Լրահոս

Ազգային անվտանգության կռվախնձորը. Ուր է «շանտղության» արմատը

 

Հայաստանում չի հանդարտվում վաճառքում ադրբեջանական խնձորի հայտնվելու աղմուկը: Այն սկսվեց սոցցանցերում հայտնված լուսանկարից եւ ներկայում դարձել է հանրային հնչեղության խնդիր: Խնդիր, որի վերաբերյալ արդեն մի քանի օր պետական ամբողջ ապարատը չի կարողանում տալ որեւէ սպառիչ պատասխան:Խնդիրն իհարկե բազմաշերտ է:

Նախ, հարցն այն է, թե արդյոք խնձորն անվտանգ է սննդամթերքի անվտանգության չափանիշների, սպառողի առողջության տեսանկյունից: Եթե անվտանգ չէ, ապա որեւէ կապ չունի՝ ադրբեջանական է այն, թե այլ երկրից ներմուծված: Անվտանգ խնձորը պետք է չհատի Հայաստանի սահմանը, իսկ հատման կամ մաքսանենգության դեպքում պետք է լինի քրեական պատասխանատվություն:Ադրբեջանական խնձորի անվտանգության վերաբերյալ այս օրերին հնչող մեկնաբանություններն ու գնահատականները տարբեր են: Միեւնույն ժամանակ, հստակ չէ՝ անվտանգության հետ կապված մտահոգությունները միայն ա՞յդ ներկրված խնձորին են առնչվում, թե՞ ընդհանրապես տարածված են ներկրվող այլ պտուղ-բանջարեղենի դեպքում:Բայց հարցը դիտարկվում է լոկ «ադրբեջանականի» համատեքստում, ինչը հասկանալիորեն առաջացնում է էական զգայականություն եւ կանխակալություն:

Այդ մասով, արդյոք չկա նաեւ ռացիոնալության հիմք: Ի վերջո, տարօրինակ, կամ միայն զգայական կանխակալություն է ադրբեջանական խնձորի եւ ընդհանրապես ապրանքի հանդեպ վերաբերմունքը, ուշադրությունը: Անվտանգության պահանջները պետք է  հստակ լինեն անխտիր բոլոր ներկրումների հանդեպ: Բայց ամենեւին էլ լոկ զգայական չէ ադրբեջանական ապրանքի հանդեպ վերաբերմունքը, քանի որ Ադրբեջանը Հայաստանին փաստացի պատերազմ հայտարարած եւ պաշտոնական մակարդակում հայատյացություն քարոզող պետություն է:Դա առանձնահատուկ վիճակ է:

Մեղմ ասած այդքան էլ շատ չեն պետությունները, որ Հայաստանին փաստացի պատերազմ են հայտարարել եւ քարոզում են հայատյացություն պետության Առաջին դեմքի մակարդակով: Հետեւաբար, եթե գործ ունենք Հայաստանի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք եւ վարք ունեցող պետության հետ, ապա ոչ միայն իռացիոնալ չէ, այլ միանգամայն ռացիոնալ է առանձնահատուկ վերաբերմունքն ու ուշադրությունն այդ երկրից արվող որեւէ ներկրման կապակցությամբ:

Ըստ այդմ, բացարձակապես չկա «Պապից ավելի կաթոլիկ» լինելու խնդիր՝ Հայաստանի հանդեպ բացասական իմաստով առանձնահատուկ վերաբերմունք ունեցող պետությունից որեւէ ապրանքի ներկրում պահանջում է թե պետական, թե հանրային առանձնահատուկ վերաբերմունք: Դա զգայականություն չէ, բարդույթ չէ, նեղմտություն չէ, այլ անվտանգության կանոն եւ ինչ որ տեղ անգամ ինքնապաշտպանական բնազդ: Հատկապես 21-րդ դարում, երբ անվտանգության խնդիրները ունեն տարատեսակ դրսեւորման համեմատաբար մատչելի ձեւեր:Նշանակու՞մ է դա արդյոք, որ անկախ անվտանգության կամ վտանգավորության հանգամանքից, պետք է արգելվի Ադրբեջանից որեւէ ապրանքի եւ սննդամթերքի ներկրում:Դա իհարկե բավական նուրբ հարց է եւ կրկին՝ նեղմտության կամ ազգային բարդույթի տիրույթում չէ, թեեւ իհարկե չի կարող չունենալ նաեւ այդ տիրույթում գտնվող դրսեւորեւումներ:

Տնտեսական գործակցությունը մեխանիզմ է, որն ունակ է անգամ դառնալ քաղաքական բարդ խնդիրների կարգավորման ճանապարհ: Ավելին, Հայաստանը դեռեւս մեկուկես տասնամյակ առաջ այդ ճանապարհն է առաջարկել միջազգային հանրությանը՝ որպես հայ-ադրբեջանական խնդրի եւ Կովկասում կայունության հեռանկարի գործիք. շրջանցել քաղաքական խնդիրներն ու անցնել տնտեսական հնարավոր գործակցության, դրա միջոցով գալով փոխադարձ հարաբերության տարբերակի եւ հանդուրժողության ու վստահության մթնոլորտի ձեւավորման:Ադրբեջանը մերժում է դա, հասկանալի պատճառով, ինչ տրամաբանությամբ որ մերժում է հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրումը:
Բաքուն դա համարում է ստատուս-քվոյի ամրագրման փորձ:Այդ իրավիճակում տնտեսական բնականոն գործակցությունը չի կարող լինել այսպես ասած բնականոն տնտեսական հարաբերության տրամաբանության շրջանակում: Հետեւաբար, այդ առումով էլ պահանջվում է առանձնահատուկ վերաբերմունք:Այդուամենայնիվ, առաջնային եւ գլխավոր հարցը Հայաստանի քաղաքացու անվտանգությունն է. վտանգե՞լ է ադրբեջանական խնձորի ներկրումն այն, թե՞ ոչ:«Ուղղակի դա «շանտղություն է», որ մենք թույլ ենք տալիս կամ չենք հետեւում՝ մեր երեխան, մեր հարսը, մեր աղջիկն ինչ են ուտում», ամիսներ առաջ հայտարարում էր վարչապետ Կարապետյանը սննդի անվտանգության թեմայով խորհրդակցությանը, երբ նշանակվել էր այդ ծառայության նոր պետ:
Շանտղությունն իրավական կատեգորիա է, թե ոչ, բայց ներկայում առկա է եւ պահանջում է հստակ պատասխաններ, որոնք չկան: Իսկ այդ պատասխանների բացակայությունն արդեն ոչ թե շանտղության, այլ ազգային անվտանգության սպառնալիքի վկայություն է՝ եթե պետությունը արդեն մի քանի օր չի կարողանում իր քաղաքացուն պատասխանել, թե ով, երբ, որտեղից է ներկրել Հայաստան ադրբեջանական խնձորը, ինչ խմբաքանակով, ինչպես:Եթե կարող է տեղի ունենալ խնձորի «խորհրդավոր» ներկրում Հայաստան, որի վերաբերյալ պետական կառույցները չունեն սպառիչ պատասխան արդեն մի քանի օր, ապա ի՞նչ ավելի վտանգավոր ներթափանցումներ կամ ներկրումներ կարող են տեղի ունենալ՝ ոչ միայն պտուղ-բանջարեղենի տիրույթում:
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing