Այսօր տեղի ունեցած ամենասենսացիոնը. Նիկոլ Փաշինյան

0

lragir.am — Այն, ինչ տեղի ունեցավ այսօր, աննախադեպ էր, Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքում ասաց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում ու Երևանում չի եղել ոչ մի բաց ճանապարհ:

«Այսօր առավոտից ինձ զանգում էին գյուղապետեր ու ասում՝ 8 անց տասնհինգ փողոցը փակել ենք: Բայց ամենասենսացիոնը՝ առավոտյան Թումանյան փողոցը փակվել է չինացի զբոսաշրջիկների կողմից, ովքեր պահանջել են ժողովրդի թեկնածուին ընտրել ՀՀ վարչապետ: Սա իսկապես աննախադեպ մասշտաբ է»,- ասաց Փաշինյանը:Նա նշեց, որ մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի են ունենալու ՀՀ վարչապետի ընտրություններ

«Եթե առաջին փուլում վարչապետի թեկնածու առաջադրում էին խմբակցությունները, երկրորդ փուլում վարչապետի թեկնածուին պետք է առաջադրի ԱԺ պատգամավորների մեկ երրորդը, այսինքն՝ 35 պատգամավորի ստորագրություն է հարկավոր՝ վարչապետի թեկնածու առաջադրելու համար:  Քիչ առաջ ես Մարիոթ հյուրանոցում հանդիպում ունեցա ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, հետո մենք խոսակցություն ունեցանք ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ, կա նաև Ելք խմբակցությունը: Ըստ այդմ ես վաղը ձեր թույլտվությամբ ԱԺ պատգամավորների մեկ երրորդի կողմից կառաջադրվեմ որպես ՀՀ վարչապետի թեկնածու: Այսինքն՝ Ծառուկյան դաշինքը, Ելք խմբակցությունը և ՀՅԴ-ն իրենց ստորագրությունը կդնեն, որպեսզի ես առաջադրվեմ վարչապետի թեկնածու»,- հայտարարեց Փաշինյանը:

Նա նաև ասաց, որ այսօր տեղի է ունեցել ՀՀԿ նիստը, որի արդյունքներով նրանք հայտարարել են, որ առաջիկա ընտրություններին կաջակցեն ժողովրդի թեկնածուին:“Այսինքն՝ եթե հաշվի առնենք այսօրվա քաղաքական հայտարարությունները՝ վարչապետի ընտրությունների երկրորդ փուլում ձեր կողմից առաջադրված թեկնածուի ընտրության խնդիրը գործնականում լուծված է”,- հավելեց նա:

Փաշինյանն ասաց, որ ՀՀԿ հայտարարություններից հետո պետք է ավելի մանրամասն տեղեկանալ ՀՀԿ խմբակցության դիրքորոշումների մասին:

“Մենք առաջարկում ենք հետևյալ սցենարը՝ վաղը մենք ոչ Երևանում, ոչ մարզերում ոչ մի ակցիա չենք իրականացնում, և դուք հանգստանում եք: Մենք ԱԺ-ում աշխատում ենք և փորձում ենք հավաստիանալ, որ ՀՀԿ մասով հայտարարությունները երաշխավորված են: Մենք բոլոր դեպքերում մեր զգոնությունը չպետք է կորցնենք”,- նշեց նա:

Եթե ամեն ինչ գնա նորմալ, նրա խոսքով, պետք է հանգստանալ ու գնալ վարչապետի ընտրություններին: Իսկ վարչապետի ընտրությունների օրը պետք է հավաքվել ոչ թե 250 հազարով, այլ 500 հազարով:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache