Լրահոս

Հրանտ Բագրատյան. Այսպես շարունակվելու դեպքում հայկական պետությունը կվերանա և կդառնա Ռուսաստանի կամ Թուրքիայի մի մասը (տեսագրություն)

 

nyfyfyjfymjgm

NEWSLine-ի «Ազատ խոսք» հաղորդաշարի հյուրն է ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Արմեն Բաղդասարյան

Պարոն Բագրատյան, Հարկային նոր օրենսգիրքը կարծես թե դժգոհության մեծ ալիք առաջացրեց Հայաստանում, և Դուք դրա հիմնական փաստարկված քննադատողներից մեկն եք: Նույնիսկ թվեր նշեցիք, որ հարկային բեռը ավելանալու է մոտ 80 մլրդ դրամով: Ու՞մ վրա է դա ծանրանալու, ի՞նչ մեխանիզմներով և ինչո՞ւ դա այսպիսի լայն դժգոհության ալիք առաջացրեց:

Հրանտ Բագրատյան

Իմ հաշվարկով հարկային բեռը կավելանա առնվազն 42 մլրդ-ով: Կառավարությունը ինձ ուղղեց և ասեց, որ կավելանա առնվազն 90 մլն-ով: Հիմա հարց՝ ո՞ւմ վրա է ավելանալու: Առաջին՝ փոքր ու միջինի վրա, որոնց շեմը 115-ից իջեցվում է 40, իսկ հարկման մակարդակը՝ մեկ տոկոսից հինգ տոկոս: Այսինքն՝ շատ ձեռնարկություններ կփակվեն: Երկրորդ՝ էլի ավելացվում է փոքր ու միջինի բեռը, որովհետև դիվիդենտ է մտցվում բաժնեմասերի վրա՝ 5 տոկոս: Այստեղ, իհարկե, նաև խոշորներն են վճարելու: Բայց Հայաստանում չկա ձեռնարկությունների կապիտալիզացիա: Կան հիմնարկներ, որոնք թաքցնելու են այդ բաժնեմասը: Այսինքն՝ կասեն, որ դիվիդենտ չի վճարվել, հիմնարկը վնաս է կրել: Օրինակ՝ «Գազպրոմ Արմենիան»: Երրորդ՝ էլի վերաբերում է փոքր ու միջինին, ասենք՝ մենք փոխում են եկամտահարկի ձևավորման կանոնները, կառավարությունն ասում է՝ մինչև 120.000 ստացողները կշահեն, 120.000-ից ավելի ստացողները կտուժեն: Մինչդեռ տուժողներն ավելի շատ կլինեն: Ո՞վ է ընկնելու մինչև 120.000-200.000 ստացողների հետևից՝ միլիարդները թողած ստվերի մեջ, որոնք 95 տոկոսով խոշորների մոտ է: Չորրորդ՝ ավելանում են ակցիզները:

Արմեն Բաղդասարյան

Ինչո՞ւ են իշխանություններն այդպես վարվում՝ կամ չեն հասկանում, կամ դիտմամբ են վարվում, կամ ուրիշ ճար չունեն:

Հրանտ Բագրատյան

Իշխանությունները հրաշալի հասկանում են: Իրենք բավականին վարպետորեն խաբում են պառլամենտին:
Կարծում եմ՝ իշխանությունները չեն ուզում տեսնել տնտեսության հարկային այնպիսի կառուցվածք, որն ընկած լինի հավասարապես բոլորի վրա: Նրանք հասկանում են, որ առաջարկվում է հարկային համակարգ, որն է՛լ ավելի անիմաստ է դարձելու անհատ ձեռնարկատիրությունը, այսպես կոչված՝ ՓՄՁ-ները: Այ սա իմ հիմնական բանավեճն էր: Աշխարհը ՓՄՁ-ներն է սարքում:

Այստեղ երևույթն ուրիշ է: Եթե տնտեսական մեխանիզմը պաշտպանում է փոքր ու միջինին, դա նշանակում է քաղաքական իշխանության մեջ պետք է լինի բազմակարծություն: Եթե տնտեսական համակարգը պահպանում է խոշորին, դա նշանակում է, որ պետք է լինի կլանային կառավարում և օլիգարխիա:

Արմեն Բաղդասարյան

Պարոն Բագրատյան, նկատել եմ, երբ ամեն անգամ Ազգային ժողովում այդպիսի քննադատություններ են հնչում, և որքան դրանք ավելի փաստարկված են լինում, քիչ է մնում դա վերածվի ձեռնամարտի, շատ ագրեսիվ են իշխանությունները: Պատճառը ո՞րն է:

Հրանտ Բագրատյան

Ե՞րբ է մարդը փորձում կռիվ անել, երբ տրամաբանական հակափաստարկ չունի: Կռիվ անելը նշանակում է, որ ինքը ընդունում է քո տրամաբանական, ինտելեկտուալ գերազանցությունը:

Արմեն Բաղդասարյան

Հարկային նոր օրենսգիրքը ընդունում են, որպեսզի դուրսը մեզ վարկե՞ր տա:

Հրանտ Բագրատյան

Դուրսն ասում է՝ ապացուցի, որ 2020 թվականին կարող ես վճարել: Մոտենում ես 50 տոկոս կրիտիկական սահմանին: Մոտենում ես նրան, ինչ տեղի ունեցավ Հունաստանի հետ: Դու ի՞նչ է՝ դեֆո՞լտ ես հայտարարելու: Այստեղ կա նաև դրսի խորամանկ քաղաքականությունը: Այսօր առաջին անգամ ԱՄՆ-ում հարց է բարձրացվել. ֆեդերալ ռեզերվ համակարգը հայտարարեց, որ հասնում է բացասական տոկոսադրույքի, այսինքն՝ ինքը բանկերին փող է տալիս՝ մինչև այս 0 տոկոսով էր տալիս, հիմա ասում է՝ վերցրու ինչքան պետք է և ավելի քիչ հետ կտաս, միայն աշխուժացրեք տնտեսությունը: Այն փողը, որ ինքը բաց է թողնում, բանկերն էլ գալիս են մեզ ասում ՝ ուզո՞ւմ ես էժան փող: Հիմա էժան վարկերի ժամանակն է, բայց դուրսը նաև մտածում է՝ տվեք էժան վարկեր Հայաստանին, Վրաստանին, Մոլդովային, բայց պահանջեք հարկերի փոփոխություն կամ բարձրացում այն հաշվով, որպեսզի նրանց տնտեսությունները առաջ չգնան: Կան նաև լավ վարկեր, բայց ես չեմ տեսնում այդ սելեկացիան: Հետևաբար դրսի այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին Արժույթի միջազգային հիմնադրամն է, ասում է՝ ապացուցի, որ դու կարող ես վերադարձնել: Մեր իշխանությունները հիմա այս փոփոխություններն անում ենք, որ մեր բյուջե 100 մլրդ դրամ գա, այսինքն՝ մենք վարկունակ ենք, դեռ մի տարի էլ մեզ պարտք տվեք:

Արմեն Բաղդասարյան

ԱՄՆ-ն դոլարը թուլացնում է: Մեզ մոտ կարծես թե հակառակն է: պետությունը ինչքան ռեսուրս ունի-չունի ծախսում է, որ դրամը կայուն պահի, բայց դե տնտեսության վրա ազդում է: Ինչո՞ւ են մեր իշխանություններն այդպես անում:

Հրանտ Բագրատյան

Սոցիալական կայունության համար, որ բունտ չլինի, որովհետև դոլարի կուրսի հետ գները կապ ունեն: Բացի այդ, իրենք վախենում են տարիֆների բարձրացումից (գազի և էլեկտրաէներգիայի): Բայց իրենք չգիտեն, որ կա քաղաքականություն, որը լուծում է երկրորդ խնդիրը և թույլ է տալիս տնտեսությունը զարգացնել: Օրինակ՝ Ռուսաստանը. նավթի գները անկում ապրեցին, ինքը կուրսը երկու անգամ բարձրացրեց, որովհետև Ռուսաստանի համար կարևոր էր զարգացումը, այլապես երկիրը կքանդվեր, և Արևմուտքը զարմացավ, կարծում էր, որ Պուտինը կսկսի ռուբլու կուրսը պահել, բայց նա չարեց դա: Մեր իշխանությունները ամեն ինչում ընդօրինակում են Ռուսաստանին, որտեղ պետք չի, բայց այս հարցում գոնե ընդօրինակեն:

Արմեն Բաղդասարյան

Անդրադառնանք ԵՏՄ-ին անդակցությանը: Հնարավո՞ր է տեսականորեն ինչ-որ մի պահի Հայաստանի արտաքին պարտքը փոխանցվի ԵՏՄ-ին:

Հրանտ Բագրատյան

Հնարավոր է, իհարկե: Երբ Հայաստանը կունենա դեֆոլտ, ասնեք՝ 2020 թվականին: Ռուսաստանն ասի՝ ես ձեզ օգնության ձեռք եմ մեկնում, ինչպես ժամանակին օգնության ձեռք մեկնեց Հունաստանին: Հունաստանը դա բնութագրեց որպես երկաթյա գրկախառնություն և հրաժարվեց դրանից: Որովհետև եթե մենք այսպես ենք շարունակելու, բոլորս հասկանանք, որ այսպես չի կարող պետությունը կառավարվել: Այն կդադարի գոյություն ունենալ երբևիցե՝ հինգ, վեց, երեք, տասներեք տարի հետո: Եվ երբ հայկական պետությունը կվերանա, այն պետք է լինի կամ Ռուսաստանի, կամ Թուրքիայի մի մասը: Ուրիշ տարբերակ չկա, ինքը չի կարող լինել Վրաստանի մի մասը: Բայց մենք սրան գիտակցված տանում ենք մեր այս վերաբերմունքով, մեր չաշխատելով, ամբողջ պետական համակարգը այդ ձև չի կարող աշխատել, այդ արդյունավետությունը երեքից չորս անգամ պակաս է, քան պետք է: Հասկանո՞ւմ եք: Սա պետք է գիտակցել:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing