Այն, ինչ չկար Փաշինյան-Պուտին հանդիպմանը, բայց Պուտինն ասել էր Ալիևին

151

1in.am — Ես հույս ունեմ, որ երկու երկրների հարաբերությունները կզարգանան փոխադարձ շահերի և սուվերենության հանդեպ հարգանքի վրա, Մոսկվայում Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Փաշինյանը հունիսի 13-ին երկրորդ անգամ է հանդիպել Պուտինին: Առաջին հանդիպումը մայիսի 14-ին Սոչիում էր: Այդ հանդիպման առիթը ԵՏՄ գագաթնաժողովն էր, իսկ երեկ Մոսկվայում հանդիպման առիթը ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունն է, որի համար Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա, և որը տեղի է ունենալու այսօր:

Երբ կլինի երրորդ հանդիպումը, հետաքրքիր է թեկուզ այն պատճառով, որ Փաշինյան-Պուտին երկրորդ հանդիպմանն էլ չի խոսվում Ռուսաստան պաշտոնական այց կազմակերպելու մասին, այն դեպքում, երբ, օրինակ, նույն օրը Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ տեղի ունեցած հանդիպմանը Պուտինն ասել է, որ սպասում է նրան օգոստոսի 30-ին, և այն ժամանակ կքննարկեն երկկողմ հարցեր:

Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը հայտնել է այդ հանդիպումների հաճախակիության ցանկություն: Սակայն դեռևս պարզ չէ, թե երբ կլինի նրա արդեն պաշտոնական այց Ռուսաստան և երկկողմ հանդիպում ու բանակցություն այդ շրջանակով, առանց որևէ այլ առիթի շրջանակում հանդիպման: Այս հանգամանքում կոնկրետության բացակայությունը թերևս վկայում է, որ առայժմ Պուտինը «հետախուզում» է, և նրա համար Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերությունը դեռևս չի հասել այն աստիճանի, որ կբերի պաշտոնական այցի: Մյուս կողմից՝ սա ինքնին, իհարկե, որևէ բանի բացարձակ ցուցիչ չէ, առավել ևս, որ ներկայումս հայկական կողմը կարծես թե բավականին հաճախ է սկսել շոշափել հայ-ռուսական հարաբերության նոր որակի, նոր փուլի հարցը:

Սրանք լոկ խոսքե՞ր են, որ բխում են թավշյա հեղափոխությամբ ձևավորված նոր իշխանություն լինելու հանգամանքից, թե՞ Հայաստանի նոր իշխանությունն իրապես պատրաստվում է լրջորեն դնել հարաբերության վերանայման կամ պարզապես առողջացման հարցը՝ դրանից բխող քաղաքական բոլոր ազդեցություններով հանդերձ: Միևնույն ժամանակ, ինքնին հայ-ռուսական հարաբերության որակական վերափոխումն էլ պետք է լինի Հայաստանի ներքին քաղաքականության արդյունքի արտացոլում, որովհետև միայն այդ արդյունքը թույլ կտա Հայաստանի իշխանությանը Ռուսաստանի իշխանության հետ խոսել այլ բովանդակությամբ: Այդ իմաստով, հայ-ռուսական հարաբերությունը ներկայումս կարող է գնահատվել որպես առանձնահատուկ փուլում գտնվող, երբ կողմերը, ըստ էության, փոխադարձ ըմբռնողությամբ տեղավորվում են բարձր մակարդակի շփումների զուտ աշխատանքային ռեժիմի մեջ:

Մեծ հաշվով, խնդիրը իր խորքային հրատապությամբ ենթադրում է, որ հայ-ռուսական հարաբերության բարձր մակարդակով պաշտոնական շփումը թերևս պետք է ընդգծվի բովանդակային, ոչ թե արարողակարգային տարբերությամբ: Ըստ այդմ՝ ներկայումս խնդիրը այդ բովանդակության ձևակերպումն է, որը հասկանալիորեն հայկական կողմի խնդիրն է, քանի որ Ռուսաստանի մասշտաբներն այս պարագայում ենթադրում են, որ Կրեմլը զբաղված է, իհարկե, ավելի գլոբալ հոգսերով: Տվյալ պարագայում, հայտարարությունների մակարդակում պահվում է բավականին կայուն դինամիկա, ինչի մասին վկայում է Փաշինյանի հայտարարությունը փոխադարձ շահի և սուվերենության նկատմամբ հարգանքի մասին:

Հարցը այս դեպքում տվյալ ձևակերպումների բովանդակային հենքի ապահովումն է, հայ-ռուսական հարաբերության հայեցակարգի ձևավորումը, հասկանալը, թե ընդհանրապես նոր Հայաստանն ինչպես է պատկերացնում այդ հարաբերությունն ու ինչ է առաջարկում, որպեսզի Կրեմլը հրաժարվի հարաբերության նախկին բնույթից և առաջին հերթին, իհարկե, նախկին մեխանիզմից, երբ հայ-ռուսական հարաբերությունը, Հայաստանի հանդեպ քաղաքականությունը բացարձակապես չէր արժանանում ռուսական քաղաքականության հիմնական նախագծումների շարքին դասվելու պատվին:

Այստեղ, իհարկե, իրավիճակը ուղղակի աղաղակում է շատ կտրուկ և կոշտ հարցադրումների մասին, սակայն ռացիոնալ և պրագմատիկ դիտարկումների պարագայում հստակ է, որ այդպիսի մարտավարությամբ նոր իշխանությունը ոչ թե հայ-ռուսական հարաբերության առողջացման խնդիր կլուծի, այլ կհասցնի մեծ հարվածի տակ դնել Հայաստանում տեղի ունեցածի «առողջական վիճակը»: Անկասկած է, որ հայ-ռուսական հարաբերությունն ունի վերանայման անհրաժեշտություն, սակայն այդ հարցում կտրուկ քայլերի անհրաժեշտություն, որքան էլ տարօրինակ հնչի, առկա է Հայաստանի ներքին կյանքի վերափոխումներում:

Հայ-ռուսական դաշտում ներկայումս առավել կարևորը թերևս ընթացիկ օպերատիվ մակարդակում կայուն հաղորդակցություն պահելն է, քանի որ այս փուլում կարևորագույն խնդիրն այն է, որ Ռուսաստանը կատարի անվտանգության դաշտում իր գործառույթները և թույլ չտա ռեգիոնալ իրավիճակի լարմանն ուղղված ադրբեջանական որևէ արկածախնդրություն: Ընդ որում՝ թույլ չտա ոչ թե Հայաստանի անվտանգության հարցում պարտավորություններից, այլ նաև իր համար լրջագույն հետևանքներից խուսափելու շարժառիթով:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache