Լրահոս

Այն կտտանքները, որ բանտերում սպասվում են «Սասնա Ծռերին», ստիպելու են երանի տալ մեռյալներին. Հայկ Մարտիրոսյան

 

sasna-crer-xumby-ppc-na88239.7

Լրագրի զրուցակիցն է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը

 

Պարոն Մարտիրոսյանինչպե՞ս եք գնահատում Սասնա ծռեր խմբի հանձնվելու քայլը: Վարուժան Ավետիսյանը հայտարարել է, որ ընտրում են ռազմագերու կարգավիճակը: Նա նորից խոսել է«ապագաղութացման անհրաժեշտության» մասին: Այս ապստամբությունը ապագաղութացման համա՞ր էր:

 

Հանձնվելու որոշումն անսպասելի, բայցև բացառիկ քայլ էր: Ես կասեի բացառիկ հայրենասիրության, քրիստոնեականության քայլ էր: Այն, ինչ չարեցին մեր եկեղեցու առաջնորդներն այս օրերին՝ բացակայելով հրապարակից, արեցին զինյալներն իրենք: Թվում էր՝ հատկապես ոստիկանական աննախադեպ բռնություններից և դաժանություններից, ինչպես նաև դիպուկահարների առաջացրած խեղումներից հետո զինյալների ատելությունն իրենց հակառակորդների հանդեպ ավելի կշատանա, բայց Սասնա Ծռերը, այնուամենայնիվ, խնայեցին նրանց կյանքը և զենքերը վայր դրեցին՝ ցուցաբերելով քրիստոնեական բացառիկ հանդուրժողականություն և սեր: Բացի այդ, հանձնվելն այս պարագայում առավել դժվար է, քան ինքնասպան լինելը: Ակնհայտորեն այն կտտանքները, որ բանտերում սպասվում են զինյալներին, շատերին ստիպելու են երանի տալ մեռյալներին, իսկ սեփական մահն առավել կմեծացներ հասարակական լարումը՝ դրանով առաջ տանելով զինյալների քաղաքական օրակարգը՝ արդեն հետմահու: Հետևաբար սա անկասկած նաև աննախադեպ քաջ քայլ է: Նման նախադեպեր, գոնե ես, արդի պատմության մեջ չեմ հիշում: Միաժամանակ դա քաղաքական լուրջ հաշվարկ էր՝ սեփական դատավարությունները վերածելու քաղաքական պայքարի: Եվ հետո, անկասկած է, որ եթե բանտերում չկորցնեն իրենց առողջությունն ու կյանքը, ապա առաջիկայում իշխանության նախաձեռնած սեփական կործանումից հետո խմբի անդամները դուրս կգան բոլորովին այլ կարգավիճակով և կստանձնեն բոլորովին այլ դերեր՝ արդեն քաղաքական դաշտում:

 

Ինչ վերաբերում է «ռազմագերի» եզրի գործածմանը, ապա դրանով Ավետիսյանը հասկացնում է, որ ինքը մարտիկ է և կռվում է թշնամի ուժի դեմ: Դրանով նա մերժում է իրենց փակցվող և Հայաստանի համար որպես միջազգային իրավունքի սուբյեկտ՝ չափազանց վտանգավոր «ահաբեկիչ» պիտակը, որն իր հերթին նվեր է Ադրբեջանին՝ իր այն պնդումներում թե Արցախում իր դեմ «հայ ահաբեկիչներ» են կռվել և որ Հայաստանում մի հսկա զանգված սատարում է «ահաբեկիչներին», որոնք իր թշնամիներն են: Իսկ Ավետիսյանի հաջորդ բառերի համատեքստը լրացնում է նրա «ռազմագերի» լինելու այդ միտքը: Ըստ Ավետիսյանի՝ իրենք վերջին հաշվով պայքարում են գաղութարար՝ օկուպացիոն ուժի դեմ: «Գուբերնիա» դառնալու մասին միտքն էլ հենց դրա ապացույցն է՝ հստակ հասցեատերով: Այնպես որ, արդեն նախկին զինյալները իրենց պայքարն ակնհայտորեն տեսնում են առավել լայն համատեքստում: Եվ Ավետիսյանի վերջին ողջ խոսքը դրա վկայությունն է:

 

Արդյոք տեղի ունեցածին կհաջորդի քաղաքական պայքարի փուլ:

 

Սասնա Ծռերն ամեն ինչ արեց, որպեսզի իր զինված պայքարն իսկ համարվի քաղաքական պայքար: Եվ հակառակ կողմի հակաքայլերն էլ խոսում են այն մասին, որ իշխանությունն ամեն ինչ արեց դա թույլ չտալու համար: Ես չգիտեմ, թե ինչպիսի փուլ կհաջորդի, բայց որ լարումն այս հասարակության մեջ աննախադեպ աստիճանի է բարձրացել, փաստ է: Ձեռքբերումն այս ամենի մեջ այն է, որ Հայաստանի քաղաքական դաշտի ամայացումն ու ամլացումը խախտվել է: Անձինք և կուսակցություններն, իհարկե, ցույց տվեցին, որ իրենք ոչնչացված են և էլ ավելի հեղինակազրկեցին իրենց: Իրենց դեմքը ցույց տվեցին բազում հայտնի և անհայտ անհատներ: Մյուս կողմից, ցավոք, ակնհայտ դարձավ, որ ատելության հսկայական ռեսուրս է կուտակվել, որը չի կարող անձանց կամ կուսակցությունների պես փոշիանալ: Հիմա այդ ռեսուրսն իշխանությունն իր ձեռքով ավելի մեծացրեց և էլ ավելի է մեծացնելու բռնաճնշումներով ու դատավարություններով: Դա նշան է, որ իրերի դրությունն առաջիկայում կփոխվի: Կոնկրետ ինչպես և ինչ սցենարներով, դժվար է կանխատեսելը:

 

Ամբողջ 15 օր լռություն պահպանած իշխանությունը ի՞նչ քայլ պետք է ձեռնարկի, արդյոք դասեր քաղվեցի՞ն:

 

Այո՛, իշխանությունը վստահաբար դասեր քաղել է: Եվ քաղել է այն դասը, որ պետք է ավելի մեծացնի ճնշումները, ավելի անհանդուրժող և անզիջում լինի, որպեսզի հանկարծ եղած սցենարն այլ դրսևորումներով չկրկնվի: Դա անխոհեմ դաս է, բայց իշխանությունն ակնհայտորեն հենց այդ դասն է քաղել: Կա իրականությունից և սեփական ժողովրդից կտրված իշխանություն: Նման պայմաններում անհնար է այլ բան սպասել: Եթե այս ամենից ճիշտ դասեր լինեին քաղված, ապա մենք ականատես կլինեինք ոչ թե խորամանկ, հետևողական և համբերատար քայլերով պյուռոսյան հաղթանակի հասնելու, այլ ուժեղ և իրապես խելացի քայլերով զիջումների ու իրավիճակի դե-էսկալացիայի: Դա կկանխեր նաև հետագա լարումը, որն այս խորամանկ և կարճաժամկետ հաղթանակով իշխանությունը միայն մեծացրեց և հետևաբար ինքն իրեն արդեն անելանելի վիճակի մեջ դրեց:

 

Կարո՞ղ ենք ասել, որ առժամանակ հետաձգվեց հողերի հանձնման թեման:

 

«ԼՂ հողեր», «Ազատագրված տարածքներ» տերմիններն, անկեղծ ասած, ինձ համար անընդունելի են, թեև ինքս հաճախ եմ ստիպված դրանք օգտագործում: Այսպես կոչված ազատագրված տարածքները մեր հայրենիքն են, ինչպեսև մեր հայրենիքն է Աղդամը: Արցախ-Ուտիքի այդ հատվածի որևէ փոքրիկ կտորի հանձնումն անգամ դոմինոյի էֆեկտով բերելու է Երևանի անկմանը: Սասնա Ծռերի պահանջներից մեկն էլ տարածքներ հանձնելու պարտվողական և հակազգային այդ գաղափարի կասեցմանն էր ուղղված: Դա ակնհայտ էր իրենց բազում հայտարարություններից: Ինչ վերաբերում է թեման «մի փոքր հետաձգելուն», ապա իհարկե, Սարգսյանը թերևս հիմա, օգտագործելով ՊՊԾ գնդի պատմությունը, կփորձի միառժամանակ ժամանակ շահել այն ողբերգական բանակցություններում, որոնք վարվում են, բայց պետք է հասկանալ, որ ո՛չ թշնամի և ո՛չ էլ դաշնակից կողմում պարզամիտ մարդիկ չեն նստած սեղանի շուրջ: Խորամանկել կարելի է անվերջ, բայց անսպառ չէ խորամանկությամբ մեծ քաղաքականություն վարելու ռեսուրսը:

 

Ընդհանրապես դեռ առաջին նախագահի օրերին և նրա դավաճանական ջանքերով առաջացած բանակցային այս աղետալի ձևաչափը, ինչպիսին կամ ովքեր էլ որ լինեն այսօրվա բանակցողները կամ բանակցությունները, Հայաստանին միայն ոչնչացում է երաշխավորում: Քանի դեռ Հայաստանը չունի գիտակցում, համոզվածություն, կամք և ուժ՝ դուրս գալու այս ինքնասպան բանակցային ձևաչափից՝ ամեն գործողություն և շարժ սեղանի շուրջ կործանման է տանելու: Դա այն միակ և հաստատ հանգամանքն է, որ անվերապահ ճշմարտացիությամբ կարելի է կանխագուշակել:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...