Լրահոս

Այն, ինչ Հայաստանի եւ Ռուսաստանի արանքում է

 

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 12-ի ասուլիսում հայտարարել է, որ Մոսկվայի եւ Բաքվի միջեւ խնդիրներ են առաջացել, նրանց միջով կատու է անցել եւ հավանաբար սեւ կատու:
Նա իհարկե իրավացի է, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ խնդիրներն ակնառու են, ունենում են տաբեր դրսեւորումներ: Այդ խնդիրների մի զգալի մասն ապրիլի պատերազմում առաջացրել է հայկական զինուժն ու հասարակությունը, կարողանալով դիմագրավել Ռուսաստանի օգնությամբ նախապատրաստված ադրբեջանական գրոհին՝ առանց Ռուսաստանին օգնության կանչելու:
Ինչ գույնի է Բաքվի եւ Մոսկվայի միջով անցած կատուն, միարժեք ասելը բարդ է: Ավելին, բարդ է ասել, թե անցնողը հենց կատու է: Գուցե այլ կենդանի է, ավելի մանր, կամ ավելի խոշոր:
Խնդիրը տվյալ պարագայում այն չէ, թե ինչ կենդանի է անցել Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջով, այլ այն, թե ինչ կա Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ՝ միջպետական հարաբերություն, թե կայսերա-վասալային ուղղահայաց:
Էդուարդ Շարմազանովը պատմաբան է եւ անկասկած լավ գիտե թե հայ ժողովրդի պատմության դրվագներ՝ կապված ռուս-թուրքական հաշտության եւ կատուների հետ, թե ընդհանրապես համաշխարհային պատմության դրվագներ, որոնք համոզիչ կերպով ցույց կտան, որ որեւէ պետության համար վտանգավոր է հանգստանալ երրորդ երկրների միջով անցնող կենդանիների վրա:
Ռուսաստանի ու Ադրբեջանի միջեւ այսօր սեւ կատու է, վաղը կարող է լինել փափուկ խաղալիք՝ Հայաստանի ապահովությունն ու անվտանգությունն այլ տեղ է՝ Ռուսաստանի հետ արժանապատիվ միջպետական հարաբերության, ու նաեւ Ռուսաստանի հետ հարաբերությանը գործուն եւ կենսունակ այլընտրանքներ ձեւավորելու կարողության մեջ, անվտանգության աղբյուրները դիվերսիֆիկացնելու եւ դաշնակցային ու գործընկերային իրական շրջանակներն ընդլայնելու մեջ:
Ի դեպ, նաեւ հենց այդ մթնոլորտն էր, որ ապրիլի պատերազմից հետո ստիպեց Ռուսաստանին որոշակի տարածություն պահել Բաքվի հետ հարաբերություններում եւ անել քայլեր Հայաստանի հանդեպ, որ պետք է արվեին մինչեւ ապրիլի պատերազմը, բայց չէին արվում: Որովհետեւ ապրիլի պատերազմից առաջ Ռուսաստանը համոզված էր՝ թե Հայաստանի իշխանության քաղաքականության, թե ոչիշխանական ուժերի դիրքորոշումների, թե նաեւ Հայաստանում ռուսական քաղաքականության «հանրային» եւ «մեդիա-փորձագիտական» պրովայդերների հավաստիացման արդյունքում, որ Հայաստանն իր քաղաքական դասով ու հանրությամբ հանդերձ գրպանում է, հետեւաբար մնում է ընդամենը հայկական շահի եւ անվտանգության հաշվին լուծել տարածաշրջանային ու աշխարհքաղաքական խնդիրներ:
Ապրիլի պատերազմը ցույց տվեց, որ գրպանում է իշխանությունն ու քաղաքական դասը, բայց ոչ հասարակությունն ու զինված ուժերը, եւ Հայաստանի իքնիշխանության դիրքերում ամենեւին «20-30 մարգինալ» չէ, որ կանգնած է՝ կանգնած է մի ամբողջ բանակ եւ հասարակություն:
Այդ սառը շունչը Մոսկվային ստիպեց կատարել մարտավարական վերանայումներ, ինչն էլ իր ազդեցությունը թողեց նաեւ ռուս-ադրբեջանական հարաբերության վրա:
Բայց, քանի դեռ Հայաստանի հասարակությունը, հայկական պետությունը չի հասել իրավիճակի, երբ Մոսկվային կստիպի կատարել ռազմավարության վերանայում, մարտավարական վերանայումը ամենեւիչն անշրջելի չէ եւ կարող է շրջվել ցանկացած պահի, հետեւանքներն արդեն զգալի դարձնելով ոչ թե ադրբեջանական, այլ հայկական կողմի համար:
Դա է խնդիրը, որ իշխանությունից պահանջում է նպաստել իրավիճակին, երբ Ռուսաստանը մշտապես կզգա հասարակության շունչը, չտրվելով պատրանքի, թե Հայաստանի հանրությունը վերադարձել է «միակ փրկչի» կամ «միակ բարեկամի» սինդրոմի ազդեցության տակ:
Ինչ խոսք, այստեղ անելիքը միայն իշխանության դաշտում չէ, այլ նաեւ քաղաքական ուժերի, եթե դաշտում կան այդպիսիք:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing