Լրահոս

Այսօր սպասվող «սենսացիան»

 

38bc6cede9e0

Hartak.am  Սպասվում է, որ այսօր կարող է մեկով ավելանալ Հայաստանի մի քանի տասնյակ կուսակցությունների «ընտանիքը»: Նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, որ այժմ Սերժ Սարգսյանի աշխատակազմի աշխատակից է, նրա ներկայացուցիչն Ազգային ժողովում, մամուլով ազդարարել է այսօր անելիք «սենսացիոն» հայտարարությունների մասին:

Առնվազն սպասելին այն է, որ նա խոսելու է նոր կուսակցության ստեղծման մասին: Սակայն, դրա հետ կապված կա իհարկե ևս մի ինտրիգ. սպասվում է, որ այդ կուսակցությանը կարող է անդամակցել կամ նույնիսկ գլխավորել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Այդպիսով, նորաստեղծ կուսակցությունը կարող է կոչվել Սերժ Սարգսյանի նախկին շրջապատի կուսակցություն:

Համենայնդեպս, ստացվում է, որ կուսակցությանն առնչվելու են Սարգսյանի շրջապատի երկու բավականին աչքի ընկնող ֆիգուրներ: Եվ բնականաբար հարց է առաջանում, թե ինչքանո՞վ այդ հանգամանքը կազդի նորաստեղծ քաղաքական ուժի գործունեության, ուղղվածության, դիրքորոշումների և ընդհանրապես քաղաքական դիրքավորման վրա, և ինչպե՞ս կազդի այդ հանգամանքը: Սա իհարկե կարող է ծնունդ տալ կոնսպիրոլոգիական մոտեցման, որ Դալլաքյանն ու Օհանյանը պարզապես իշխանությունից գործուղվում են ընդդիմություն:

Խոշոր հաշվով այդ իրողության կամ երևույթի տարրերն առկա են, սակայն խոսքն իհարկե «կնիքով» և «գործուղման ծախսերով» իրողության մասին չէ, առավել ևս, որ կա խոսակցություն, թե կուսակցությունը ֆինանսավորվելու է Ռուսաստանից: Խոսքն այն մասին է, որ իշխանությունը չի զսպի իր դեռ ներկա կամ արդեն նախկին անդամների քաղաքական ընդդիմադիր գործունեության ցանկությունը կամ ձգտումը:

Բանն այն է, որ ընդդիմադիր դաշտի վերաֆորմատավորումը ոչ միայն այդ դաշտում ներկայումս առկա վակուումային իրավիճակից առաջ եկած բնական, տրամաբանական զարգացում է և պահանջ, այլև խորհրդարանական կառավարման մոդելի անցման իշխանական ռազմավարության առանցքային տարր: Խորհրդարանական կառավարման մոդելի անցում կատարող իշխանությունն անխուսափելիորեն իր ծրագրերում ներառելու են նաև այդ մոդելի ընդդիմադիր բաղադրիչի մշակման խնդիրը, այսպես ասած, կայուն և կանխատեսելի ընդդիմադիր դաշտ ձևավորելու համար: Եվ այդ առումով, եթե իշխանության ներսում կա պոտենցիալ, ապա միանգամայն պարզ է դառնում, որ իշխանությունն այդ պոտենցիալը չի զսպելու: Առավել ևս, որ այդ պոտենցիալը ներկայումս «բաց թողնելու» ամենահարմար պահն է, քանի որ քաղաքական դաշտը ներկայումս լղոզված է ինչպես երբևէ, և այդ իրավիճակում, երբ գործնականում «լիկվիդայնություն» չունի ոչ մի ուժ, ինչը ցույց տվեցին ՏԻՄ ընտրությունները, ըստ էության որևէ բանից ոչ պակաս «լիկվիդային» կարող է լինել ցանկացած նախաձեռնություն:

Ակնհայտ է, որ Դալլաքյանի նախագիծը 2017 թվականի ընտրության համար չէ, թեև իհարկե այստեղ այն կարող է պետք գալ իշխանությանը, առնվազն ընդդիմադիր դաշտում գործող ուժերի պատկերը էլ ավելի խայտաբղետ դարձնելու, ներընդդիմադիր «մրցակցությունն» էլ ավելի սրելու և խճճելու առումով: Սակայն, դա մարտավարական խնդիրն է, իսկ ռազմավարական իմաստով Դալլաքյանը և ենթադրաբար Սեյրան Օհանյանը իհարկե փորձելու են պայքարել 2022 թվականի ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր դաշտի ձևավորման «լոկոմոտիվության» համար:

Մենք ներկայումս չենք քննարկի հաջողության հավանականությունը, շանսը: Այդ ամենի մասին խոսել հնարավոր է, երբ կխոսեն հենց իրենք` նախաձեռնությամբ հանդես եկողները: Ներկայումս արձանագրելի է միտումը, որ բխում է Հայաստանի համար անցումային շրջանի իրողություններից, որոնց մասին հոկտեմբերի 6-ին նոր կառավարության առաջին նիստում հայտարարեց նաև Սերժ Սարգսյանը: Անկասկած է, որ Սեյրան Օհանյանի հանգամանքը` նրա անդամակցելու դեպքում, ունենալու է առանցքային նշանակություն, ընդ որում՝ կուսակցական նոր նախաձեռնության համար թե´ դրական, թե´ նաև բացասական ահռելի պոտենցիալի իմաստով: Համենայնդեպս, ակնհայտ է, որ Սեյրան Օհանյանի անունն է դարձել նոր կուսակցական նախաձեռնության ինտրիգը: Դա քաղտեխնոլոգիա է, թե ոչ, դժվար է ասել, սակայն նոր կուսակցությունը ներկայումս առավել մեծ հետաքրքրություն առաջացնելու է կամ պարզապես հետաքրքրություն առաջացնելու է գերազանցապես հենց այս տեսանկյունից: Ընդ որում՝ տվյալ պարագայում Օհանյանի գործոնը բավական առանձնահատուկ է դառնալու ոչ միայն ընդդիմադիր դաշտում կուսակցության գործունեության, «մրցունակության» կամ «խոցելիության» տեսանկյունից, այլև ներիշխանական:

Վերջին հաշվով, Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարար է եղել ապրիլյան պատերազմի օրերին, իսկ դա չափազանց նուրբ հանգամանք է, որ հիմնարար նշանակություն կարող է ունենալ բոլոր առումներով, եթե հայտնվում է ոչ իշխանական քաղաքական գործունեության դաշտում:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara