Լրահոս

Այս պահին հակառակորդի զորքը զինված կանգնած է. որևէ բան չենք կարող կանխատեսել. Արծրուն Հովհաննիսյան

 

Arcrun11

armlur.am-ը գրում է. ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով պատերազմի վերսկսման հավանականությանը, ասաց. «Դժվար է կանխատեսել, այս պահին հակառակորդի զորքը զինված կանգնած է, նույնիսկ հրապարակվեց, որ հակառակորդի զորքի շարժը նկատվում է, բայց որեւէ բան չենք կարող կանխատեսել, թե ինչ կլինի»: -Պարո՛ն Հովհաննիսյան, ապրիլի 10-ին Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում զոհվածների մարմինների փոխանակում էր իրականացվել։ Հայկական կողմին փոխանցվել է 18 զոհվածի մարմին: Հիմա արցախյան կողմը գերիներ ունի՞ հակառակորդից, կամ հակառակորդն իր մոտ հայ գերիներ ունի՞: -Արցախյան կողմում միանշանակ ոչ մի գերի չկա, իսկ Ադրբեջանական կողմում դժվար է ասել, չնայած տվյալ դեպքում մենք ունենք մեկ անհայտ կորած, եւ նրա ճակատագիրը անհայտ է: Ադրբեջանական կողմում է նա մնացել, թե ոչ, կենդանի է, թե մահացած, մարտի դաշտում է մնացել, թե այլ խնդիր կա, դեռ չի հայտնաբերվում, դժվար է այս պահին որեւէ բան ասել: -Խոսքը անհետ կորած կապիտանի՞ մասին է: -Այո՛: -Այս օրերին բազմիցս հայտարարվեց, որ Ադրբեջանը հետախուզական նպատակով օգտագործել է անօդաչու թռչող սարքեր: Ինչո՞ւ չենք խոցել: -Գիտեք՝ անօդաչու թռչող սարքը կարող է հեռվից գործողություն կատարի, դու հայտնաբերես, բայց նա հասանելիության գոտում չլինի: Կարող է՝ նա ֆիքսում է, որ իր վրա կենտրոնացում կա, եւ վտանգի մեջ է, անմիջապես խնդիրը դադարեցնի, հեռանա, բայց նշեմ, որ ընդհանուր առմամբ անօդաչու սարքը խոցելը այդքան էլ հեշտ չէ: -Սպառազինության արդիականացման մասին վերջին օրերին շատ խոսվեց, շատերը կարծիք հայտնեցին, որ մենք զենք չունենք: Իսկապե՞ս այդքան տխուր վիճակում ենք, զենք չունե՞նք: -Աշխարհում բոլոր բանակներում էլ զինատեսակների ամբողջ տեսականին չի կարող լինել միայն գերժամանակակից, դա անհնար է: Ադրբեջանական զինված ուժերը իրենց ամբողջ քանակական առումով որ նայենք՝ 10-15 տոկոսն է ժամանակակից, այն էլ ոչ բոլորն են գերժամանակակից: Ամբողջ աշխարհը, նույնիսկ ամենաժամանակակից բանակները՝ ամերիկյան, իսրայելական, իրենց հիմնական հատկապես լավագույն զինանոցում պահում են 70-ականների զինտեխնիկա: Իսկ ով է ասել, որ հայկական կողմը սպառազինություն չունի, մենք ինքներս 1,5 տարի առաջ ասել էինք, որ հայկական բանակը անցնում է պլանային զինման ժամանակացույցի: Ուզում եմ ասել, որ գերժամանակակից զինտեխնիկայով համալրման գործընթացը վաղուց է սկսված: -Կարո՞ղ եք ասել՝ մենք ժամանակակից ի՞նչ զինտեխնիկա ունենք, որը կարող ենք համեմատել կամ հակակշռել հակառակորդի ունեցածի հետ: -Չեմ կարող զինատեսակները ներկայացնել, միայն կարող եմ ասել, որ հայկական զինանոցում շատ ու շատ զինամթեր կան, բայց չի կիրառվել, քանի որ չէր հասել դրա կիրառման պահը: Կրկնում եմ, որ հայկական զինանոցը ժամանակակից զինտեխնիկայով զինված է: -Ապրիլի 7-ին, երբ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը եկել էր Հայաստան, վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդրել էր նրան հրահանգել «Ռոսօբորոնէքսպորտին» արագացնել Հայաստանին սպառազինություն մատակարարելու վերաբերյալ պայմանագրի կնքումը: Ի՞նչ գիտեք այս մասին, կոնկրետ ի՞նչ պայմանավորվածություն կա, ե՞րբ է հասնելու զինտեխնիկան: -Կարող եմ միայն ասել, որ պլանային ընթացքի մեջ է: -Ռազմական իշխանությունը ի՞նչ է կարծում, հաշվի առնելով այսօրվա իրավիճակը, պատերազմը շարունակվելո՞ւ է, թե՞ ոչ: -Դժվար է կանխատեսել, այս պահին հակառակորդի զորքը զինված կանգնած է, նույնիսկ հրապարակվեց, որ հակառակորդի զորքի շարժը նկատվում է, բայց որեւէ բան չենք կարող կանխատեսել, թե ինչ կլինի:

Քնար Մանուկյան

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...