ԱԺ արտահերթ ընտրություններն անխուսափելի են

93

Օրերս Աժ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ իր համար Բաբլոյան-Փաշինյան հանդիպումը կարեւոր էր ոչ թե ընտրությունների մասին երկխոսությամբ, այլ նրանով, որ ի ցույց դրվեց. «ԱԺ-ն վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության կցորդը չէ: Օրենսդիր մարմինն իշխանության առանձին ճյուղ է»։

Տեսականորեն պարոն Շարմազանովն, իհարկե, ճիշտ է, սակայն գործնականում իրավիճակն այլ է։ Պարզ է, որ խորհրդարանական կառավարման մոդել ունեցող երկրում, որտեղ ԱԺ-ն բարձրագույն օրենսդիր մարմինն է, փոխխոսնակի նման հարցադրումն արդեն իսկ տարօրինակ է։ Այսինքն՝ ստացվում է, որ խորհրդարանի՝ կառավարության կցորդ լինելը հերքման կարիք ունի։

Ապրիլ-մայիսին տեղի ունեցած իրադարձությունները ճիշտ հակառակն են ցույց տալիս. Հանրապետության հրապարակը ստիպեց, որ խորհրդարանում երեք պատգամավոր ունեցող կուսակցության ներկայացուցչն ընտրվի (իսկ իրականում՝ նշանակվի) վարչապետ: Ավելին՝ մինչեւ հիմա էլ հրապարակից զգացած վախը իր որոշիչ ազդեցություն ունի ԱԺ-ում կատարվող քվեարկությունների վրա։

Սա փաստ է, որից պետք է քաղաքական հետեւություններ անել, որոնք կարող են այսպիսին լինել․

1․ Գործող խորհրդարանը չունի հանրային վստահություն, ինչն ընտրությունների ինստիտուտի հանդեպ երկու տասնամյակից ավելի Հայաստանի քաղաքական համակարգի աքիլեսյան գարշապարն է.
2. Վարչապետն ընտրվել է հրապարակում եւ, որպես դրա արգասիք, հաշվետու է հրապարակին.
3. Հայաստանի քաղաքական ուժերը՝ այդ թվում ընդդիմադիր եւ, որքան էլ տարօրինակ հնչի, նույնիսկ «Ելք» խմբակցության կուսակցությունները, նմանապես չունեն հանրային վստահություն, կամ այդ վստահությունը խիստ սահմանափակ է: Չէ՞ որ հրապարակը վարչապետ է ընտրել, այլ ոչ թե որեւէ կուսակցություն կամ կառավարության կազմ։ Դա անձնավորված ընտրություն է եղել:

ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ելք»-ի կուսակցությունները՝ այդ թվում «Քաղաքացիական պայմանագիր»-ը, ինչպես նաեւ իրենց աստեղային ժամին սպասող հին ու նոր ստեղծվող կուսակցությունները, իրենց հերթին, պետք է եզրակացություններ անեն նոր քաղաքական դաշտ ձեւավորելու համար։ Իսկ եզրակացությունները կարող են մոտավորապես հետեւյալը լինել.

ա) Նիկոլ Փաշինյանն ընդամենը արտահայտել է կուսակցությունների եւ խորհրդարանի հանդեպ եղած հանրային անվստահությունը: Նրա փոխարեն այդ դերը կարող էր կատարել ցանկացած անձ, եթե անհատապես ունենար հանրային վստահություն եւ ցուցաբերեր վճռականություն.
բ) Ապագայում՝ մինչեւ ընտրությունները, կառավարության ու վարչապետի հանդեպ հանրային վստահության հնարավոր սպառման դեպքում գործող խորհրդարանը, միեւնույն է,  չի կարողանալու վերականգնել իր ազդեցությունը եւ ձեւավորել նոր կառավարություն՝ առանց հաշվի առնելու հանրային կարծիքը։

Այն հույսը, թե եկող գարնանը կառավարության տապալման դեպքում խորհրդարանն ի զորու կլինի բնականոն շարունակել իր աշխատանքները, սին է։ ԱԺ արտահերթ ընտրություններն անխուսափելի են, սակայն մինչ այդ կուսակցությունները պետք է կարողանան հանդես գալ շատ հստակ օրակարգերով, որովհետեւ գարնանը հանրությունն ընտրելու է ոչ թե անձերի, այլ՝ երկրի զարգացման ուղի։ Մամուլի եւ սոցցանցերի քննարկումները ցույց են տալիս, որ «հերոսների» ու «փրկիչների» ժամանակներն անցնում են։ Նիկոլ Փաշինյանը, թերեւս, վերջին «փրկիչն» է, եւ գարնանը հանրությունն իր ընտրությունը կատարելու է հօգուտ զարգացման ուղու։

Ընտրությունների օրինական լինելն ընդամենը տեխնիկական պահանջ է, ավելի խնդրահարույցը կուսակցությունների կողմից առաջարկվելիք օրակարգերի բովանդակային մասն է:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache