«Այո՛, խոշտանգում եղել է, նախաքննությունը պարզել է». Աշոտ Կարապետյանը՝ Գրիշա Վիրաբյանի մասին

70

aravot.am — Երեւանի նախկին ոստիկանապետը երկար լռությունից հետո խոսեց. «խոշտանգողը ոչ թե Աշոտ Կարապետյանն է, այլ այն անձինք, որոնք այս պահին դատարանում հարց ու պատասխան են իրականացնում»:

14 տարի առաջ դաժան ծեծի և խոշտանգման ենթարկված նախկին ընդդիմադիր Գրիշա Վիրաբյանի գործով երկար տարիների լռությունից հետո Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը որոշեց խոսել:

«Այո՛, խոշտանգում եղել է, նախաքննությունը պարզել է, բայց խոշտանգողը ոչ թե Աշոտ Կարապետյանն է, այլ այն անձինք, որոնք այս պահին դատարանում հարց ու պատասխան են իրականացնում»,- Aravot.am-ին ասաց Աշոտ Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Վիրաբյանի պնդմամբ, հենց Աշոտ Կարապետյանն է իրեն խոշտանգել ընդդիմադիրների կազմակերպած ցույցերին մասնակցելու համար։

Դեռ 2012 թվականին Եվրոպական դատարանի կայացրած նախադեպային վճռով հաստատվել է՝ Գրիշա Վիրաբյանը ենթարկվել է խոշտանգման։ ՄԻԵԴ-ը նաև պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը՝ վերաբացել հայաստանյան դատարաններում այդպես էլ լիարժեք քննություն չանցած աղմկահարույց գործը և պատժել 2004-ին ընդդիմության հանրահավաքների մասնակից Գրիշա Վիրաբյանին դաժան ծեծի ենթարկած ու խոշտանգած ոստիկաններին։

Եվրոպական դատարանի վճռից տարիներ անց գործը վերաբացվել է, նախաքննությունն արդեն ավարտվել է, երկու ոստիկանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, իսկ Աշոտ Կարապետյանի մասով քննիչը քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է ընդունել՝ հանցակազմի բացակայության հիմքով, ինչը Վիրաբյանի ներկայացուցիչ Արա Ղազարյանը բողոքարկել է: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ թեեւ ՄԻԵԴ-ի որոշման մեջ արձանագրվել է խոշտանգման փաստը ու խոշտանգողի անուն նշված չէ, սակայն, խոշտանգումը վերագրվում է Աշոտ Կարապետյանին ու իրենք բողոքարկել են քննիչի որոշումը՝ թերի քննություն իրականացնելու հիմքով:

«Արդեն հասկանում եմ, որ ճշմարտությունն ապացուցելու ժամանակն է եկել, միշտ համբերել եմ, լռել եմ, որ ճշմարտությունը, ի վերջո, կխոսի Գրիշա Վիրաբյանի մեջ, եւ ինքը կդադարի իմ դեմ գործունեություն ծավալել, բայց հիմա հաղթանակելով ճշմարտությունը՝ ես հասկացա, որ ճշմարտությունը պետք է նաեւ բարձրաձայնել»,- այսպես բացատրեց Վիրաբյանի գործով տարիների իր լռությունը Աշոտ Կարապետյանը:

Նա պնդում է, որ այս տարիների ընթացքում Վիրաբյանն անհիմն իրեն մեղադրելով՝ արատավորել է իր պատիվն ու բարրի համբավը, բայց ինքը չի պատրաստվում պատիվ պահանջել դատական կարգով. «Սխալը սխալով պետք չէ պատասխանել, եթե ինքը սխալ է անում, պախարակում ոստիկանին, թեկուզ եւ մյուսների մասով, այս գործով 15-16 ոստիկան է ցուցմունք տվել, ինչու հենց Աշոտ Կարապետյանի վրա շեշտադրում անում: Չեմ ուզում չարին չարով պատասխանել, այլ բարությամբ ցույց տալ, որ պետք է ճշմարտության համար պայքարել ոչ թե չարությամբ, այլ՝ բարությամբ… ես չեմ հասկանում այս միտումը, որ արվում է ոստիկանության գեներալ-մայորի նկատմամբ, իմ կարծիքով, իմ անունն է տալիս, որ հնչեղություն ունենա ու համացանցում ինքը դառնա երեւացող մարդ»:

Գրիշա Վիրաբյանի փաստաբան Արա Ղազարյանը նաեւ մեզ հայտնեց, որ Վիրաբյանի գործով Աշոտ Կարապետյանը վերաբացված գործով առերեսումից հրաժարվել ու հեռացել է, Աշոտ Կարապետյանը բացատրեց՝ չի հեռացել, այլ. «Դա գործընթացային առումով միգուցե այդպես եք ասում, բայց ես ոչ թե հրաժարվել եմ նրա հետ տետատետ նստելուց, այլ հրաժարվել եմ գործընթացային առումով մնացած հարցերին պատասխանելուց, քանի որ ակնհայտ շոու էր կատարվում, դիվիդենտներ ձեռք բերելու համար, իսկ ես ունենալով իմ իրավունքները, հասկանալով դատավարական նորմերը, օգտվելով 2003 թվականին տված առերեսման արձանագրության հիմքերից՝ ասել եմ, որ այդ հարցերին չեմ պատասխանում, որովհետեւ բազմիցս ասել եմ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



Загрузка...