«Այս բողոքների բռնկման կայծը դարձավ այն, որ այդ խոստումը խախտվեց»

1

Հայաստանում հայտարարված թավշյա հեղափոխությանը հետևում է ողջ աշխարհը: Օրերս ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Հեդեր Նյուարթը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ առաջիկա օրերին Հայաստանի ժողովուրդը և նրա ընտրյալ առաջնորդները նոր կառավարություն ձևավորելու գործընթացին սկիզբ դնելու պատմական հնարավորություն ունեն:

«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին կառուցողական դիրքորոշում որդեգրել և իշխանության խաղաղ փոխանցումը իրականացնել Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված կարգով և օրենքի գերակայության սամաններում: Մենք ակնկալում ենք սերտորեն համագործակցել նոր կառավարության հետ՝ հաշվի առնելով Միացյալ Նահանգների և Հայաստանի ընդհանուր շահերի բազմաթիվ ոլորտներն ու ուղղությունները: Որպես Հայաստանի բարեկամ և գործընկեր՝ մենք կոչ ենք անում հայ ժողովրդին գնալ երկխոսության՝ ինքնիշխան պետության ապագան ժողովրդավարական և խաղաղ ճանապարհով ձևավորելու նպատակով»,- նշել էր Պետքարտուղարության խոսնակը:

«168 Ժամի» հետ զրույցում «Հանուն միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի» (ԱՄՆ) առաջատար գիտաշխատող Փոլ Սթրոնսկին անդրադարձել է վերոնշյալ հաղորդագրությանը, հայաստանյան դրամատիկ իրադարձությունների պատճառներին, հնարավոր ելքերին և ամերիկյան կողմի ակնկալիքներին:

– Պարոն Սթրոնսկի, ավելի քան 10 օր է՝ Երևանում և Հայաստանի խոշոր այլ քաղաքներում ընդդիմության հարյուր-հազարավոր աջակիցներ գրավել են փողոցներն ընդդեմ ՀՀ իշխանությունների՝ հայտարարելով թավշյա հեղափոխության մասին: Օրերս վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց հանրային ճնշման ներքո, բայց խնդիրը պահպանվում է, քանի որ իշխող Հանրապետական կուսակցությունը ցանկանում է պահել իշխանությունը: Ըստ Ձեզ՝ որո՞նք են Հայաստանում այս հեղափոխական տրամադրությունների պատճառները, և ինչպե՞ս Հայաստանը դուրս կգա այս իրավիճակից:

– Բնականաբար, հայաստանցի փորձագետներն ավելի խորը վերլուծություն կարող են անել, քան ես: Բայց իմ կարծիքը հետևյալն է` պարզվեց, որ հայ հասարակությունը ցանկանում է համակարգային փոփոխություններ: Երեք տարի առաջ, երբ նոր սահմանադրական կարգն ընդունվեց, ասվեց, որ Սերժ Սարգսյանը չի զբաղեցնելու վարչապետի պաշտոնը, բայց այդ խոստումը չպահպանվեց, և նա դարձավ վարչապետ:

Ըստ իս, այս բողոքների բռնկման կայծը դարձավ այն, որ այդ խոստումը խախտվեց: Բողոքական շարժման ուժգնությունը կարծես վարակել է բոլորին` Կառավարությանը, ընդդիմությանը և Հայաստանի գործընկերներին դրսում` անակնկալ կերպով: Թվում է, թե հայ հասարակությունը հոգնել էր սովորական դարձած քաղաքականությունից և փոփոխություն էր ցանկանում:

Նման տրամադրությունները հատուկ են Հայաստանին: Վերջերս հաճախ ենք տեսել ողջ աշխարհում իրենց հասարակությունների կողմից մերժված քաղաքական գործիչների հաստատում, ուստի հայաստանյան որոշ զարգացումներ կապված են պոպուլիզմի գլոբալ պայթյունի հետ` ստատուս-քվոյի մերժում, կոռուպցիայի դեմ պայքար, սոցիալ-տնտեսական անհավասարությունից դժգոհություն: Եվ Հայաստանում կար խարիզմատիկ գործիչ` Նիկոլ Փաշինյանը, ով ուղղեց այդ տրամադրությունները դեպի շարժում:

Ներկայումս այս շարժումը Սերժ Սարգսյանից առաջ է անցել՝ պարտադրելով ավելի լայն` ողջ քաղաքական համակարգի փոփոխություն` Կառավարություն և օլիգարխիա: Սրանք վեհ գաղափարներ են, բայց ես չեմ լսել, թե ինչպես է բողոքական շարժումն ու ընդդիմությունը պատրաստվում ներդնել համակարգային փոփոխությունն իշխանության գալու դեպքում: Եթե իշխանության գալը տեղի է ունենում ընդդիմությունից ժամանակավոր վարչապետի ընտրության միջոցով, ապա ընդդիմությանն անհրաժեշտ է լինելու դադարեցնել գործարքները բոլոր ուժերի հետ, կամ ՀՀԿ մի շարք անդամներ, ՀՅԴ-ն կամ ԲՀԿ-ն պետք է աջակցեն նրանց: Այս բոլոր խմբերն ունեն շահեր, որոնք ցանկանում են պահպանել: Ուստի համակարգային փոփոխության ներդրումը շատ ավելի մարտահրավերային է լինելու, քան միայն կառավարության ղեկավարի փոփոխությունը:

– Ինչպե՞ս են ԱՄՆ-ում ընկալվում հայաստանյան այս զարգացումները:

– ԱՄՆ-ը գնահատում է Հայաստանին՝ որպես գործընկեր և ընկեր: ԱՄՆ-ը այս իրադարձությունները դիտարկում է՝ որպես բացառապես Հայաստանի Հանրապետության ներքին գործընթաց, և ցանկանում է քաղաքական ճգնաժամի կարգավորում խաղաղ և սահմանադրական եղանակներով: ԱՄՆ-ը նաև մյուս տարածաշրջանային և գլոբալ ուժերին է կոչ անում զսպվածություն ցուցաբերել՝ թույլ տալու համար, որպեսզի այս անցումը կայանա Հայաստանում ներսից սահմանադրական եղանակով: Սա ներառում է նաև Ադրբեջանին ուղերձ, որ ԼՂ շփման գծում տիրող իրավիճակը պետք է խաղաղ մնա:

– Պետքարտուղարությունը ժամանակ առ ժամանակ անդրադառնում է Հայաստանում ստեղծված բացառիկ իրավիճակին: Վերջին հայտարարությունն ինչպե՞ս կմեկնաբանեք: Ոմանք դա որակում են՝ որպես աջակցություն ընդդիմությանը, ոմանք` իշխանությանը: Դուք ի՞նչ կասեք այդ մասին:

– Կարծում եմ` աջակցության մասին խոսելն ավելորդ է: ԱՄՆ Պետքարտուղարությունը հստակ ձևակերպել է իր կարծիքը` ճգնաժամի հանգուցալուծում սահմանադրական և խաղաղ եղանակներով: Սա հայաստանյան ներքին գործընթաց է, աջակցությունը, կարծում, եմ սխալ եզրույթ է այս դեպքում:

– Այս զարգացումներն ինչպե՞ս կանդրադառնան ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների վրա՝ հաշվի առնելով այն փաստը, որ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ դեմ է արտաքին քաղաքական հարցերում շրջադարձային որոշումներին:

– ԱՄՆ-ը ճանաչում է Հայաստանի աշխարհագրությունը, և ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում ո՛չ Փաշինյանից, և ո՛չ էլ իշխող դիրքեր ունեցող որևէ գործչից չի ակնկալում դրամատիկ փոփոխություններ: Սարգսյանի կառավարությունը փորձել է հավասարակշռել Հայաստանի սերտ հարաբերությունները Ռուսաստանի հետ Եվրամիության և, ընդհանուր առմամբ, Արևմուտքի հետ դրական համագործակցությամբ:

Հայաստանը վերջին տարիներին փորձել է վարել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, որը դժվար է: Ակնկալում եմ, որ դա կշարունակվի: Որոշ ժամանակ առաջ Փաշինյանը խոսել էր ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին, բայց ես հասկանում եմ, որ ընդդիմությունը հետզհետե հեռացել է այդ կարծիքներից: Չեմ սպասում, որ ՀՀ արտաքին քաղաքականությունում արագ փոփոխություններ տեղի կունենան: Դա տեղի չի ունենա նաև այն դեպքում, եթե իշխանությունն իշխող ուժից անցնի ընդդիմությանը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache