Լրահոս

Այլմոլորակայինները կայցելե՞ն Հայաստան

 

Հնարավո՞ր է, որ մի օր այլմոլորակայիններ այցելեն Հայաստան. իհարկե՝ այո, որովհետև գիտությունը չի ժխտում այլմոլորակային կյանքի գոյությունը, ընդհակառակը՝ ակտիվ քայլեր են ձեռնարկվում դրա գոյությունը հաստատելու համար: Արդյոք Հայաստանը պատրա՞ստ է այլմոլորակայիններին ընդունելուն. իհարկե՝ ոչ: Ինչու ենք նման կատեգորիկ պնդում անում, որովհետև Հայաստանում չկա օրենք այլմոլորակայինների մասին: Եթե մի օր այլմոլորակայինները այցելեն Հայաստան, հայտնի չի լինելու, թե ով է արձանագրելու նրանց Հայաստան գալը, որ պետական մարմինն է զբաղվելու նրանց կարգավիճակով, ում պետք է դիմեն այլմոլորակայինները և ընդհանրապես ինչ կարգավիճակ պետք է ստանան:

Չնայած Հայաստանում չկա Այլմոլորակայինների մասին օրենք, սակայն կա օրենք «Քաղաքական ապաստանի մասին»: Նախորդ օրը այդ օրենքում փոփոխություններ և լրացումներ էին կատարվում, և պատգամավորներն ու տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը ակտիվ քննարկում էին, թե օրենքում ինչը փոխել և ինչի համար: Երեկ «Քաղաքական ապաստանի մասին» օրենքը քվեարկվեց խորհրդարանի կողմից և ստացավ 96 կողմ ձայն: Ընդդիմադիրներն ու իշխանամետները համակարծիք էին այն հարցում, որ այդ փոփոխություններն անհրաժեշտ են և դրանց իրականացման արդյունքում օրենքն ավելի կատարյալ է դառնում:

Ինչո՞ւ ենք համադրում քաղաքական հետպնդյալներին ու այլմոլորակայիններին, որովհետև համարում ենք, որ տեսականորեն ավելի մեծ հնարավորություն կա, որ առաջիկայում այլմոլորակայիններ կայցելեն Հայաստան, քան ինչ-որ մեկը քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով կդիմի Հայաստանի պատկան մարմիններին: Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի ընդունել մի օրենք, որը դժվար թե երբևէ գործածվի: Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը խոստովանեց, որ Հայաստանում քաղաքական ապաստան ստանալու համար որևէ դիմորդ չի եղել: Դժվար էլ թե լինի, որովհետև մարդիկ քաղաքական ապաստանի համար դիմում են բացառապես ժողովրդավարական երկրներին, որտեղ կարող են ապահովել իրենց ճնշված իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը: Մարդիկ քաղաքական ապաստանի համար դիմում են ԵՄ երկրներ, որովհետև համոզված են, որ կստանան կացարան, թոշակ և կենցաղի համար բավարար այլ պայմաններ: Բայց դե օրենք է՝ ընդունում են, որ եթե հանկարծ մի օր մեկի մտքով անցնի նման բան անել, չստացվի, որ մենք օրենք չունենք: Բայց նույն տրամաբանությամբ կարելի է նաև ընդունել Այլմոլորակայինների մասին օրենք, որովհետև նրանք կարող են Հայաստանում այլ հետաքրքրություններ ունենալ, քան թոշակը կամ անվճար կացարանը:

Չնայած փոխնախարար Տերտերյանն ասում է, որ ինքը չգիտի, թե տարեկան ՀՀ քանի քաղաքացի է ԵՄ երկրների դիմում քաղաքական ապաստան ստանալու համար, բայց լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ տարեկան Հայաստանի 10 հազար քաղաքացի է դիմում ԵՄ երկրներ՝ պնդելով, որ Հայաստանում չեն ապահովվում իրենց քաղաքական և քաղաքացիական իրավունքները: Օրինակ՝ վեջին մեկ տարում ԵՄ երկրներում քաղաքական ապաստան ստանալու ամենատարածված թրենդը «Սասնա ծռեր» խմբի հետ առնչություն ունենալն է, ի պաշտպանություն «Սասնա ծռերի» կազմակերպված հանրահավաքներին մասնակցելը և բռնության ենթարկվելը: Քանի դեռ «Սասնա ծռերի» դատավարությունը շարունակվում է, այդ թեման ակտուալ է մնալու քաղաքական հետապնդյալ ներկայանալու և ապաստան հայցելու հարցում հաջողության հասնելու համար:

Այսինքն՝ Հայաստանի իշխանությունը, այդ թվում՝ խորհրդարանը իրական խնդիրներով զբաղվելու փոխարեն և մտածելու, թե ինչ կարելի է անել Հայաստանից արտահոսքը կանխելու համար, զբաղված է ֆեյք օրենքներ ընդունելով և բարեփոխելով՝ համոզված լինելով, որ այդ օրենքների անհրաժեշտությունն ավելի քիչ է, քան այլմոլորակային էակների հետ մոտալուտ շփումը: Ի դեպ, ՆԱՍԱ-ն վերջերս հայտարարել էր, որ շատ մոտ են արտաերկրային քաղաքակրթության գոյության մասին ապացույցներ ներկայացնելուն: Օրենքի պահանջը առավել քան ակտուալ է դառնում:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing