Այդպես չէին պայմանավորվել. ՌԴ-ն Հայաստանին կարող է «խեղդել», սակայն արժի՞ դա անել Քոչարյանի եւ Խաչատուրովի համար

57

Հայաստանում կալանավորել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նրան մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ,-գրում է Lenta.ru-ն, նաեւ հավելում, որ նմանօրինակ մի մեղադրանք էլ առաջադրվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ, որը գրավի դիմաց ազատ է արձակվել:

Աղբյուրը գրում է, որ այս երկու մեղադրանքները ամենառեզոնանսայինն են Հայաստանում ապրիլյան «թաշվյա հեղափոխությունից» հետո. սրանք բուռն արձագանք են ունեցել ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս: Lenta.ru-ի փաստմամբ, կատարվածից շատ դժգոհ են մնացել նաեւ Ռուսաստանում: Լրատվամիջոցը գրում է, որ պարզել է, թե ինչ առարկություններ ունի Հայաստանի նոր իշխանությունը Ռուսաստանի՝ հին ընկերներից եւ ինչպես այս ամենը կավարտվի Փաշինյանի ու նրա թիմի համար; Հրապարակման մեջ ի թիվս այլնի, անդրադարձ կա ՀՀ ԱԱԾ-ի գործողություններին, Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությանը, հետնամուտքով նրա հեռանալուն, հեռուստահարցազրույցին, մարտի 1-ի իրադարձություններին…

Նշվում է, որ ի տարբերություն «թավշյա հեղափոխության» դեպքերի ու խաղաղ հանգուցալուծման, 2008-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը չընդունեց ընտրությունների արդյոինքները, եւ նրա հարյուր հազարավոր կողմնակիցները փողոց դուրս եկան: Աղբյուրի ձեւակերպմամբ, ուժ գործադրվեց, բախումներ եղան ոստիկանության ուժերի եւ ընդդիմության կողմնակիցների միջեւ, զոհեր եղան եւ արտակարգ դրություն մտցվեց երկրում: Lenta.ru-ն գրում է, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը արդեն տասը տարի «քննում» էր «մարտի 1-ի» գործը, պարբերաբար հայտարարվում էր, որ հինգ հարյուր մարդ է հարցաքննվել, անգամ խորհրդարանական փակ հանձնաժողով էր ստեղծվել, սակայն այդպես էլ ոչ մի արդյունք չեղավ ու ոչ մի բացահայտում չեղավ:

Աղբյուրի փոխանցմամբ, մարտի 1-ը հայ հանրության համար ամենազգայուն թեման է եւ այն ընդդիմության հաղթաթուղթը, որ երեք ամիս առաջ Հայաստանում դարձավ իշխանություն: Lenta.ru-ն հիշեցնում է, որ ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակին եղել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցը եւ մասնակցել փողոցային գործողություններին: Անդրադարձ կա նրա՝ ընդհատակում գտնվելուն, ձերբակալվելուն եւ 2011-ին համաներմամբ ազատ արձակվելուն:

Lenta.ru-ն գրում է նաեւ, որ ստացվում է՝ այսպես թե այնպես, մարտի 1-ի հետ կապ ունեն Հայաստանի բոլոր չորս ղեկավարները: Աղբյուրը նշում է, որ Փաշինյանը եւ նրա թիմը մշտապես նշում են, որ այն, ինչ կատարվում է Հայաստանում, երկրի ներքին գործն է: Կայքը նաեւ հավելում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի վերջո վերադարձել է արտաքին քաղաքական այն կուրսին, որը վարում էր Սերժ Սարգսյանը, եւ որն ինքը ժամանակին սուր քննադատության էր ենթարկում: Ընդ որում, Lenta.ru-ի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը չի թաքցնում, որ շարունակում է Սերժ Սարգսյանի վարած երբեմնի ուղղությունը՝ առանց տալու նրա անունը:

Lenta.ru-ն նաեւ գրում է, որ Փաշինյանը արդեն հասցրել է երեք անգամ լինել Մոսկվայում եւ հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ: Հրապարակման մեջ անդրադարձ կա արեւմտյան լիդերների հետ Հայաստանի վարչապետի հանդիպմանը, դժգոհությանը՝ ԵՄ-ից՝ որ չեն ավելացնում ֆինանսական աջակցության չափը, թեեւ Հայաստանում «թավշյա հեղափոխություն» է եղել: Lenta.ru-ն վկայակոչելով ՏԱՍՍ-ի, Ռիա Նովոստիի եւ Ինտերֆաքսի դիվանագիտական աղբյուրներին, նշում է, որ Ռուսաստանում դժգոհ են մնացել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխության վերաբերյալ գործընթացից՝ տարակուսանք հայտնելով ՀՀ ԱԳ նախարարության ոչ պրոֆեսիոնալ գործելաոճից:

«Եթե Երեւանում որոշել են, որ Յուրի Խաչատրուրովն այլեւս հարմար չէ այդ պաշտոնում, ուրեմն Հայաստանը պետք է այդ մասին գրավոր ծանուցեր ՀԱՊԿ-ին, միայն դրանից հետո կարող էր սկսվել գլխավոր քարտուղարի օրինական փոխարինման գործընթացը»,- Lenta.ru-ն մեջբերում է դիվանագիտական աղբյուրին: Lenta.ru-ի համոզմամբ, Նիկոլ Փաշինյանը ներկայումս բարդ իրավիճակում է հայտնվել եւ երկու ճանապարհ ունի՝ կամ պետք է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մոտ քաղաքական մանեւրների կուրս անցնի եւ փորձը նրա պես գործել, կամ գնա բաց առճակատման Ռուսաստանի հետ, սակայն երկու ճանապարհներն էլ Հայաստանի շահերից չեն բխում: Նշվում է նաեւ, որ այս իրավիճակում Ռուսաստանը Հայաստանի համար շնչառության արհեստական սարքի նման է: Հոդվածն ավարտվում է հետեւյալ վերջաբանով՝ Ռուսաստանը Հայաստանին կարող է «խեղդել» ինչ-ինչ նկատառումներով, սակայն այլ հարց է՝ արժի՞ դա անել Քոչարյանի եւ Խաչատուրովի համար:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache