Լրահոս

Այսպիսով, Թրամփը կտրեց լարը, Հայաստանն արդեն գետնի վրա է

 

Ամերիկյան Բլումբերգ գործակալությունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ՌԴ դեմ նոր պատժամիջոցների փաթեթը, որն օրենքի ուժով ընդունել էր ԱՄՆ Կոնգրեսը: Թեեւ Թրամփը անձամբ դեմ է հանդես եկել փաթեթին, կամ գոնե այդպես դիրքավորվել հրապարակայնորեն, այդուհանդերձ նաեւ ստորագրել է այն, անիմաստ համարելով Կոնգրեսին ընդդիմանալը:
Այդպիսով, ամերիկա-ռուսական հարաբերությունը մտնում է նոր փուլ, քանի որ տվյալ դեպքում առանձնահատուկը ոչ միայն պատժամիջոցների նոր փաթեթն է, այլ այն, որ դա արդեն ունի օրենքի ուժ: Եթե մինչ այժմ ԱՄՆ պատժամիջոցները նախագահական որոշումով էին, ապա այժմ արդեն դրանք օրենք են, հետեւաբար նախագահի որոշումը բավարար չէ դրանք չեղարկելու համար:
Ըստ երեւույթին, հենց դա է նաեւ պատճառը, որ պատժամիջոցների նոր փաթեթին Ռուսաստանը փորձեց արձագանքել համեմատաբար ավելի կոշտ՝ պահանջելով ԱՄՆ-ից կրճատել Ռուսաստանում աշխատող իր դիվանագետների թիվը: Չի բացառվում, որ դա պարզապես Ռուսաստանի հիասթափությունն է հենց Թրամփից, որի վարչակազմի հետ կապվում էին հարաբերության կարգավորման եւ պատժամիջոցների չեղարկման որոշակի հույսեր:
Ի՞նչ է սպասվում Հայաստանին, ինչ ռիսկեր կան Հայաստանի համար ամերիկա-ռուսական հարաբերության լարման աստիճանի բարձրացումից, ինչ տնտեսական եւ քաղաքական հետեւանք կարող է ունենալ դա Հայաստանի համար: Վերջին օրերին Հայաստանում հաճախ է տրվում այդ հարցը, եւ թվում է, որ միանգամայն բնականորեն:
Սակայն, իրավիճակի խորքային դիտարկման դեպքում հարցը թերեւս չպետք է թվար այդքան բնական, որովհետեւ Հայաստանում ավելի բնական պետք է լինեին հարցադրումներն այն մասին, առնվազն այժմ՝ ռուս-ամերիկյան հարաբերության լարման արդեն գրեթե երեք տարիներից հետո, թե Հայաստանն ինչ քայլեր պետք է ձեռնարկի իր խնդիրները ամերիկա-ռուսական դիմակայության պայմաններում լուծելու, իր շահը սպասարկելու, իր անվտանգությունը սպասարկելու, իր զարգացման, համակարգային բարեփոխումների, արդիականացման ու որակական վերափոխման հարցերը լուծելու համար:
Հայաստանում սակայն արդեն երրորդ տարին շարունակ քննարկվում է այն, թե ինչ է մեզ սպասում ամերիկա-ռուսական դիմակայությունից, այդ քննարկումների խորքում ունենալով թաքուն հույս, թե այդ հարաբերությունը կկարգավորվի, եւ Հայաստանի գլխին էլ կշարունակվի թափվել արտաքին կոնյուկտուրայի երկնային մանանան, ինչպես մինչեւ 2013-14 թվականը:
Հավանաբար այդ պատճառով նաեւ Հայաստանի իշխանությունն ու մի շարք իշխանամերձ շրջանակներ, նաեւ Հայաստանում ռուսական քարոզչության արբանյակներ, գուցե ոչ այնպես, ինչպես «օրիգինալը», բայց չէին թաքցնում ոգեւորությունը Հիլարի Քլինթոնի պարտությամբ եւ Դոնալդ Թրամփի հաղթանակով: Ի վերջո, դա անհամարժեքության եւս մի խորքային վկայություն էր, քանի որ շատերին թվում էր, թե երկրպագում են ֆուտբոլային ինչ որ հանդիպում կամ «ինչ, որտեղ, երբ», եւ ոչ թե հետեւում են աշխարհի միակ գերտերության քաղաքական համակարգում տեղի ունեցող առանցքային գործընթացների:
Երեք տարի շարունակ Հայաստանը նոր համաշխարհային իրավիճակին ադապտացվելու եւ այդ իրավիճակում գործողությունների միջնաժամկետ ու երկարաժամկետ ռազմավարություններ քննարկելու փոխարեն, ընդ որում թե իշխանության, թե այսպես կոչված ընդդիմադիր քաղաքական դաշտի շրջանակում, գործնականում շարունակում է կենտրոնացած մնալ լարախաղացության սկզբունքի վրա, հաշվարկելով միայն, թե առաջիկայում որքան կարագանա լարի ճոճքը եւ որքան կկարճանա Հայաստանի ձեռքի ձողը:
Մինչդեռ, լարն այլեւս ոչ թե ավելի ուժեղ է ճոճվելու, այլ այն գործնականում կտրված է եւ Հայաստանն արդեն գետնի վրա է, որտեղ պետք է քայլել սովորել հայացքն առաջ ուղղելով, ոչ թե նայելով վերեւ՝ թե ով ինչ կգցի վերեւից:
Չի լինելու այլեւս «երկնային մանանա» եւ Հայաստանից պահանջվելու են ավելի ու ավելի հստակ, առարկայական, համարձակ եւ պատասխանատու քաղաքական որոշումներ: Ո՞վ ի վիճակի կլինի կայացնել դրանք, նա էլ կդիտարկվի Հայաստանում որպես միջազգային քաղաքականության գործընկեր: Առայժմ այդպիսի գործընկեր դիտարկվել է ու շարունակում է դիտարկվել միայն հայկական զինված ուժերը:
Քաղաքական իմաստով, իշխանությունը, մասնավորապես Սերժ Սարգսյանն է դիտարկվում անփոխարինելի, ոչ թե իր համարժեքության, այլ այդ հարցում պարզապես որեւէ սկզբունքային եւ պատասխանատու մրցակից չունենալու պատճառով, անգամ ցանկության հարցում, որովհետեւ Սերժ Սարգսյանը գոնե խոսում է արտաքին քաղաքական, միջազգային անվտանգության, տարածաշրջանային գոնե կոնկրետ ինչ որ իրողությունների եւ զարգացումների մասին: Չկա որեւէ այլ ուժ, որ դրսեւորի այդ ամենի մասին խոսելու անգամ ցանկություն:
Լավ է գոնե, որ Ռուսաստանում արգելեցին Հայաստանի վարորդական իրավունքները, թեեւ պարզ չէ, թե ինչ են խոսելու մյուս ուժերը, երբ Ռուսաստանը հանկարծ լուծի այդ հարցը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing