Այստեղ վարչապետը չի կարողանալու փոխարինել քաղաքապետին, հուսով եմ՝ հասկանում է այս բեռի ամբողջ ծանրությունը. Ռուբեն Բաբայան

52

Սեպտեմբերի 23-ին Երևանում անցկացված ավագանու արտահերթ ընտրությունները հանրության զգալի հատվածի կողմից որակվեցին որպես աննախադեպ: Ռեժիսոր, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանն, Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով քարոզարշավի և բուն ընտրությունների ընթացքին, նկատեց՝ կատարվեց ամենակարևորը՝ արդար ու ազատ ընտրություն:

«Անձամբ ես այդ առումով ինձ բավարարված եմ զգում և կարծում եմ՝ սա անպայման պետք է շարունակություն ունենա: Իսկ այն բոլոր տհաճ երևույթները, որոնք լինում էին քարոզարշավի ժամանակ, բացատրում եմ ընդհանուր կրթական և մշակութային մակարդակով, ինչպիսին, ցավոք սրտի, այսօր տիրում է մեր հանրությունում: Այնպես չի լինում չէ՞, որ պարբերաբար դժգոհենք՝ մշակույթը մշտապես դեն է նետված, կրթության վրա մեծ ուշադրություն չի դարձվում, ու դա հասարակության կողմից ընդունված արժեքային համակարգի վրա հետևանքներ չունենա: Հուսով եմ՝ այդ արժեքային համակարգը ևս կփոխվի, հակառակ դեպքում, եթե վիրավորանքը, հայհոյանքը, սպառնալիքը շարունակեն մնալ մեր կենցաղի մեջ՝ որպես միմյանց հետ շփվելու ձև, ապա մենք երբեք որևէ լավ բան չենք արձանագրի», — նշեց ռեժիսորը:

Ռուբեն Բաբայանը համամիտ է այն կարծիքին, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում սա թափանցիկ և ամենաարդար ընտրությունն էր: Ասում է՝ այս ընթացքում առաջին անգամն էր, երբ իր ընտրատարածքին մոտենալով՝ խմբեր կազմած թաղային հեղինակությունների չի տեսել, ովքեր զննում էին յուրաքանչյուր ընտրողին՝ փչացնելով իր տրամադրությունը:

«Ես այնքան միամիտ չեմ, որ մտածեմ, թե այս ընտրություններն իդեալական պետք է լինեին: Հաստատ կլինեին մարդիկ, ովքեր կցանկանային օգտագործել օրենքի սահմաններից դուրս ինչ-ինչ եղանակներ: Չեմ կարծում, որ հնարավոր է որևէ ընտրություն առանց որևէ խախտման տեղի ունենա, բայց ամենակարևորն այն է, որ խախտումները բացահայտվեն ու դրանց հետ առնչություն ունեցողները պատժվեն: Ինչպես ասում են՝ հանցանքն իսպառ բացառել հնարավոր չի, բայց յուրաքանչյուր հանցանք պետք է պատժվի», — հավելեց նա:

Ավագանու արտահերթ ընտրություններին 12 քաղաքական ուժ է մասնակցել, որի գերակշիռ մասը նույնիսկ ձայների 2 տոկոսի շեմը չի հաղթահարել. Հայկ Մարությանի գլխավորությամբ «Իմ քայլը» դաշինքը հավաքել է ընտրողների ընդհանուր թվի 81.05 տոկոսը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6.95 տոկոսը, երրորդ տեղում «Լույս» դաշինքն է՝ 4.99 տոկոսով:

Հատկանշական է, որ ընտրազանգվածը բոլորովին էլ ուժերի ներկայացրած ծրագրով չէր առաջնորդվում, նույնիսկ ավելին՝ նրանցից շատերի նախընտրական ծրագրերին այդպես էլ անհաղորդ մնացինք: Կարելի է փաստել, որ մյուս ուժերի նկատմամբ «Իմ քայլը» դաշինքի գերառավելությունը պայմանավորված էր հեղափոխական տրամադրությամբ ու Նիկոլ Փաշինյան վարչապետի անձով:

«Եթե սա միայն անձի խնդիր լիներ, վարչապետն ամեն մի հանրահավաքին չէր մասնակցի: Բնականաբար, նրա գործոնը շատ մեծ էր: Բայց պետք է հաշվի առնել, որ դա միայն նախընտրական պայքար էր, իսկ հիմա գալու է աշխատելու ժամանակը: Այստեղ վարչապետը չի կարողանալու փոխարինել քաղաքապետին: Հիմա արդեն քաղաքապետի ու իր թիմի ունակությունները, աշխատասիրությունը պետք է գան առաջին պլան: Հուսով եմ՝ նա հասկանում է այս բեռի ամբողջ ծանրությունը… Ինչ վերաբերում է ծրագրերին՝ երևի թե կային, բայց կխաբեմ, եթե ասեմ, որ ուսումնասիրել եմ այդ ծրագրերը: Քանի որ ինքս վաղուց զբաղվում եմ նաև վարչարարական գործով՝ թատրոն եմ ղեկավարում, հասկանում եմ, որ ծրագիր գրելն այնքան էլ դժվար բան չի: Դժվարն այն իրականացնելն է: Կյանքը ցույց կտա, թե ավագանիում հայտնված ուժերը որքանով ճիշտ կգործեն: Իհարկե, բոլոր խնդիրները միանգամից չեն կարող լուծել, բայց գոնե առաջնահերթություն պիտի սահմանեն ու ճանապարհներ նշեն: Հավանաբար, առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում կհասկանանք՝ հաշվարկված, իրական ծրագրե՞ր էին, թե՞ պարզապես լավ խոսքեր», — ընդգծեց մեր զրուցակիցը:

Երևան քաղաքի ավագանին կազմված է լինելու քաղաքական երեք ուժերից՝ «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն և «Լույս» դաշինք: Քաղաքապետի պարտականությունները կստանձնի Հայկ Մարությանը: Ռ. Բաբայանը խոստովանում է՝ սպասում էր, որ այս երեք ուժերի հետ ավագանի կանցնի նաև Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանի»-ն:

Հարցին՝ ի՞նչ կարծիք ունի Հայկ Մարությանի քաղաքապետ լինելու մասին, որպես երևանցի՝ ի՞նչ սպասումներ ու մտավախություններ ունի, պատասխանեց.

«Գուցե որոշակի նախագծեր իրականացնելու, տարբեր մարդկանց հետ աշխատելու փորձը նրան օգտակար լինի: Սա մի քիչ բարդ ոլորտ է, սրանում ներգրավված յուրաքանչյուր մարդ ունի որոշակի բարդույթներ, ու նրանց հետ լեզու գտնել և միավորել մի նպատակի շուրջ՝ որոշակի տաղանդ է պահանջում: Դժվար է հիմա որևէ բան ասել, կյանքը ցույց կտա՝ կկարողանա՞ այնպես համախմբել մարդկանց, որ կարողանա լուծել իր առջև ծառացած խնդիրները: Մենք մարդուն, առավելևս՝ պաշտոնյային, գնահատում ենք իր կատարած աշխատանքով՝ շատ արագ մոռանալով անձնական համակրանքն ու նրա տված խուստումները: Տա Աստված, որպեսզի նա կարողանա իր խոստումներն իրականացնել: Չի՞ կարողանա՝ էլի մեծ ողբերգություն չէ: Եթե մենք ուզում ենք դառնալ քաղաքակիրթ երկիր, մեր հիմնական խնդիրը համակարգի փոփոխությունը պետք է լինի: Եթե համակարգը դառնա դինամիկ, աշխատող ու ժամանակակից, ապա միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր կկարողանան այդ համակարգի մեջ իրենց ճիշտ տեղը գտնել»:

Մայրաքաղաքի խնդիրները բազմաթիվ են: Դիտարկմանը, թե որի՞ն պետք է տալ առաջնահերթությունը, ինչպե՞ս պետք է շտկել Երևանի դիմագիծը՝ Ռ. Բաբայանը ժպիտով ակնարկեց՝ եթե իմանար այդ հարցի պատասխանը, անձամբ կդներ իր թեկնածությունը.

«Նախ, բոլորը խոսում էին աղբահանման խնդրի մասին, ու շատ ճիշտ էին անում, քանի որ վիճակն ահավոր է: Բայց մենք երբևիցե չենք լուծի աղբահանության հարցը, եթե ինքներս չլինենք մաքրասեր: Այնպես, ինչպես երևանցիներն են պահում քաղաքը՝ քաղաքը պահել չի կարելի: Պետք է խնդիր դնել, որ Երևանը դառնա հաճելի վայր, միջավայր երևանցիների համար: Ցավոք սրտի, Երևանն այսօր բառիս բուն իմաստով նմանվում է քաղցկեղի. բոլորս էլ գիտենք, թե այդ հիվանդությունն ինչքան տարածված է այսօր, ու դա գալիս է հիմնականում կանաչ գոտիները վերացնելուց, տրանսպորտի ու սննդի չկարգավորված պրոբլեմներից, օդից և այլն: Այնպես չի լինում, որ ֆիլտր դնեն և օդը մաքրեն, սա կոմպլեքսային ծրագիր է: Կենտրոնում պետք է ընդհանրապես դադարեցնել ամեն տեսակի շինարարություն, պետք է զարկ տալ այգիների, պուրակների կառուցապատմանն ու կանաչապատմանը: Եվ ամենակարևորը՝ Երևանի պրոբլեմը չի լուծվում կոնկրետ Երևանով: Մայրաքաղաքը պետք է բեռնաթափվի: Աննորմալ երևույթ է, երբ երկուս ու կես միլիոնանոց բնակչություն ունեցող հանրապետության մեկ միլիոնը մի քաղաքում է ապրում: Առավելևս, երբ մենք պատերազմական վիճակում գտնվող երկիր ենք: Սա ազգային անվտանգության հարց է: Բայց դե մարդկանց չես կարող զոռով տեղափոխել, ուղղակի հանրապետության յուրաքանչյուր բնակավայր պետք է իր հարմարություններով չզիջի Երևանին, որպեսզի մարդիկ այդտեղ էլ հաճույքով ապրեն ու չձգտեն գալ Երևան: Ինչպես ասում են՝ երկիրը սկսվում է սահմաններից: Այն երկրներն են զարգանում, որոնք բնակավայրերի մեջ չեն դնում առաջնային և երկրորդական տեղ: Չպետք է լինեն էլիտար բնակավայրեր, դպրոցներ: Մշակութային, կրթական հասանելիություն պետք է լինի ամենուր: Ի վերջո, երբ ժամանակին Թամանյանը նախագծում էր Երևանը, այն նախատեսված էր մոտ 300 հազար բնակչի համար, ու դա ռեալ հաշվարկ էր: Ցավոք սրտի, հետագայում մենք ասիական մեթոդով գնացինք՝ ստեղծելով մեգապոլիս, որտեղ կուտակված են մշակութային խոշորագույն օջախները, բուհերը…  Երևանի պես քաղաք ղեկավարելը շատ ծանր է, հատկապես, երբ հանրապետության բնակչության գրեթե կեսը բնակվում է այստեղ: Մեր քաղաքն ունի բազմաթիվ պրոբլեմներ՝ էկոլոգիական, կրթական, մշակութային, տնտեսական… Իհարկե, քաղաքապետը կառավարությունից աջակցություն կունենա, բայց այս խնդիրն առաջնահերթ քաղաքապետի ու իր թիմի խնդիրն է լինելու»:

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչը շեշտում է՝ գլոբալ առումով երկրում համակարգային փոփոխություն դեռևս չի եղել, միայն գործող անձիք են փոխվել:

«Համենայնդեպս, այն ոլորտում, որը ես եմ ներկայացնում, ցավոք սրտի՝ հին համակարգն է գործում, որը ժանգոտված է, չի կարող աշխատել առանց կոռուպցիայի, քանի որ այդ համակարգն աշխատացնելու միակ խթանը անձնական և ֆինանսական շահագրգռվածությունն է: Մենք հաճախակի խոսում ենք համակարգը փոխելու մասին, բայց այստեղ էլ որոշակի փուլեր պետք է անցնել… Ուրիշ բան, որ ինչ-որ բաներ փոխվում են՝ վերանում է մենաշնորհը և այլն, բայց դա գլոբալ առումով համակարգի փոփոխություն չի, այլ՝ խախտւմների, հանցագործությունների վերացում: Բայց եթե նույնիսկ մենք համարենք, որ այս համակարգի մեջ բոլորն աշխատում են ազնիվ և իդեալական, մեկ է՝ համակարգն ինքը նեխած է», — Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Ռուբեն Բաբայանը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache