Ազդանշան՝ Մոսկվայից. Փաշինյանի պլանը չի իրականանա

502

Norlur.am — Զոհրաբ Մնացականյանի՝ Մոսկվա կատարելիք առաջիկա այցի նախօրեին (այցը նախատեսված է հունիսի 7-ին) բավական ուշագրավ ազդակներ են ստացվել Մոսկվայից՝ կապված ինչպես հայ-ռուսական հարաբերությունների հետ՝ ընդհանրապես, այնպես էլ՝ արցախյան հակամարտության հետ՝մասնավորապես:

Ռուսական պետական պրոպագանդայի  անքակտելի մասնիկ համարվող Մաքսիմ Շևչենկոն «Էխո Մոսկվի»-ի երթերում հանդս է եկել բացահայտ հակահայկական հայտարարությամբ՝ հայտարարելով, թե իբր հայերն են պատճառը ռուս-վրացական հարաբերություններում ներկայումս նկատվող խութերի: «Փաշինյանի՝  վարչապետ դառնալով՝ Հայաստանում իշխանության են եկել ուժեր, որոնք ավելի շատ վերահսկվում են Վաշինգտոնից, քան թե Ռուսաստանից»,-հայտարարել է Շևչենկոն՝ այդպիսով բացահայտելով իր հակահայկական հայացքների բուն պատճառը:

Նույն օրն արդեն ՌԴ արտգործնախարարությունից պաշտոնական մակարդակով ստացվել է Մոսկվայի արձագանքը՝ կապված Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու հետ: «Արցախյան հակամարտության վերաբերյալ ամպագոռգոռ ցանկացած հայտարարություն, որը ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից նախանշված ռելսերի սահմաններում չէ, ըստ ամենայնի, ապակառուցողական է»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության դեպարտամենտի տնօրեն Արտյոմ Կոժինը` պատասխանելով լրագրողի հարցին, թե Փաշինյանի համապատասխան հայտարարությունը որքանով է բարդացնում կարգավորման գործընթացը, որքանով՝ ոչ:

Պետք է նկատել, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական արձագանքը Փաշինյանի հայտարարություններին  հարյուր ութսուն աստիճանով հակառակ է ռուս հայտնի դիվանագետ Կազիմիրովի՝ միառժամանակ առաջ Երևանում  կատարած հայտարարությանը. ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի Դաշնության նախագահի նախկին ներկայացուցիչ, 1992-1996թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Կազիմիրովը  հայտարարել էր, թե Արցախը պետք է բանակցությունների սուբյեկտ լինի՝ այդպիսով, ըստ էության, փորձելով հայաստանյան հանրությանը հասցնել Կրեմլի համապատասխան դիրքրոշումը, որ, պետք է արձանագրել, բավական հայամետ էր:

Հիմա, սակայն, այս անգամ արդեն պաշտոնական Մոսկվան հայտարարում է, որ Փաշինյանի առաջարկը միմիայն կարող է վնասել բանակցային պրոցեսին՝ խնդրի կարգավորումը փակուղի մտցնելով: Ավելին՝ դրան զուգահեռ պրոպագանդան է կրկին սկսել «բոչկա գլորել» Փաշինյանի ուղղությամբ, ինչը չի կարող որոշակի բաների մասին չվկայել՝ ոչ հայանպաստ բաների:

Առաջին հերթին հարկ է  հասկանալ, թե ինչն է ստիպել Կրեմլին կոշտացնել սեփական դիրքորոշումը: Թրամփի՝ Ալիևին ուղղված նամա՞կն է պատճառը, Հայաստանում ընթացող հակակոռուպցիոն միջոցառումների արդյունքում ռուսական շահերի ակամա ոտնահարո՞ւմը, թե՞  այսկերպ Մոսկվան վերջապես փորձում է քողազերծել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության նկատմամբ իր ունեցած իրական վերաբերմունքն ու, այսպես  ասած, սթափեցնել հեղափոխական իշխանություններին, վերադարձնել նրանց իրականություն:

Իրականում գրեթե կասկած չկա, որ վերոհիշյալ բոլոր գործոններն էլ կարող են պատճառ հանդիսանալ Մոսկվայի նմանօրինակ ձևավորման համար՝ ինչպես առանձին, այնպես էլ միասին վերցրած:

Եթե դիտարկենք վերջին շրջանում Թրամփ-Ալիև սիրախաղի՝ Մոսկվայում իշխող տրամադրությունների վրա ունեցած ազդեցության տարբերակն, ապա կարող ենք արձանագրել, որ այդ սիրախաղն, իսկապես, որևիցե կերպ չէր կարող խանդի տեղիք չտալ Կրեմլում: Պետք է հասկանալ, որ Ադրբեջանն այսօր աշխարհաքաղաքական տեսանկյունից թե՛ Արևմուտքի ու թե՛ ՌԴ համար չափից դուրս կարևոր երկիր է, որպեսզի թե՛ մեկը, թե՛ մյուսն իրենց թույլ տան առհամարհական վերաբերմունք ցուցաբերել Բաքվի նկատմամ: Մոսկվան հասկացել է, որ չափից դուրս հայամետ դիրքորոշումը դեպի ոչ մի տեղ տանող ճանապարհ կարող է լինել, հետևաբար՝ որոշել է դեռ չշտապել Արցախը բանակցույուների սեղան վերադարձնելու մտքի գոնե տեսական պաշտպանությամբ հանդես գալու գործում՝ մանավանդ որ Բաքուն հասցրել է ի լուր աշխարհի հայտարարել, որ նման բան չի հանդուրժի: Իսկ նեղացնել Բաքվին մի պարագայում, երբ Վաշինգտոնի կողմից նկատվում են հստակ քայլեր՝ բարելավելու Ալիևի հետ ունեցած հարաբերություները, Մոկսվայում մեծագույն ցանկության դեպքում անգամ չեն կարող:

Հաջորդ հավանական գործոնն, ինչպես նշվեց, կարող է լինել Հայաստանում ընթացող հակակոռուպցիոն միջոցառումների արդյունքում ռուսական շահերի ոտնահարման   փաստը:  Ընդ որում՝ կարևոր է այստեղ հասկանալ, որ խոսքը միայն ռուսական կապիտալով ընկերությունների ու դրանց սեփականատերերի ճակատագրի մասին չէ, այլ այն լծակների չեզոքցման, որ կարող է իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումների անխուսափելի հետևանք դառնալ. օլիգարխիկ համակարգը վերջին 20 տարիներին անուրանալի ծառայություններ է մատուցել Կրեմլին Հայաստանում ռուսական շահերի սպասարկման հարցում, ու հիմա այդ համակարգի փլուզումը սպառնում է էապես թուլացել ՌԴ ազդեցության լծակները:

Եվ վերջապես բոլորովին չի բացառվում, որ Կրեմլի համբերությունն այլևս սպառվել է, ու Մոսկվայում որոշել են հայաստանյան նոր իշխանություններին հասկացնել՝ մտադիր չեն այլևս ձևացնել, թե իբր իրենց ոչինչ չի անհանգստացնում. հեղափոխական իշխանությունների կողմից  որոշակի իրողությունների անտեսման պարագայում Կրեմլն անմիջապես հակաքայլեր կձեռնարկի՝ Փաշինյանին վերադարձնելու իրականություն:

Չի բացառվում, սակայն, ևս մեկ կարևոր գործոն, որ կարող էր խթան հանդիսանալ Մոսկվայի այսօրինակ դիրքորոշման. Արցախում այժմ ծավալվող գործընթացների մասին է խոսքը: Բանն այն է, որ Արցախի ներկայիս իշխանությունները՝ Բակո Սահակյանի գլխավորւթյամբ, բազմաթիվ տեսանելի ու անտեսանելի թելերով  կապված են Ռուսաստանի հետ՝ հանդիսանալով յուրատեսակ երաշխիք՝ Արցախի նկատմամբ Մոսկվայի ունեցած ազդեցության պահպանման: Հիմա, փաստորեն, եթե հեղափոխությունը հայաստանյան նոր իշխանությունների անուղղակի աջակցությամբ հասնի Արցախ, ապա դրանով Մոսկվայի շահերին էական հարված կհասցվի, ինչը, բնականաբար, Կրեմլում չեն կարող հանդուրժել, ու բոլորովին չի բացառվում, որ ՀՀ նոր արտգործնախարարի  առաջիկա այցելության շրջանակներում Մոսկվան Հայաստանի առաջ բարձրացնի նաև Արցախի ներքաղաքական կյանքին առնչվող խնդիրը:

Բոլոր դեպքերում անվիճելի է, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, պայմանավորված ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությամբ կամ հեղափոխությամբ, այսպես թե այնպես առաջիկայում վերանայվելու են, ու Կրեմլն, առնվազն ելնելով սեփական աշխարհաքաղաքական շահերից, փորձելու է այդ հարաբերություններում դիրքավորվել այնպես, որ մի կոմղից՝ կարողանա պահպանել իր ավանդական ազդեցությունը ՀՀ-ի վրա, մյուս կողմից՝  նորմալ հարաբերություններ կառուցել հեղափոխական իշխանությունների հետ՝ խնդիր, որը, բավական դժվար լուծելի է լինելու Ռուսաստանի համար:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache