«Այսօր լինելու է այս փուլի կուլմինացիան։ Բայց պրոցեսը շարունակվելու է»

0

lragir.am — Մեր զրուցակիցն է Ժողովրդավարական հայրենիք կուսակցության նախագահ, Հանուն Հայաստան պետության ճակատի անդամ  Պետրոս Մակեյանը

Պարոն Մակեյան, ինչպե՞ս եք գնահատում Երևանում երեկ տեղի ունեցածը, երբ առավոտից հնարավոր եղավ բազմաթիվ փողոցներ փակել։ Կարծում եք՝ այսօր հնարավոր կլինի՞ գործողություններ իրականացնել՝ հաշվի առնելով ոստիկանական պատը Բաղրամյան պողոտայում։

Ամեն ինչ կախված է ժողովրդի քանակից։ Երեկվա մասնակցությունը նախորդ օրվա հանրահավաքից հետո շուրջ տասնապատիկ ավելի էր։ Եթե այսօր էլ կրկնապատկվի, եռապատկվի, ապա ամեն ինչ ավարտվելու է, Սերժ Սարգսյանն ու իր հանցագործ ռեժիմը պետք է իրենց ճամպրուկները հավաքեն։ Ոստիկանությունն այն, ինչ անում է, մենք հասկանում ենք, բայց եթե տեսնի այդ քանակի ժողովուրդ, ի վիճակի չի լինի ոչինչ անել։

Այս հանրահավաքների օրերին դուք բավական պասիվ եք ելույթների առումով։ Ո՞րն է պատճառը, որ ելույթներ չեք ունենում։

Մենք մարտի 10-ից բազմաթիվ հանրահավաքներ արել ենք և ասելիքները ամբողջական ասվել է, նույնիսկ հասցրեցինք մեր ծրագիրն ու անելիքները ներկայացնել։ Հիմա ժողովուրդը չպետք է հոգնի, պետք է թարմություն տեսնի։ Այդ առումով նորմալ է, ոչ մի խնդիր չկա։ Հատկապես շատ կարևոր է, որ երիտասարդությունը մտավ պրոցեսի մեջ և հատկապես Նիկոլ Փաշինյանի ոչ ստանդարտ գործելաոճն է կարևոր։ Պետք է արժանին մատուցել, որ այն ճանապարհները, որ մենք անցել ենք 20 տարում, Փաշինյանը փոխեց։ Այդ առումով երիտասարդությունը պետք է առաջին գիծ դուրս գա, ինչպես հիմա արվում է։

Նշվում է, որ 4-5 կողմերից փակելու եք Ազգային ժողովը։

Այն, որ ոստիկանները երեկ մի քանի ծխանռնակներ գցեցին, դա պարտավորեցնելու է ժողովրդին գալ հրապարակ, որովհետև այդ պահին տպավորությունն այնպիսին էր, որ Ալիևն իր խոստումը կատարել է և սկսել է ռմբակոծել քաղաքը։ Այդ որակին են հասել։ Այսօր պատկերացրեք հայաստանցիներն իրենց ավելի վատ են ընդունում, քան թշնամի Ալիևին։ Այդ սահմանագիծն անցել են և դարձել թշնամի։ Պետք է նրանք հասկանան, որ այլևս չեն կարող շարունակել։

Ըստ էության, հանգուցալուծումը այսօ՞ր է լինելու, թե հետո հնարավոր է շարունակվեն ակտիվ գործողությունները։

Այսօր լինելու է այս փուլի կուլմինացիան։ Բայց այդ պրոցեսը շարունակվելու է, մենք միամիտ չենք, որ մտածենք, թե պրոցեսը այսօրվանով սահմանափակվելու է, վարչախումբն էլ դա շատ լավ գիտի։ Հակառակ դեպքում ինքը շատ վաղուց քայլեր արած կլիներ։ Իրենք ավելի լավ են իրազեկված, թե ինչպիսի վերաբերմունք կա իրենց հանդեպ։

Երեկ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում նշել է, որ որևէ պաշտոն իր համար հավերժ չէ։

Ես տեղեկատվություն ունեմ, որ նա էլի «կուտ է տվել» Կարեն Կարապետյանին, իբր երկու տարի հետո իշխանությունը կհանձնի նրան, ինչպես 4 տարի առաջ էր տվել։ Հիմա էլ մեսիջ է տալիս, թե շատ մի դիմադրեք, ես գնացող եմ։ Ո՞վ է հավատում քեզ, ինչքան դու մնաս, այնքան թշնամությունը, ատելությունն ավելանալու են, քո մեջ վախն է ավելանալու։ Այդ պարագայում պաշտոնը թողնելու դիմադրությունն ավելի մեծ է լինելու։ Դու ավելի մեծ վնասով ու մեծ կորստով ես գնալու։

Այսինքն՝ նման հայտարարություն անելով նա փորձում է նաև հասարակության շրջանում տրամադրությունները մեղմե՞լ։

Իհարկե, փորձում է մեղմացնել, բայց միայն ինքը չէ, համակարգն է այդպիսին։ Եվ ես չեմ բացառում նաև, որ նա պատանդ է դրսի ուժերի ձեռքին։ Ինքը խոստացել է Ղարաբաղը հանձնելու ծրագիրը, հիմա թոկը գցած է իր վիզը։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache