Լրահոս

Այնտեղ, ուր հաստատվել է Գրիգորյանների «դինաստիան». Շտապօգնությունը չի արձագանքել մեռնող հիվանդի կանչին

 

NEWSPRESS.am-ն ահազանգ է ստացել Էջմիածնում տեղի ունեցած ուշագրավ մի դեպքի մասին:

Խմբագրություն զանգահարած կինը պատմեց, որ իր 85-ամյա տատը՝ Շ.Մ.-ն, անկողնային ծանր հիվանդ է եղել: Օրերս նրա վիճակը վատացել է, և ստիպված են եղել  շտապօգնություն կանչել: Սակայն կանչին անմիջապես չեն արձագանքել:

Շտապօգնության աշխատակցուհին պատճառաբանել է, թե մեքենա չկա, քանի որ այն վթարի է ենթարկվել:

Իհարկե, հիվանդ կնոջ թոռնուհին չի զիջել:

-Ինչի՞, դուք միայն մե՞կ մեքենա ունեք,- հարցրել է կինը, ինչին շտապօգնության աշխատակցուհին պատասխանել է, թե մյուս բոլոր մեքենաներն այդ պահին զբաղված են:

Ի վերջո, նեղսրտած կինը սպառնացել է, որ կդիմի նախարարության թեժ գծին, որից ճիշտ 10 րոպե անց՝ մեքենան հայտնվել է հիվանդի բակում:

Կինը պատմում է, որ ժամանած բուժանձնակազմը հիվանդի վիճակը թեթևացնելու ուղղությամբ ոչինչ չի նախաձեռնել: Նրանք միայն ստորագրություն են պահանջել, որ եղել են իրենց բնակարանում և մեկնել են:

Հաջորդ օրը հիվանդ կինը մահացել է:

Մեզ միջադեպի մասին ահազանգող կինը չցանկացավ ներկայանալ՝ վախենալով Գրիգորյանների հաշվեհարդարից: Քանի որ վերջիններս են ղեկավարում Էջմիածինն ու, տրամաբանորեն, պատասխանատու են քաղաքի բացթողումների համար: Սակայն վերջիններս այդ բացթողումները լրացնում են՝ ոչ թե թերությունները վերացնելով, այլ մարդկանց բերանը փակելով, որպեսզի դրանց մասին չբարձրաձայնվի: Ուստի զարմանալի չէր, որ կինը չցանկացավ ներկայանալ, իսկ տատիկի անվան առաջնատառերը խնդրեց պայմանական նշել:

Ամեն դեպքում՝ NEWSPRESS.am-ը փորձեց պարզել, թե ինչ վթարի մասին է խոսքը, ինչին զարմացած աշխատակցուհին արձագանքեց.

-Չէ, վթար չէր, եկել, խփել են մեքենային ուղղակի, ոչ թե վթարի է ենթարկվել… ճանապարհն անցնվելուց (հենց այդ հնչողությամբ ասաց) մի վարորդ եկել, խփել ա:

Հարցին, թե քանի՞ մեքենա ունեն այսօր, պատասխանեց անորոշ տոնով:

-Դե կան էլի՛, երևի մի 5 հատ:

Սա Գրիգորյաններին պատկանող Էջմիածնն է, որտեղ շտապօգնությունը չի ընդունում կանչը՝ իմանալով մարդու տարիքը՝ «դե տարիքն եկել է» հոգեբանությամբ, որտեղ տիրում է վախի մթնոլորտը, ու մարդիկ խոսում են անորոշ ու վախվորած, որտեղ մարդկանց բերանը կարող են փակել բռունցքով, եթե նրանք հանկարծ համարձակվեն ըմբոստանալ կամ խոսել քաղաքում տիրող բարձիթողի վիճակի մասին:

Ի վերջո, սա այն քաղաքն է, որտեղ Գրիգորյանների «դինաստիան» հաստատվել ու երկար գուցե կիշխի, եթե չհայտնվի մեր օրերի «Դանկոն»…

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

newspress.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing