը պատասխանեց. «Իմ բոլոր հայտարարություններն ուժի մեջ են»:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

newhing

newhing