ԱԺ-ն իրավունք ունի՞ ստեղծել քննիչ հանձնաժողով գաղտնալսման փաստով. Բանավեճ ՀՀԿ-ի ու Ելքի միջեւ

53

Ազգային ժողովը Քննիչ հանձնաժողով չի կարող ստեղծել ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գատղտնալսման հարցով, քանի որ գործով նախաքննություն է ընթանում: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ ԱԺ կանոնակարգ օրենքով սամանափակում կա:

«Ուղղակի ես զարմացած եմ, որ այդ սահմանափակումը վրիպել է ձեր աչքից: Սահմանափակման մեջ հստակ նշված է, որ չի կարող Քննիչ հանձնաժողով ստեղծվել, եթե նախաքննություն է  ընթանում: Երկու ուղղությամբ նախաքննություն  է ընթանում, կա պաշտոնական տեղեկություն, որ երկու դեպքով էլ քրեական գործեր են հարուցված՝ և գաղտնալսման, և քրեական գործին հնարավոր միջամտության առիթով: Դրա համար ԱԺ-ն չի կարող ստեղծել այդպիսի հանձնաժողով»,- ասաց Մարուքյանը:

Քննիչ հանձնաժողովի ստեղծման հարցով զեկուցող ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանն ասաց, որ Էդմոն Մարուքյանը ճիշտ է, նման հանգամանքը չէր կարող իրենց աչքից վրիպել: «Այո, խոսքը ԱԺ կանոնակարգ օրենքի 23-րդ հոդվածի մասին է, և խնդիրը վերաբերում է նրան, որ, այո, կոնկրետ փաստերի հետ կապված հարուցվել է քրեական գործ: Երկու նկատառում՝ առաջինը, կոնկրետ քրեական գործերի մասին չէ խոսքը կամ կոնկրետ հանգամանքների: Ես ընդհանրացրեցի և ասացի, որ սա մեզ բերում է այն եզրահանգման, որ եթե ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնիության սկզբունքը խախտվել է, ապա դա առնվազն հիմնավոր կասկածի տեղիք է տալիս ցանկացած քաղաքացու համար՝ արդյոք իր հեռախոսային խոսակցության գաղտնիությունը պատշաճ երաշխավորված է»,- մանրամասնեց Կոստանյանը:

Նրա խոսքով՝ եթե տեքստի ձևակերպումը խնդիր է, իրենք կարող են փոխել: Ըստ նրա՝ խոսքը չի վերաբերում կոնկրետ հանգամանքներին, այլ այս ձայնագրությունները հիմք են հանդիսանում, որպեսի հարցը գլոբալ քննարկման առարկա դառնա:

Էդմոն Մարուքյանը կրկնեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքով այս փուլում ԱԺ-ն իրավունք չունի այս գործով Քննիչ հանձնաժողով ստեղծել:

Ելք խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն էլ դիմեց Գևոգ Կոստանյանին. «Պարոն Կոստանյան, դուք իրավաբանականում դաս եք տալիս, եթե ձեր ուսանողը ձեզ այսպես պատասխաներ, պետք է երկուս նշանակեիք, ուղարկեիք տուն»:

Նա ասաց, որ ուզում են գործի անունը դնել տանձ, թե խնձոր, նույն գործն են քննարկում, որի մասով երկու քրեական գործ է հարուցված, հետևաբար ԱԺ կանանոկարգ օրենքով խորհրդարանն այս հարցով Քննիչ հանձնաժողով ստեղծելու իրավունք չունի:

Գևորգ Կոստնայանը վրդովվեց. «Պարոն Սիմոնյան, իմ դասախոսական գործունեության վերաբերյալ ձեր գնահատականները դուք չեք կարող տալ, որովհետև դժբախտաբար ես ձեզ դաս չեմ տվել: Եթե ես ձեզ դաս տված լինեի, դուք նման ձևով չէիք վերաբերի Քրեական օրենսգրքին ու ԱԺ կանոնակարգ օրենքին»:

Կոստանյանը կրկնեց, որ այն հանգամանքները, որոնցով քրեական գործ է հարուցված, այդ հանգամանքները հանձնաժողովի քննության առարկա չեն կարող հանդիսանալ: Դրա համար այդ հանգամանքները հիմք են հանդիսացել, որպեսզի, նրա խոսքով, խորհրդարանը քննարկման առարկա դարձնի հարցը՝ արդյոք մեր երկրում նամակագրության, հեռախոսային խոսակցությունների գաղտնիության և արդար դատաքննության իրավունքը պաշտպանված է, թե ոչ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache